Սինգապուրցի մոլեկուլային կենսաբաններն առաջին խոշոր փոփոխությունն են գտել նոր տիպի կորոնավիրուսի (SARS-CoV-2) համագենում: Առաջին նմուշների համեմատությամբ դրանից անհետացել է 382 «տառի»՝ նուկլեոտիդի երկարությամբ ֆրագմենտը: Դա վկայում է այն մասին, որ այդ վիրուսի համագենը նվազ կայուն է, քան ավելի վաղ համարվում էր: Իրենց հայտնագործությունը գիտնականները նկարագրել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի համար հոդվածում:
«Մինչ այժմ գիտնականները SARS-CoV-2 համագենը համարում էին ավելի կայուն, քան MERS մերձավորարեւելյան տենդի եւ SARS ոչ տիպական թոքաբորբի հարուցիչների մոտ: Մենք հայտնագործեցինք առաջին խոշոր փոփոխությունը. ORF8 գենի հարեւանությամբ հատվածի գրեթե լրիվ հեռացումը: Մենք ենթադրում ենք, որ դրա շնորհիվ հայտնվել է SARS-CoV-2-ի սակավ ակտիվ ձեւը»,- գրում են գիտնականները: Սինգապուրի ազգային համալսարանի կենսաբանները եւ բժիշկներն այդ եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով վիրուսների նմուշներն այն արտաթորություններից, որոնք հավաքվել էին Սինգապուրի կլինիկաների՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներից:
Այդ անալիզն անսպասելիորեն ցույց է տվել, որ շատ հիվանդների մոտ եղել է վիրուսի նոր ձեւ, որի համագենում ավելի վաղ հանդիպած տարբերակների համեմատությամբ չի եղել գրեթե չորս հարյուր նուկլեոտիդների երկարությամբ հատվածը: Այդ փոփոխությունների ստույգ հետեւանքները գիտնականները դեռ պետք է պարզեն, սակայն մասնագետները ենթադրում են, որ նման վերափոխումը կարող էր SARS-CoV-2-ը դարձնել սակավ նկատելի իմունիտետի համար եւ դրան օգնել ադապտացվելու մարդու բջիջների մեջ ապրելուն: Դրա շնորհիվ, հնարավոր է, կորոնավիրուսը սկսել է ավելի արագորեն տարածվել դրա դեմ ակտիվ պայքարի պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: