Cgtn.com կայքը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի վերաբերյալ թարմ տվյալները, ըստ որոնց` համաճարակի էպիկենտրոն Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք:
Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է:
Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:
Առավել տագնապալի է իրավիճակը Հարավային Կորեայում (3736 վարակակիր, մահվան 18 դեպք), Իրանում (մահվան 43 դեպք) և Իտալիայում (1128 վարակակիր, մահվան 29 դեպք):
Կայքը հայտնում է նաև Հայաստանում հայտնաբերված մեկ դեպքի մասին:
Այն, որ կորոնավիրուսը «ներխուժելու» է Հայաստան՝ գրեթե կանխատեսելի էր․ մեր հարևան երկրներում վիրուսն արդեն տարածվել էր ու հազիվ թե հնարավոր լիներ խուսափել դրանից։ Անցած գիշեր Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին վարակը ու մինչ այս պահը կառավարությունն օպերատիվ ձևով արձագանքում է կատարվածին․ Նիկոլ Փաշինյանը երեք ֆեյսբուքյան գրառում է արել, ֆեսյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին, մամուլի ասուլիս է տվել առողջապահության նախարարը, չեղարկվել է Մարտի 1-ին նվիրված այսօրվա երթը, մեկ շաբաթով դադարեցվել է աշխատանքն ուսումնական հաստատաություններում, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել են 32 քաղաքացիներ, նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացնում է, որ վիճակը վերահսկվում է և անհգստանալու, խուճապի մատնվելու կարիք չկա։
Սրանք երևույթի թերևս ֆորմալ կողմն են, սակայն, մի քանի հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են։
Իրանից մեր քաղաքացիներին հատուկ չվերթով Հայաստան տեղափոխել, անշուշտ, անհրաժեշտ է ու այս հարցում առարկությունները, մեղմ ասած, կոռեկտ չեն, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ հատուկ չվերթից հետո մարդիկ կարանտինային պայմաններում չեն պահվել, չեն մեկուսացվել․ վիրուսակիրն, ըստ էության, իր ոտքով է գնացել հիվանդանոց։ Արդյո՞ք կառավարությունն ունի երաշխիքներ, որ Թեհրանից Երևան ժամանած մեր բոլոր հայրենակիցներն ունեն նույնքան քաղաքացիական գիտակցություն, մի խոսքով՝ ո՞րն է երաշիքը, որ կորոնավիրուսով այլ վարակվածներ չկան, որոնք բուժօգնության չեն դիմել։ Կարանտինի արդյունավետությունն Արսեն Թորոսյանը դրեց կասկածի տակ, սակայն այդ միջոցից օգտվում են գրեթե բոլոր երկրները, այդ դեպքում՝ ո՞րն է այլընտրանքային լուծումը, մանավանդ, որ, ինչպես համոզվեցինք, օդանավակայանում չեն կարողացել բացահայտել վիրուսակիր քաղաքացուն։
Կամ՝ աչքի է զարնում կառավարության անդամների ոչ համակարգված գործունեությունը։ Օրինակ՝ առողջապահության նախարարն ասում է, թե դպրոցների փակման անհրաժեշտություն չի տեսնում, սակայն մի քանի ժամ հետո վարչապետն, այնուամենայնիվ, հայտնում է, թե նման որոշում կայացվել է։ Կամ՝ ո՞վ է որոշել, որ պոտենցիալ վիրուսակիրները պետք է մեկուսացվեն Ծաղկաձորում՝ երկրի տուրիստական կենտորններից մեկում, ինչը, բանականաբար, արդեն խուճապ ու քաղաքից հեռանալու տրամդրություններ է առաջացրել հանգստացողների մոտ ու վստահաբար՝ վարչապետի՝ խուճապի չտրվելու հորդորները էֆեկտիվ լինել չեն կարող։
Հասկանալի է, օրինակ, որ չենք կարող «փակվել» ամբողջ աշխարհից, սակայն ստեղծված իրավիճակում բացատրելի չէ Երան-Միլան չվերթները ժամանակավորապես չդադարեցնելը, մանավանդ, որ Իտալիան կորոնավիրուսի առումով գտնվում է ռիսկային երկրների շարքում։
Անշուշտ, կառավարությունը մտահոգված է քաղաքացիների առողջության համար, սակայն դա քիչ է՝ անհրաժեշտ են ավելի համակարգված աշխատանք, մտածված որոշումներ։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի