Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության հանդիպմանը Վլադիմիր Պուտինի հետ։
Քըլըչդարօղլուն նշել է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունը դիտավորյալ է ցուցադրել այն կադրը, որտեղ երևում է, թե ինչպես են մինչև հանդիպումը սկսվելը ոտքի վրա կանգնած սպասեցնում Թուրքիայի պատվիրակության անդամներին։
Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է, որ ռուսական կողմը նախօրոք է պատրաստած եղել համաձայնագրի տեքստը՝ առանց թուրքական կողմի հետ բանակցելու։
Այս ամենը ընդդիմադիր գործիչը որակել է «մինչ այժմ չտեսնված և չլսված ամոթ Թուրքիայի համար»։
«Սկզբում իշխանությունները խոսքով առյուծ էին կտրում, մինչդեռ հիմա ուրախացել են հրադարարի համար։ Այդ դեպքում պետք է Էրդողանին հարցնել, թե 59 թուրք զինվոր հանուն ինչի՞ զոհվեցին վերջին 1 ամսում»։