Չինացի մասնագետները դիահերձել են կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից մահացած մարդուն և պարզել են, որ վարակը հիմնականում ախտահարում է թոքերը: Այլ հյուսվածքների և օրգանների վնասվելու ակնհայտ նշաններ չեն հայտնաբերվել, հայտնում է China News Service (CNS) չինական լրատվական գործակալությունը:
Փորձագետների զեկույցում ասվում է, որ վիրուսը բորբոքումներ է առաջացնում շնչուղիներում և թոքային ալվեոլներում: Ընդ որում, թոքերի հյուսվածքների վնասվածքները, որոնք ֆիբրոզի ձև են, ավելի քիչ է արտահայտված, քան SARS-ի դեպքում (սուր շնչառական համախտանիշ կամ ատիպիկ թոքաբորբ), բայց այտուցն ավելի ուժեղ է:
Ալվեոլներում նկատվել է նաև մածուցիկ հեղուկի ներհոսք, ինչը բացատրում է ծանր և կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների կողմից հայտնած խեղդվելու զգացումը:
COVID-19-ի ուսումնասիրության արդյունքները, կապված սրտի, երիկամների, ուղեղի, փայծաղի և մարսողական համակարգի վնասվածքի հետ, համոզիչ չեն և պահանջում են հետագա ուսումնասիրություն, ասվում է զեկույցում: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ 11 դիերը պատկանել են 52-80 տարեկան մարդկանց, և նրանց օրգանները կարող էին վնասվել առողջության հետ կապված այլ խնդիրներից:
Այնուամենայնիվ, նշվում է, որ փոքր քանակությամբ արտազատուկ կարող է թոքերից ներթափանցել կրծքավանդակի խոռոչ, որի հետևանքով վիրուսը կարող է հայտնվել սրտում:
Համաձայն վերջին տվյալների, աշխարհում ընդհանուր առմամբ մոտ 83 հազար մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Մահացել է ավելի քան 2.8 հազար մարդ, իսկ բուժվել է ավելի քան 36.5 հազարը: