Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրք սահմանապահներն արդեն 76 հազար փախստականների են թույլ տվել անցնել դեպի Եվրամիություն։ Այս մասին հաղորդում է Daily Sabah պարբերականը։
«Ավելի քան 76 հազար ներգաղթյալներ ուրբաթ օրվանից լքել են թուրքական սահմանները Էդիրնեով դեպի Եվրոպա»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ Հունաստանում և Բուլղարիայում այս տվյալները դեռևս չեն հաստատում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 47 հազար փախստականներ են հատել Եվրամիության հետ Թուրքիայի սահմանը։ Սիրիացի միգրանտները լքում են Թուրքիան Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանակից Էդիրնե նահանգով։ Թուրքիան բացել է սահմանները սիրիական Իդլիբ նահանգում ռազմական գործողությունների էսկալացիայից հետո, որտեղ 33 թուրք զինվոր էր զոհվել՝ Սիրիայի և ՌԴ կառավարական զորքերի գրոհի արդյունքում։