Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորները ծեծկռտուք են սարքել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ՝ Սիրիայում Անկարայի գործողությունների քննարկման ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, ընդհարումը սկսվել է այն բանից հետո, երբ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էնգին Օզկոչը, մոտենալով ամբիոնին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է անազնիվ, ստոր և նենգ: Նա նաև երկրի ղեկավարին մեղադրել է Թուրքիայի քաղաքացիներին Սիրիա պատերազմ ուղարկելու մեջ այն դեպքում, երբ Էրդողանի երեխաները խուսափում են ծառայությունից:
Հստակեցվում է, որ ծեծկռտուքի ժամանակ որոշ պատգամավորներ ընկել են հատակին:
Իդլիբում տիրող իրավիճակը, որտեղ սիրիական բանակը լայնածավալ հարձակողական գործողություն է սկսել 2020 թ.-ի սկզբին, սրվել է փետրվարի վերջին: Թուրքիան, որի դիտորդական դիրքերը մնացել են առաջնագծի ետևում, Դամասկոսից պահանջել է ետ քաշել զորքերը, ուժեղացրել է իրեն հավատարիմ գրոհայինների աջակցությունը և, Սիրիայի ռազմական օդուժի ավիահարվածների հետևանքով իր մի քանի տասնյակ զինվորականների զոհվելուց հետո հայտարարել է տարածաշրջանում «Գարնանային վահան» գործողության մեկնարկի մասին:
Սիրիայի կառավարությունը և նրան աջակցող Ռուսաստանը հրաժարվել են դադարեցնել առաջխաղացումը: Ակնկալվում է, որ Իդլիբում տիրող իրավիճակը կդառնա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների առանցքային թեման, որը նախատեսված է մարտի 5-ին Մոսկվայում: