Թուրքիայի իշխանությունները երկրում գործող ՀԿ-ներին և փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքերի ռազմական գործողություններին աջակցություն հայտնող տեքստ են ուղարկել՝ պահանջելով ստորագրել դրա տակ:
Թուրքիայում հրապարակվող «Հայ թերթ» լրատվամիջոցի տվյալներով, հայտարարությունն ուղարկվել է երկրում գործող հայկական, հունական, հրեական ու ասորական հիմնադրամներին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ կազմակերպությունները գիտեն, որ «Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն հետաքրքրում են Թուրքիային, ինչի մասին է վկայում այն փաստը, որ երկիրը հյուրընկալել է 4 մլն փախստականի։
«Ինչպես նախկինում ենք աջակցել Սիրիայի կողմից մեր երկրին սպառնացող ահաբեկչության չեզոքացմանը միտված «Ձիթենու ճյուղ», «Եփրատի վահան» և «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններին, այդպես էլ հիմա աջակցում ենք «Գարնանային վահան» ռազմական գործողությանը»,- ասված է հայտարարության մեջ: