«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել:
Մեր տեղեկություններով՝ դեռևս հիվանդանոցի ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչի հետևանք է խնդիրը՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշմա՞ն, թե՞ հերթապահ բժշկի խնդիրն է եղել:
Ինչպես հայտնի է, մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է, և ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին: Եվ, ահա, դեպքից հետո չնայած հիվանդանոցի ներսում ներքին քննարկումներ են եղել, սակայն այդպես էլ վերջնական եզրահանգման չեն կարողացել գալ: Ընդգծենք, սակայն, որ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում մահացության դեպքերը, կարծես թե, չեն պակասում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: