ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իրեն խոստացել էր ուժ չկիրառել Հարավային Օսիայում և Աբխազիայում, բայց չէր պահել իր խոսքը: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում:
ՌԴ ղեկավարը նշել է, որ Սահակաշվիլիի հետ բազմիցս քննարկել են այդ հարցը՝ նրա նախագահության օրոք (2004-2013 թթ.):
Պուտինը նշել է, որ իր այն ժամանակվա գործընկերոջը խնդրել է «ոչ մի դեպքում չփորձել ուժի կիրառմամբ լուծել Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները», և Սահակաշվիլին խոստացել էր «երբեք նման բան չանել», բայց նա այդպես էլ չէր պահել իր խոսքը:
«Արեց՝ ստացավ», ասել է Պուտինը:
Ըստ Ռուսաստանի ղեկավարի, Վրաստանը ներկայումս փորձում է «մի կողմ ցատկել» Մոսկվայից: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանը դրա հետ կապ չունի:
«Թող շնորհակալություն հայտնեն Միխայիլ Նիկոլաևիչին»,- ամփոփել է Պուտինը: