Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

«Գերակշռող կարծիք է, որ Հայաստանում ու Արցախում չեն կարող տարբեր արժեհամակարգեր լինել». Գեղամ Բաղդասարյան

Առաջիկա համապետական ընտրություններն ու արցախյան ժողովրդավարության հեռանկարները

ՆԱԽԱՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԿԱՄ ԱՐՑԱԽՅԱՆ «KNOW-HOW» ՈւՂԻՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ

Տարիներ շարունակ Արցախում ուռճացվում էր պետական կառավարման համակարգը, դրան զուգահեռ` տարբեր ոլորտներում մենաշնորհներ էին ստեղծվում, ինչն էլ բացառում էր մրցակցությունն ընդհանրապես և չեզոքացնում մրցակցային երկիր դառնալու հեռանկարները։ Փաստացի միաբևեռ հասարակություն էր ձևավորվում։ Սակայն այս իրողությունները, տնտեսական բազմազանության պակասն ածանցյալ են քաղաքական դաշտի իրողություններից, դաշտ, որտեղ մեծ հաշվով չկար բազմազանություն։ Իսկ սովորաբար, երբ քաղաքական դաշտում բազմազանություն չի լինում, ապա այն բացառվում է նաև տնտեսական, տեղեկատվական և ցանկացած այլ ոլորտներում։ Սակայն ինչո՞ւ չկար բազմազանություն քաղաքական դաշտում, չէ՞ որ Արցախում ընդունված է խոսել աննախադեպ ժողովրդավարության մասին։

Այո, արցախյան իշխանությունները սովորություն ունեն խոսելու ժողովրդավարության մասին, և ամենահետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին ոչ միայն առաջվա պես նրանց գործունեությունը չի համապատասխանում ասված խոսքերին, այլև խոսքերն էլ են սկսել փոխվել, ինչը նոր միտում է: Արցախյան իշխանությունները ժողովրդավարության մասին սկսել էին խոսել ավտորիտար հոգեբանությամբ ու եզրաբանությամբ: Նրանց հարցազրույցների ու հայտարարությունների առանցքն անհատն է (նախագահն է) դարձել ու անհատի (նախագահի) դերը:

Մինչդեռ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունների գործունեության հանրային վերահսկողություն, երբ ժողովուրդն իր ընտրած մարմինների ու կառույցների միջոցով ներազդում եւ ուղղորդում է իշխանությունների գործունեությունը, երբ իշխանության ճյուղերը տարանջատված են, իմա` երբ առկա են հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ, որոնց պարագայում անհատները (ղեկավարները) գալիս ու գնում են, իսկ մեխանիզմները մնում են:

Ժողովրդավարության մասին Արցախի իշխանությունների կարծիքը «փոքր-ինչ» տարբերվում է դասական ձևակերպումից: Արցախյան անմեխանիզմ ու ոչ կառուցակարգային ժողովրդավարության առանցքը երկրի ղեկավարն է: 2012թ․ հերթական նախագահական ընտրությունների նախօրեին երևանյան լրատվամիջոցներից մեկում պատվիրված մի հոդվածում այս մոդելը հստակ ձևակերպում է ստացել: Ահա մի կարճ մեջբերում քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի այդ «գլուխգործոցից».

«Այստեղ հարց է առաջանում. եթե երկիրը ժողովրդավարական է, ապա ինչո՞ւ լուրջ ընդդիմություն չկա: Չկա լուրջ ընդդիմություն, և դա փաստ է, որովհետև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ նա երկրի և՛ իշխանության, և՛ ընդդիմության ղեկավարն է: Ինչո՞ւ նաև ընդդիմության ղեկավարը… որովհետև, երբ հետևում ես նրա գործունեությանը, ակներև է դառնում, որ նա բավականին հետաքրքիր գործելաոճ է ընտրել: Բակո Սահակյանն ինքն ուսումնասիրում է այն բոլոր խնդիրները, որոնք կան պետության ներսում, ընդդիմության փոխարեն բարձրաձայնում է դրանց մասին և լուծում դրանք: Ոչ թե պետությունը փորձում է խոչընդոտել կամ ճնշում է ընդդիմադիր զանգվածին կամ ընդդիմադիր դեմքերին, այլ հասկանալով, որ գտնվում է առաջին գծում և պատերազմի վտանգի առջև է, իր վրա է վերցրել նաև ընդդիմադիրի գործառույթը և բարձրացնելով ու վեր հանելով առկա խնդիրները՝ դրանց լուծում է տալիս»:

Այսպիսով, նախագահը և՛ իշխանություն է, և՛ ընդդիմություն, և՛ դատական համակարգ է, և՛ կառավարություն, և՛ իրավապահ մարմին, և՛ ներկայացուցչական մարմին, և՛ մարդու իրավունքների պաշտպան, և՛… Ու նրա անունն է` արցախյան ժողովրդավարություն: Պատահական չէ, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում կախված էր մեծ ցուցապաստառ, որն ազդարարում էր` «ԼՂՀ նախագահը մեր իրավունքների երաշխավորն է»: Ուշադրություն դարձրեք` նախագահը, այլ ոչ թե Սահմանադրությունը: Նախագահի աշխատանքային օրերին մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս անմխիթար վիճակը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ է լինում, երբ նախագահը, ասենք, արձակուրդում է լինում: Բացի դրանից, եթե նախագահն է ամեն ինչ որոշում, ապա ի՞նչ իմաստ ունի հսկայական ծախսերով պետական կառավարման ուռճացած համակարգ պահել:

Արցախի իշխանությունները միամիտ չեն և քաջ հասկանում են, որ այս ժողովրդավարությունը բացարձակապես ընդհանուր ոչինչ չունի դասական ժողովրդավարության հետ, ուստի պետք է ինչ-որ կերպ հիմնավորեին այս նոր երևույթը, ինչ-որ անուն տային դրան ու կնքեցին՝ ուղիղ ժողովրդավարություն:

Այն առաջին անգամ հստակորեն ձևակերպեց Արցախի նախկին վարչապետ Արա Հարությունյանը. «Ընդհանուր առմամբ շատ են խոսում, որ Արցախում չկա ժողովրդավարություն: Մեր իշխանություններն առաջնորդվում են ժողովրդավարության այնպիսի սկզբունքներով, որով աշխարհում երևի որևէ տեղ չեն առաջնորդվում: Իշխանությունների կապը ժողովրդի հետ անմիջական է: Չեմ ուզում համեմատել, բայց նախագահի կամ իշխանավորների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում, որ մասնակիցների հարցերը նախապես պատրաստված լինեն: Երկրի ցանկացած քաղաքացի իր տեսակետն է արտահայտում ցանկացած երևույթի մասին: Ցանկացած անձնական հարց կարողանում է բարձրացնել նախագահի և կառավարության անդամների մոտ: Տեղյակ եմ ցանկացած գյուղի ցանկացած խնդրից: Այսինքն ժողովրդավարությունն այդպիսին է մեզ մոտ: Նաև այսպիսի բան կա. երբ փորձում են ինչ-որ մեկի նկատմամբ անարդարություն անել, ղարաբաղցու առաջին «ուգրոզան» լինում է հետևյալը. «Գնալու ենք նախագահի մոտ»: Սրանով յուրաքանչյուր պաշտոնյա զգաստանում է` իմանալով, որ խնդիրները հասնելու են նախագահին: Սա ժողովրդավարության ամենալայն արտահայտումն է: Մարդիկ դիմում են վարչապետին ու նախագահին ցանկացած հարցով, ընդհուպ մինչև նեղ կենցաղային»։

Հավանաբար, այսպիսի ժողովրդավարություն է ուզում հավերժացնել 2020թ․ նախագահական ընտրություններում իրեն ֆավորիտ համարող թեկնածուն։

Այստեղ մի տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է ժողովրդի ձայնը հասնում իշխանությանը: Խոսքի ազատության մասին կարելի է խոսել մեծ վերապահումով, քանի որ Արցախում չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը, երկրում գերիշխողը պետական լրատվամիջոցներն են, որոնք փակ են իշխանականից զատ այլ կարծիքի համար: Ուրեմն ի՞նչ պետք է անի ժողովուրդն իր ձայնը տեղ հասցնելու համար: Պետք է վեր կենա ու գա նախագահական նստավայրի առջև: Ի դեպ, մի տարի այդպես էլ արել են Մարտունու Սոս գյուղի բնակիչները` գրեթե ամբողջ գյուղով հասնելով նշված վայրը, սակայն նախագահը չի ընդունել նրանց, քանի որ զբաղված էր: Ճիշտ է, դրանից հետո նախագահը գնացել է այդ գյուղ, բայց փաստը մնում է փաստ` գյուղը եկել-հասել էր նախագահական նստավայր, բայց ընդունելության չէր արժանացել, ասել է թե` ժողովուրդը չէ որոշողը, թե իր ձայնը երբ կարող է տեղ հասնել:

Զավեշտն այն է, որ նախագահն իսկապես չի կարող զբաղվել բոլոր հարցերով, դրա համար հատուկ կառույցներ ու մարմիններ կան: Ասում են` իր վերջին նախընտրական արշավին բնակավայրերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանն անկեղծորեն սրտնեղել էր, որ մարդիկ իրենց բողոքներով չեն թողնում աշխատել: Այսինքն գործնականում իշխանություններն իրենք էլ են կրակն ընկել իրենց ուղիղ ժողովրդավարության ձեռքից:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ

2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ արցախյան հանրությունը անվտանգության խնդիրը կապում է միայնումիայն ռազմական բաղադրիչի հետ։ Փորձագիտական-վերլուծաբանական շրջանակներում էլ տարածված է այն կարծիքը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվել է ռազմական հավասարակշռության խախտման պատճառով։ Նման պնդման համար, ինչ խոսք, լուրջ հիմքեր կան․ Ադրբեջանը վերջին տարիներին սրընթաց մեծացրել է իր ռազմական բյուջեն, ձեռք բերել ժամանակակից մահաբեր հարձակողական զենքեր և լրջորեն նախապատրաստվել լայնածավալ ռազմական գործողությունների։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն արագընթաց տեմպերով զինել է Ադրբեջանին, այլև դանդաղեցրել հայկական բանակի վերազինման պայմանավորվածությունները, դրանով իսկ նպաստելով ռազմական հավասարակշռության էական խախտմանը և բարենպաստ պայմաններ ստեղծելով պատերազմի վերսկսման համար։

Այս ամենը, իհարկե, կար։ Բայց արդյո՞ք միայն սա էր հրադադարի լայնածավալ խախտման պատճառը։ Արդյո՞ք ռազմական հավասարակշռության փոփոխումը որակական նոր մակարդակի էր։ Թե՞ սա մեդալի միայն մի երեսն է։

Այս մասին կարծես թե ընդունված չէ խոսել։ Սկսված կամավորական շարժման շնորհիվ հայ հանրության զգալի հատվածը զինվորական հագուստ է հագել, մեկնել առաջին գիծ կռվելու կամ կռվողներին բարոյապես սատարելու նպատակով։ Օրակարգն էլ, բնականաբար, ռազմական է, քննարկման առարկան ռազմական հարցերն են։ տերմինաբանությունը նույնպես ռազմական է։

Ինչ խոսք, զինվորական համազգեստով այսուայնտեղ հրապարակային երևակվելու՝ հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների գայթակղությունն ինքնին կարևոր է պատերազմի սպառնալիքի տակ ապրող հանրությանը գոտեպնդելու և ոգեկոչելու, զինվորի հերոսությունն ընդգծելու ու դրա մասը կազմելու, ինչպես նաև բանակի նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը ցույց տալու առումով, բայց բավականին խնդրահարույց է քաղաքական հարթությունից հարցերը հեռացնելու կամ դրանք չկարևորելու, ինչպես նաև նույն այդ հարթությունում մեր պասիվությունն ու տարիների անգործությունը «պարզաջրելու» առումով։ Համատարած համազգեստայնացումն ի ցույց դրեց անվտանգության բաղադրիչը քաղաքականության հետ առնչելու՝ մեր հանրության անկարողությունը։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արցախյան հանրությունում սկսեցին սկզբունքային հարցեր քննարկվել ու կասկածի տակ առնվել որոշ կարծրատիպեր։ Մասնավորապես, միգուցե ՀՀ-ի ու ԼՂՀ-ի քաղաքական ինքնիշխանության ռեսուրսների մսխումն ու քաղաքական սուբյեկտայնության կորուստն են դեպքերի զարգացումը տարել դեպի շփման գիծ՝ ըստ այդմ էլ բանակը դարձնելով մեր վերջին հույսն ու ապավենը և ֆետիշացնելով անվտանգության ռազմական բաղադրիչի դերը՝ ի հաշիվ քաղաքականի։ Չէ՞ որ բանակն իր գերկարևորությամբ հանդերձ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու երաշխիքը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեզ համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պետք է լինի։ Մարդիկ սկսեցին իրենք իրենց հարցեր տալ՝ իսկ միգուցե պատերազմն սկսվել է այն պատճառով, որ խախտվել է ոչ միայն և ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական հավասարակշռությունը, և միգուցե հենց քաղաքական հավասարակշռության խախտումն է եղել ռազմական գործողությունների վերսկսման գլխավոր պատճառը։

Ապրիլյան դեպքերն արցախցիներին ստիպեցին վերարժևորել իրենց դիրքորոշումը մի շարք սկզբունքային հարցերում։ Շատերը հակվեցին այն կարծիքին, որ ժողովրդավարության բացակայությունն ամենամեծ սպառնալիքն է մեր ժողովրդին ու պետությանը, մեր զավակների ֆիզիկական անվտանգությանը։ Հանդուրժելով զոռբայությունն ու ապօրինությունները, կոռուպցիան ու երկրի հարստությունների, այդ թվում՝ անվտանգությանը հատկացված միջոցների փոշիացումը, ընտրակեղծարարություններն ու իշխանությունների վերարտադրումը, սոցիալական ճչացող անարդարությունը՝ մարդը դրանով իսկ վտանգի տակ է դնում իր զավակների կյանքը, բառի ոչ միայն փոխաբերական, այլև բուն իմաստով։ Եթե ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունը վերահսկվում է ուրիշների կողմից, ինքը դառնում խոցելի ու անպաշտպան և վերածվում իր ժողովրդի անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքի։ Իշխանությունների վերահսկումն անվտանգության գրավական է։ Ինքնիշխանության և քաղաքական սուբյեկտության բավարար ռեսուրսը բանակից էլ ազդու գործիք է, իսկ բանակի հետ միասին՝ ուղղակի հաղթաթուղթ։

Մարդկանց մի զգալի մասին թվում էր, թե իրենց թշվառ կյանքի ու ոտնահարված իրավունքների գնով գոնե ապահովում են իրենց ու զավակների անվտանգությունը։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին հակառակը՝ լավ ապրելով ու կյանքը վայելելով, անկախության պտուղները ճաշակելով, սեփական իրավունքներից թիզ անգամ չզիջելով և դրանով իսկ սեփական իշխանությանը վերահսկելով՝ իրականում ավելի ապահով ու անվտանգ կլինեին իրենք ու իրենց զավակները։

ԱՐՑԱԽՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԸՆՏՐՈՒԹՅՈւՆՆԵՐՆ ՈւՂԵՆՇԱՅԻՆ ԵՆ ԼԻՆԵԼՈւ

Մարտի 31-ի ընտրությունները բացառիկ են լինելու, քանի որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հիանալի հնարավորություն կա, ինչպես հայտնի երգիծաբանն էր ասում՝ իշխանությունը ոչ թե ձեռքից ձեռք, այլ գլխից գլուխ փոխանցվի։

Սակայն արցախյան երկու համապետական համատեղ (նախագահական և խորհրդարանական) ընտրություններից ավելի քան մի տարի առաջ ազդարարվեց ընտրարշավի ֆալստարտը։

Արցախյան թերզարգացած քաղաքական դաշտի պարագայում կատարվածն ամենևին չի տեղավորվում այն հայտնի քաղաքական ասույթի կիրարկման շրջանակներում, ըստ որի՝ քաղաքական ուժը կայացած ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պետք է սկսի պատրաստվել մյուս ընտրություններին։ Ասույթը վերաբերում է զտարյուն քաղաքական գործընթացին՝ լիարժեք քաղաքական գործիքակազմով։ Նորանկախ Արցախի Հանրապետությունը, սակայն, վերջին երկու տասնամյակում քաղաքական լիարժեք սուբյեկտ չի եղել ոչ միայն միջազգային հարաբերություններում ու, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում, այլև համահայկական հարթության վրա։ Ղարաբաղյան գործոնը հետևողականորեն ոչնչացվել է թե՛ դրսից և թե՛ ներսից, ավելի ստույգ՝ ներսից ոչնչացման արդյունքում է եղել դրսից ոչնչացումը։ Ըստ այդմ էլ՝ թերարժեք քաղաքական սուբյեկտայնություն ունեցող երկրում քաղաքական հաստատություններն էլ են թերարժեք եղել, ավելի ստույգ՝ քաղաքական հաստատություններ են եղել խիստ անվանական՝ անունը կար, «ամանում չկար»։

Հանրահայտ քաղաքական ասույթը մեր պարագայում կիրառելի չէ նաև այն պատճառով, որ ֆալստարտն ազդարարել են ոչ թե քաղաքական ուժեր, այլ կոնկրետ անձինք։ Վերջիններս իրենց անձնական օրակարգերն են առաջադրել և բացարձակապես անտարբեր են հանրային օրակարգի ձևավորման նկատմամբ։ Ընտրական ժամանակաշրջանում հանրային օրակարգը մեկը կարող է լինել՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը։ Սա պետք է լիներ գերնպատակը։ Ֆալստարտի մասնակիցներն այս մասին չեն խոսել և կամա թե ակամա իրենց ու սատարող քաղաքական ուժերին դուրս են դրել հանրային օրակարգի ձևավորման հանրային ակնկալիքների շրջանակներից։ Անցյալն ու անցյալի արժեքները խորհրդանշող գործիչները շարունակում են անցյալի գործիքակազմն օգտագործել, այն է՝ պաշտոնական Երևանից քաղաքական “դաբրո” ստանալուն տենչալ։ Ըստ նրանց՝ սրանով էլ, ըստ էության, վերջակետ պետք է դրվի բովանդակային քաղաքական ընտրությանը, ու բանը կմնա “տեխնիկային”, իմա՝ անվանական-ձևական ընտրական գործընթացին։

Իսկ ՀՀ նոր իշխանությունը խորապես գիտակցում է, որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ իր իսկ հռչակած նոր ռազմավարության, նոր մարտավարության և նոր արժեհամակարգի պայմաններում արցախյան ընտրություններն ուղենշային են լինելու թե՛ ղարաբաղյան գործոնի վերակենդանացման համար համահայկական հարթությունում և թե՛ միջազգային ասպարեզում ու հատկապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ ՀՀ նոր կառավարությունը խորապես գիտակցում է նորանկախ Արցախի քաղաքական սուբյեկտայնության վերակենդանացման նշանակությունը։ Սա ուղղակի դարակազմիկ դրական իրողություն է՝ Արցախի հանրությունն ի դեմս ՀՀ նոր իշխանության ձեռք է բերել սեփական երկրում արմատական բարեփոխումների իրականացման և ղարաբաղյան գործոնի վերակենդանացման գործում ռազմավարական հզոր դաշնակցի։ Անցած երկու տասնամյակում ՀՀ իշխանությունները եղել են ԼՂՀ իշխանությունների, բայց ոչ երբեք արցախյան հանրության ռազմավարական դաշնակիցը։ Սա էլ եղել է արցախյան քաղաքական լճացման հիմնական պատճառներից մեկը։

Այս իրողությունը գիտակցում է արցախյան հանրությունը։ Ազատ ու արդար ընտրությունների կարոտից “պռոշը ճաքած” հանրության զգալի մասը պատրաստակամ է Արցախում դառնալու այդօրինակ ընտրությունների գլխավոր երաշխավորը, գլխավոր ու միգուցե՝ միակ։ Որովհետև գործող իշխանությունն ունի և միշտ էլ ունեցել է իր սեփական օրակարգը, որը, մեղմ ասած, ազգակցական կապեր չի ունեցել հանրային օրակարգի հետ։ Այդ ներիշխանական օրակարգը նրան թելադրում է ապահովագրել իրեն ապագայի տհաճ անակնկալներից և իշխանափոխությունը զետեղել իր ցանկալի դիպաշարում՝ ի դեմս իր «ծոցից» ելած թեկնածուի ապահովել իշխանության հաջորդափոխությունն անձերի, այլ ոչ թե արժեքների տեսքով։ Կհաջողվի դա նրան, թե ոչ՝ կախված է ազատ ու արդար ընտրությունների գլխավոր երաշխավորից՝ Արցախի առաջադեմ հանրությունից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԸՆԿԱԼՈւՄԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈւՄ Ու ԵՐԵՎԱՆՈւՄ

ՀՀ Կառավարությունը նախորդ տարվա օգոստոսի 22-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։ Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվեց երկու ՀԿ-ների։ Մասնավորապես, 16 մլն 200 հազար դրամ հատկացվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Գումարները տրամադրվել են անցած տարվա սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա աննախադեպ որոշում է համարել՝ ընդգծելով, որ ՀՀ-ը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 5-ին, նա ստեփանակերտյան իր հայտնի ծրագրային ելույթում էր շեշտել, որ ՀՀ-ը պետք է հանդես գա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր։ Ասաց ու արեց առաջին լուրջ քայլը։ Իսկ ինչպե՞ս այս քայլին արձագանքեցին արցախյան ու արցախամերձ շրջանակները։

ՀԱՅԱՑՔ՝ ԵՐԵՎԱՆԻՑ

Կարծիք էր հնչել արցախյան իշխանամերձ շրջանակներից, որ արցախյան ընտրությունները միշտ էլ եղել են ազատ, արդար ու թափանցիկ, և որ այս առումով ոչինչ չի փոխվել՝ այս անգամ էլ կանցկացնեն նման ընտրություններ։ Հենց այս հանգամանքին էլ սկզբունքային անդրադարձ է եղել երևանյան արձագանքներում։

Խոսելով իրավիճակի փոխվել-չփոխվելու մասին՝ հարկ է նկատի ունենալ, որ մի կողմից՝ բուն Արցախում քիչ բան է փոխվել, մյուս կողմից էլ՝ թավշյա հեղափոխության փոխած իրավիճակը չէր կարող չանդրադառնալ արցախյան իրողությունների վրա։

Այսպես, քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ «Ի տարբերություն Հայաստանի, որտեղ պետական կառավարման համակարգից դուրս մղված օլիգարխները (այսպես կոչենք մինչև վերջերս պաշտոնների տիրապետող խոշոր սեփականատերերին) մնացել էին առանց ընտրությունների վրա ազդեցության` իրենց համար սովորական լծակների, Արցախում պաշտոններից ազատված նրանց «բախտակից ընկերները» չեն կորցնում սեփական իշխանությունը վերականգնելու հույսերը: Դա արդեն կարելի է տեսնել իշխանության տեղական մարմինների անցկացվող ընտրություններում»: Միևնույն ժամանակ, Մ. Սարգսյանն այդպիսի խնդրի լուծման համար պայմանները չափազանց սուղ է համարում, քանի որ վարչական ռեսուրսի կիրառման կենտրոնացված մեխանիզմ արդեն գոյություն չունի. «Ոչ մի երաշխիք չկա, որ առանց պաշտոն ունենալու հնարավոր է արդյունավետ կերպով ազդել պետծառայողների` մասնավորապես ուժային կառույցների վրա: Ավելին` այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ազատ ընտրությունների երաշխավորներ լինել, ընտրողներին կաշառելու փորձը նույնպես անհույս է: Ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունների հորդորով իրավապահ մարմինները կարող են բացահայտել կաշառք բաժանելու փաստերը և պահանջել նախընտրական մրցավազքից հանել այն գործիչների թեկնածությունները, որոնք ընտրողներին կաշառելու միջոցի կդիմեն»:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ «Արցախում բոլոր նրանք, ովքեր սովոր են եղել ընտրությունների ժամանակ ընտրողների վրա տարատեսակ ճնշումներ գործադրել և աճպարարությունների միջոցով իրենց ցանկալի արդյունքը ստանալ, այդ թվում նաև գրպանային դիտորդների «աշխատանքն» օգտագործել, թերևս դժգոհ կլինեն ՀՀ կառավարության այս քայլից: Բայց այդ մարդիկ բացարձակ փոքրամասնություն են կազմում Արցախում, և նրանց դժգոհությունն ընդամենն անուղղակի վկայությունը կլինի այն բանի, որ ընտրողն իսկապես ազատ ընտրելու լիարժեք հնարավորություն է ստացել»:

Մելիքյանը, մեր իրականությունում ՀԿ-ների ֆինանսավորումը երկու հիմնական աղբյուրի բաժանելով՝ արտաքին ու ներքին, պարզաբանել է, որ արտաքին ֆինանսավորումը եկել է օտար աղբյուրներից՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, տարատեսակ արևմտյան հիմնադրամներից, այդ թվում նաև՝ Սորոսի հիմնադրամից, և միտված է եղել որևէ կերպ կենդանի պահել ՀՀ պետական կառույցներից, իշխանությունը զավթած խմբավորումից անկախ և վերջինիս ընդդիմադիրն ու քննադատը հանդիսացող քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու գործունակությունը՝ «Իշխանությունը զավթած խմբավորումն էլ, – շարունակում է Մելիքյանը, – ֆինանսավորում էր իր իսկ կողմից ստեղծված ՀԿ–ներին, որոնց միջոցով էլ հակակշիռ էր ստեղծում արտաքին ֆինանսավորմամբ աշխատող կառույցներին, միաժամանակ նաև այդպիսով բյուջետային գումարներն անշառ կերպով գրպանելու մեխանիզմ էր մշակել»:

Ըստ Ա. Մելիքյանի՝ արցախյան ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար պետական ֆինանսավորումը տվյալ դեպքում նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են իրենցից մշտապես ֆինանսական կախման մեջ գտնվող գրպանային ՀԿ-ներն ընտրական գործընթացներում օգտագործելու և պատվիրված արդյունքը ստանալու պրակտիկայից. «Դրա փոխարեն կոնկրետ առաքելությունն իրականացնելու համար ֆինանսներ են հատկացրել նյութապես իրենցից անկախ կազմակերպությունների: Այսինքն, պետական փողը տրվել է իշխանությունների մշտական քննադատը հանդիսացող հասարակական կառույցներին, որպեսզի ի սկզբանե կանխվեն արցախյան ընտրական գործընթացներում ՀՀ իշխանությունների նեղանձնային շահախնդրությունների վերաբերյալ կասկածները, իսկ արցախյան իշխանական կլաններն էլ հնարավորություն չունենան այս դիտորդների վրա ճնշում գործադրելու, քանի որ վերջիններս հենց ՀՀ իշխանությունների կողմից են լիազորված ընտրական գործընթացների իրավաչափությունը գնահատել»:

Բնականաբար, նոր նախաձեռնությանն ամենախիստ գնահատականը տվել է «Ադեկվատ» միաբանությունը, ըստ որի՝ վերոհիշյալ ՀԿ-ները հանդիսանում են Հայաստանում գործող և տարիներ շարունակ պետության և հասարակության հիմքերը քայքայող օտարերկրյա գործակալական ցանցի մասնիկներ. «Վերոհիշյալ ՀԿ–ների գործունեությունը հովանավորելով՝ ՀՀ կառավարությունը նպաստում է արտաքին ուժերի համար խիստ անհրաժեշտ և մեր պետությունների համար կործանարար հակառակորդի օրակարգին ծառայող ուժերի ներթափանցմանը մեր պաշարված ամրոցի միջնաբերդը: Չկարողանալով մեր ամրոցի պատերը հաղթահարել դրսից՝ հակառակորդը փորձ է ձեռնարկում ապականել իրավիճակը ներսից»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿՈՆՏՐԱՍՏ

«Սորոսականների» ու պետության հիմքերը քայքայողների թեման ակտիվորեն շրջանառվեց նաև արցախյան հանրությունում։

Այսպես, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ իրենք դեմ չեն դիտորդական առաքելությանը, որովհետև կարծում են, որ յուրաքանչյուր ընտրություն պետք է լինի թափանցիկ ու արդար, և իրենք ողջունում են ցանկացած գործողություն, որը նպաստելու է թափանցիկ ու արդար ընտրության անցկացմանը։ Պատասխանելով պատվեր կատարելու մասին պնդումներին՝ նա ասել է. «Եթե կազմակերպությունը պատվերներ է կատարում, դա լավ չէ: Առանձնապես Արցախում դրան պետք է տառացիորեն դեմ դուրս գալ: Արցախից դուրս պատվերներ կատարող կառույցները մեզ մոտ չեն կարող գործել: Եթե մեր ազգայինը վնասվի, եթե մեր ոգուն դեմ լինի, փորձեն շեղել, մենք կլինենք ոչ միայն դեմ, այլև պայքարելու ենք դրա դեմ»:

ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ միանշանակորեն կիսել է առկա մտահոգությունները. «Սորոս լինի, մորոս լինի, եթե բարի նպատակով չի մտնում Արցախ, ուրեմն չպետք է մտնի: Մենք գիտենք Սորոսի ծավալած գործունեության մասին, գիտենք, թե ինչ արժեքներ են նրանք դավանում: Արցախում նրանք որևէ հաջողության հասնել չեն կարող, որքան էլ շատ գումար ծախսեն: Մենք մեր ընտանեկան արժեքներն ամեն ինչից վեր ենք դասում»:

Թե տվյալ՝ ընտրությունների դիտարկման պարագայում ի՞նչ կապ ունեն մեր ընտանեկան արժեքները, մնում է գուշակել։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ հայտարարել է, որ Արցախի ողջ բնակչությունը բոյկոտելու է Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելությունը, քանի որ այն խիստ կասկածի տակ է դնում Արցախի ինքնիշխանությունը (ի դեպ, ոչ մի բոյկոտ էլ չեղավ)։

ՀՀ կառավարության որոշումը միանշանակ ողջունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ, արցախյան խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ֆեյսբուքյան իր գրառմամբ նա նաև գնահատական է տվել նախորդ ընտրություններին․ «Չեմ հասկանում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունները ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը քննադատողներին: Գոնե վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ ընտրախախտումներով, որի ընթացքում օգտագործվում է ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ուժային կառույցների կողմից՝ ճնշում, քրեական և վարչական գործերի կարում, ուղղակի բաց քվեարկություն կամ քվեաթերթիկների լցոնում, բազմաթիվ այլ արատավոր երևույթներ: Դիտորդությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ընտրախախտումների քանակը, մասնավորապես՝ քվեարկության ժամանակ կատարվող ընտրախախտումների քանակը: Արցախում արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ պետք է շահագրգռված լինենք բոլորս, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ թշնամաբար տրամադրվածները, քանզի արդար ընտրությունները հասարակության մեջ արդարության մթնոլորտ ստեղծելու առաջին քայլն են, ինչն էլ անվտանգության ամենամեծ բաղադրիչներից է»:

Միանշանակ դրական կարծիք է հայտնել ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը. «Ճիշտ որոշում եմ համարում այս տարվա սեպտեմբերին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից որոշակի գումարի հատկացումը, որի նպատակն է ՀՀ կողմից հավելյալ երաշխիքների ստեղծումն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման համար։ Առավել ևս, որ դա կնպաստի դիտորդական տեղական ցանցի, տեղական կարողությունների զարգացմանը և արդիական փորձի ձեռքբերմանը»։

Հարկ է ավելացնել, որ Մ. Մայիլյանը դեռևս հունիսի 28-ին ընդունել էր Հայաստանի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Կողմերը քննարկել էին Արցախի իշխանությունների և «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մայիլյանն ընդգծել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունն ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

Եղել են նաև որոշումը զգուշավոր ողջունող և որոշակի գաղափարներ առաջարկող կարծիքներ։ Այս առումով շատ կարևոր էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանի կարծիքը։ Ողջունելով որոշումը՝ նա հույս է հայտնել, որ դա նոր սկիզբ կլինի Արցախի պետական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը և տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տևական աջակցության համար:

Նա նաև առաջարկել ու խորհուրդ է տվել առավելագույնս օգտագործել նոր հնարավորությունն ու տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երևանից բերել պատրաստի թիմեր. «Տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաև լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին: Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաև այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել ևս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»:

Անուղղակիորեն այս առաջարկին անդրադարձել է Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Տեղեկացնելով Արցախում իրենց գործունեության որոշ մանրամասների մասին՝ նա նաև անդրադարձել է դիտորդության բյուջեին. «Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը (գրեթե ամբողջը) մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին»:

Հնչել են նաև նման աջակցության ընթացակարգի հետ կապված կոնկրետ առաջարկներ ու գաղափարներ։

Միանշանակ բացասական քաղաքական գնահատական է տվել լրագրող Վահրամ Աթանեսյանը, ով նաև անուղղակիորեն զբաղվում է նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի քաղաքական գործունեության հանրայնացմամբ, իր հեղինակած «Կանգ առեք, պարոնայք և տիկնայք» հոդվածում նա առանձնակի ուշադրություն է դարձրել ՀՀ կառավարության որոշման հնարավոր միջազգային արձագանքներին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում, օրինակ, արդեն իսկ ԱԳՆ մակարդակով բացասական գնահատական է տրվել, ինչն Աթանեսյանը հույժ կարևոր հանգամանք է համարում։

Պնդելով, որ Արցախում ընտրությունները միշտ էլ ազատ, արդար ու թափանցիկ են եղել՝ նա ճարտասանական հարց է տալիս՝ «Մեկ-երկու հասարակական կազմակերպության ինքնադրսևորման համար արժե՞ հրապարակային կասկածի տակ դնել Արցախում ժողովրդավարության և ազատ ընտրությունների իրողությունը: Ո՞ւմ է ծառայում այս քարոզչությունը»:

Աթանեսյանը նաև ընդգծել է ընտրությունների անցկացման տեղական երաշխիքների կարևորությունը. «Արցախում կա լեգիտիմ իշխանություն, կան քաղաքական փորձառություն ունեցող կուսակցություններ, պատասխանատու գործիչներ: Նրանք եկել են սկզբունքային համաձայնության՝ իշխանափոխությունը տեղի կունենա Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում և ընթացակարգով: Արցախում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների երաշխավորը նախագահ Բակո Սահակյանն է: Եվ նա մինչև վերջ կատարելու է իր առաքելությունը»:

Իրականում Արցախի իշխանությունները ոչ միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների երաշխավոր դառնալու մտադրություն չունեն, այլև նույնիսկ չեզոք դիտորդի կարգավիճակում չեն։ Նրանք իրենց օրեցօր պակասող ռեսուրսներով հուսահատ ջանքեր են գործադրում իշխանության բերելու այն թեկնածուին, ում հետ պայմանավորվելը հեշտ է, քանի որ կա օրինական և ապօրինի պայմանավորվածությունների հարուստ անցյալ։ Ինչ խոսք, նրանք առաջվա ռեսուրսները չունեն, բայց ունեցածի գործադրումն էլ թույլ է տալիս այսօր պնդել, որ վարչական ռեսուրսի այս կամ այն չափով օգտագործում կա և լինելու է։ Համենայն դեպս, ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր գրել են, որ Ա. Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության փետրվարի 26-ի երթի նախօրեին հիմնարկ-ձեռնարկություններում մարդկանց հորդորել են մասնակցել։

Բայց սա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

ԼԱՐՎԱԾՈւԹՅՈ՞ւՆ, ԹԵ՞ ՀԱԳԵՑԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎ

Սոցիալական ցանցերում և հայաստանյան որոշ լրատվամիջոցներում պարբերաբար նշվում է, որ Արցախում ընտրություններին ընդառաջ լարված մթնոլորտ է ստեղծվել: Իրականում արտառոց ոչինչ չկա: Արցախում նախընտրական հագեցած վիճակ է, ինչպիսին ընտրական ժամանակահատվածում լինում է երկրների մեծ մասում։ Հայաստանի Թավշյա հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական նոր, ավելի ազատական մթնոլորտում ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին, ինչն էլ ավելի է ուժեղացրել մրցակցությունը։ Ամեն դեպքում սա դրական երևույթ է, որը խթանելու է թե՛ արցախյան քաղաքական դաշտի կայացումը և թե՛ ընտրությունների մշակույթի զարգացումը։ Սակայն ամենակարևորն այն է, որ ընտրությունները կանխորոշված չեն, և աննախադեպ մեծացել են ընտրական գործընթացի հանրային վերահսկողության ռեսուրսները։

Կարծում եմ՝ արդեն այսօր մենք կարող ենք միանշանակորեն ասել՝ ընտրություններից հետո ուրիշ Արցախ է լինելու, երեկվա Արցախն այլևս չի լինելու։ Ամեն ինչից զատ՝ խորհրդարանն այլևս առաջվա խորհրդարանի նման չի լինելու, այն իսկապես ներկայացուցչական մարմին է լինելու։ Իշխանության որակն էլ է այս կամ այն չափով փոխվելու, հուսանք՝ արմատապես։

Սա թույլ է տալու մերձեցնել Հայաստանի և Արցախի իրավիճակները։ Գերակշռող կարծիք է, որ Հայաստանում ու Արցախում չեն կարող տարբեր արժեհամակարգեր լինել։ Հեղափոխությո՞ւն, թե՞ էվոլյուցիոն զարգացում՝ սա մարտավարական հարց է։ Իսկ ռազմավարականն արդյունքն է՝ նույն արժեհամակարգը և համատեղ ուժերով երկիրը զարգացնելու պատրաստակամությունը։ Կարծում եմ՝ առաջիկա համապետական ընտրությունները բավարար ռեսուրս ունեն էվոլյուցիոն զարգացման համար։ Հուսանք՝ այդպես էլ կլինի։

Ինչ խոսք, Արցախում կան ուժեր, որոնք դեմ են հայաստանյան ներկայիս արժեհամակարգին և կոշտ հռետորաբանություն են օգտագործում ՀՀ նոր իշխանությունների և հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սակայն արցախցիների ողջամտությունը բավարար ռեսուրս ունի չեզոքացնելու նման միտումները։ Հայաստանի նոր իշխանությունների հետ դիմակայությունը կործանարար կարող է լինել, և սա հասկանում են մարդիկ։

Գեղամ Բաղդասարյան

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում