ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, հրաժարվեց նախագահական մրցավազքին հետագա մասնակցությունից, հաղորդում է CNN-ը:
Քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել «գերերեքշաբթի»՝ ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրության փուլում ամենամասշտաբային քվեարկության օրը ձախողման ֆոնին: Հայտնի է, որ Ուորենն այդ մասին պաշտոնապես կհայտարարի ավելի ուշ: Այս պահին նա չի պլանավորում իր կողմնակիցներին հորդորել աջակցել կուսակցության որևէ այլ թեկնածուի, որը կարող էր հաղթել գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայքարում:
Ուորենը հայտնի է ձախակողմյան պոպուլիստական հայացքներով: Մասնավորապես, նա հանդես էր գալիս անվճար բժշկության և ամերիկացիներից շատերին անհասանելի ապահովագրության չեղարկման օգտին: Միևնույն ժամանակ, մրցակիցները մատնանշում էին նրա իրական հարստությունը և այն փաստը, որ նա փորձել է իրեն հնդկացու ծագում վերագրել՝ հանուն արտոնությունների: