Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար, միլիարդատեր Մյուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, Գուրբանօղլուն հեռախոսային կապի մեջ է եղել գյուլենական շարժման բարձրաստիճան ղեկավարության հետ, աշխատավայրում հանդիպումներ ունեցել կազմակերպության անդամ, Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող իմամ Ահմեդ Համդի Վուրալի հետ։
Նշենք, որ Մանսիմով Գուրբանօղլուն «Palmali Group»-ի սեփականատերն է: 2014 թվականին նա ընդգրկվել է Թուրքիայի ամենահարուստ գործարարների տասնյակում։ 2015-ին «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով։
Մանսիմովը մեղադրվում է նաև 21.2 մլն դոլար Էրդողանի ընտանիքին փոխանցելու, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապերի մեջ, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն: