Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստի ընթացքում խորհուրդ է տվել քաղաքացիներին պաշտպանվել վիրուսներից հին ժողովրդական մեթոդով՝ հարմալի (սպանդի) ծխով:
Երկրի ղեկավարը նշել է, որ հազարամյակներ շարունակ թուրքմենների նախնիները ստեղծել են ժողովրդական մեթոդներ՝ վատ սովորությունների դեմ պայքարի և տարբեր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: «Մեր իմաստուն նախնիները հետևում էին ավանդույթին. կարևոր իրադարձությունների ժամանակ սուրբ բույս համարվող սպանդ էին ծխեցնում», -նշել է նա:
Բերդիմուհամեդովը շեշտել է, որ այժմ սպանդ ծխեցնելու ավանդույթը շարունակվում է: Նրա խոսքով՝ այդ բույսի ծուխը կանխում է տարբեր վիրուսների ներթափանցումը մարդու մարմին:
Ի դեպ, տվյալ պահին Թուրքմենստանում կորոնավիրուսի վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: