Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը մարտի 16-ին կստանա փորձառական չափաբաժինը, հաղորդել է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը:
Փորձարկումները կիրականացվեն Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում․ 45 երիտասարդ, առողջ կամավոր կստանա պատվաստանյութի տարբեր չափաբաժին, որը մշակել են ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) և Moderna Inc ընկերությունը:
«Փորձարկման մասնակիցների վարակման հավանականությունը բացառված է, քանի որ նմուշները չեն պարունակում վիրուս: Թեստի խնդիրն է համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի բարդություններ չունեն, որից հետո հնարավոր կլինի անցնել լայնածավալ փարձարկումների», – նշել է գործակալության աղբյուրը:
Առողջապահության ոլորտի աղբյուրները նշում են, որ հավանական պատվաստանյութի ամբողջական կիրառումը կտևի 12-18 ամիս: