Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «գյավուր» արտահայտության համար:
Փայլանի ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ Էրդողանը փետրվարի 26-ին կայացած իր կուսակցության նիստի ընթացքում ռասիստական արտահայտություն է արել․ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել»:
«Հանրապետության նախագահի ու քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից Մեջլիսում, որի անդամն եմ ես, քրիստոնյա համայնքը թիրախավորող ատելության խոսք օգտագործելն անընդունելի է»,- ասվում է հայ պատգամավորի դիմումի մեջ:
Փայլանը խորհրդարանի նախագահությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները ատելության խոսքի ու խտրականություն պարունակող արտահայտությունները դատապարտելու հարցում: