Պեկին ժամանող բոլոր ուղևորները, նույնիսկ հիվանդության ախտանշանների բացակայության դեպքում, պարտադիր կենտրոնացված կարանտին են անցնելու իրենց հաշվին, հայտարարել է Պեկինի կառավարության քարտուղարի տեղակալ Չեն Բեյը:
«Մարտի 16-ից արտերկրից ժամանող բոլոր ուղևորները կտեղափոխվեն կենտրոնացված կարանտինային հատուկ վայրեր: Կարանտինի ընթացքում բոլոր ծախսերը կկատարվեն իրենց հաշվին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեն Բեյը:
Նա հավելել է, որ հատուկ դեպքերում, լիարժեք բժշկական զննումից հետո, իշխանությունները կարող են թույլատրել կարանտինն անցնել տնային պայմաններում:
Կիրակի օրվանից Պեկին ժամանող բոլոր միջազգային չվերթները սպասարկվելու են «Շոուդու» միջազգային օդանավակայանի հատուկ T3-D գոտում: