«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
-Անդրադառնանք կորոնավիրուսի հնարավոր ազդեցությանը մեր երկրի տնտեսության վրա, արդեն հնչում են գնահատականներ տնտեսության տարբեր ճյուղերի վրա հնարավոր ազդեցության մասին: Ի՞նչ է կատարվում մաքսակետերում, ունե՞ք տեղեկատվություն:
-Բնականաբար ունենք, որովհետև սահմանային վերահսկողության առումով սահմանապահները և պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը անմիջականորեն առնչվում են թե՛ բեռնափոխադրումների, թե՛ ուղևորների հոսքի հետ: Մենք հարավային սահմանում ունենք մեկ անցակետ՝ Մեղրիի անցակետը, որն այս պահի դրությամբ, կարելի է ասել, փակ է, քանի որ մեր կառավարությունը որոշում ընդունեց և ժամանակավորապես դադարեցվեցին բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները որոշակի բացառություններով՝ կապված մեր հայրենակիցների վերադարձի և Իրանի քաղաքացիների՝ դեպի Իրան վերադարձի հետ:
–Այսինքն՝ բեռներ է՞լ չենք ստանում:
-Այս պահին բեռներ ո՛չ ստանում ենք, ո՛չ էլ տանում ենք: Մենք մի պահ փորձեցինք առողջապահության և ոստիկանության տեսչական մամինների մեր գործընկերների անմիջական հսկողությամբ Արմաշի մաքսային պահեստում իրականացնել մաքսային ձևակերպումները, այնտեղից բեռները փոխադրել հայկական բեռնատարների մեջ և Իրան վերադարձնել Իրանի քաղաքացիներին և բեռնատարները, սակայն հոսքն այնքան շատ էր և մաքսային պահեստի մեր հնարավորությունը այնքան էլ մեծ չէր, նաև վարքագծային անկառավարելի իրավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, և մենք ստիպված որոշում կայացրինք ընդհանարպես դադարեցնել բեռնափոխադրումները: Ես նախորդ շաբաթվա իրավիճակն եմ նկարագրում: Այս շաբաթ՝ երկուշաբթի օրը, Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ եղավ՝ փոխվարչապետ Տ. Ավինյանի գլխավորությամբ, և հանձնարարական եղավ, որ Իրանի գործընկերների հետ բանակցենք, խորհրդակցենք և բեռների որոշակի խմբաքանակ ձեռք բերենք, բեռանփոխադրումներ սկսենք: Խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է… Որոշակի փոխօգնության անհրաժեշտություն կա: Պայմանավորվածությունները հասնում են ավարտին…
-Ինչպիսի՞ն է իրավիճակը հյուսիսային սահմանում:
-Հյուսիսային սահմանում իրավիճակը շատ ավելի լավ է, բեռնափոխադրումները նույն ռեժիմով ընթանում են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: