Ավստրալիական խոշորագույն Qantas ավիաընկերությունը, որը աշխարհում լավագույններից է համարվում, ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին կորոնավիրուսով վարակվելու ռիսկի է ենթարկել: Այս մասին գրում է Travel Weekly-ն:
Աշխատանքի անվտանգության կազմակերպության՝ Safework-ի տեսուչը Qantas-ին մեղադրել է վարակված զբոսաշրջիկների տեղափոխած օդանավերի մաքրման գործընթացը խախտելու մեջ:
Նրա խոսքերով, ավիաընկերության աշխատակիցները ստիպված են լինում հավաքել օգտագործված թաց անձեռոցիկներ, դիմակներ եւ տակդիրներ: Ուղեկցորդները նույնպես դժգոհել են աշխատանքի պայմաններից:
«Անձամբ ես նկատել եմ, որ անձնակազմի անդամները սրբել են մի քանի սեղաններ նույն ջնջոցով, առանց ախտահանիչ միջոցներ կիրառելու», – ասել է տեսուչը:
Բացի դրանից, նա նաեւ նշել է, որ մաքրության ժամանակ մեծ մասամբ չեն պահպանվել նաեւ անձնական պաշտպանվածության կանոնները:
Safework-ը Qantas-ին խորհուրդ է տվել դիմել հիգիենայի և վարակների վերահսկման մասնագետի, վերահսկել օդանավում գտնվող մաքրման ծառայությունը և աշխատակիցներին պաշտպանական սարքավորումներ տրամադրել:
Նշվում է, որ եթե ավիաընկերությունը մինչև մարտի 30-ը չկատարի պահանջները, ապա այն ստիպված կլինի վճարել տուգանք ՝ 250 հազար դոլարի չափով:
2019-ի դեկտեմբերի վերջին, առաջին անգամ գրանցվեց կորոնավիրուսի բռնկում չինական Ուուհան քաղաքում: Մարտի 6-ի դրությամբ վարակվել է 98.3 հազար մարդ: Դրանցից 3,3 հազարը մահացել են, ավելի քան 55 հազարը բուժվել է: 93 երկրներում գրանցվել է վարակի դեպքեր: