Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքի կենդանաբանական այգում ապրող Չարլի անունով կոմոդյան վարանի ձագերը բեղմնավորվել են առանց արուի մասնակցության: Այդ մասին հայտնում է WTSP-ն:
Երեք մողեսիկները, որոնց կնքեցին Օնիքս, Ջասփեր և Ֆլինթ անուններով, ծնվել են 2019-ի օգոստոսին: Ի սկզբանե համարում էին, որ ձագերի հայրը Կադալ անունով վարանն է։ Վերջերս արված մի շարք ԴՆԹ վերլուծություններ ցույց տվեցին, որ դա այդպես չէ: Երեք ձագերն էլ մոր գենետիկ պատճեններն էին:
Պատճառը մողեսի պարթենոգենեզն է՝ վերարտադրության մի ձև, որի դեպքում իգական բջիջները հասուն պտուղ են ձևավորում առանց բեղմնավորման: Սա վարանին թույլ տվեց առանց արուի ինքն իրենով ծնել: Պարթենոգենեզը տարածված է կոմոդյան վարանների շրջանում, քանի որ նրանք գերադասում են մեկուսացված ապրել և օտարներին մոտ չեն թողնում:
Կոմոդյան վարանները ժամանակակից խոշոր մողեսներ են: Դրանց երկարությունը կարող է գերազանցել երեք մետրը, իսկ քաշը`80 կիլոգրամը: Կարող են ուտել իրենցից 20 տոկոսով փոքր կենդանիների, այդ թվում՝ գոմեշների, վայրի վարազների ու եղջերուների: