2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվում են համապետական ընտրություններ․ ընտրելու են նախագահ և ձևավորելու են Ազգային ժողով։
Առաջադրվել է նախագահի 14 թեկնածու, որոնցից մեկը դուք եք։ Ձեր նախընտրական ծրագրային դրույթներին մեծ մասամբ ծանոթ ենք, սակայն այդ դրույթներից ո՞րը կառանձնացնեիք, և արցախցին ինչո՞ւ պետք է հենց ձեզ ընտրի․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը պատասխանեց․ «Տեսեք, ասում եք՝ 14 թեկնածու, սակայն ինչո՞ւ պետք է մեզ վստահի, որովհետև 14 թեկնածուներից մենք յուրահատուկ կերպով առանձնանում ենք։ Մենք տարբերվում ենք բոլորից։ Կոնկրետ ինչո՞վ։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի իշխանությունները, որոնք Հայաստանի նախորդ իշխանությունների շարունակությունն են, ամեն ինչ արել են, որպեսզի վերարտադրվեն։ Այսօր, կարծես թե, նրանք իրենց խնդիրը կատարել են, որովհետև ամեն ինչ խառնել են իրար ու այնպես են արել, որ պայքարը գնա միայն իշխանությունների միջև։ Այսինքն՝ ֆավորիտ, որ ասվում է՝ Արայիկն է ու Մասիսը, բայց Մասիսի հետ նաև Սամվել Բաբայանն է։ Ո՞վ է Սամվել Բաբայանը։ Նա այս իշխանության հիմնադիրն է։ Ժողովրդի մեծ մասը սատարում է Սամվել Բաբայանին այն տրամաբանությամբ, որ նա նստել է, տուժել է այս իշխանություններից, և նա իր ոխակալությամբ կարող է սրանց պատժել, որի պատրաստակամությունը նա հայտնել է։ Սակայն այս բոլորի նպատակը գոյություն ունեցող խմբիշխանությունը պահպանելն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։