Լուրեր
Հանրաքվեն լուծելու է Քոչարյանի պատասխանատվության հարցը. Լևոն Զուրաբյան
  • 22:00
  • 2020-02-28
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Երկու օրից Մարտի մեկի զոհերի հիշատակի արարողություն է անցկացվելու, վստահ եմ մասնակցելու եք:

– Բնականաբար այո: Գիտեք՝ մենք սկսած 2009թ. երթ ենք կազմակերպում, ըստ էության՝ դա եղել է ՀԱԿ դատը: Մեկ տարի առաջ մեր կուսակցության հանձնարարությամբ հանդիպեցի Ն. Փաշինյանի հետ, և առաջարկեցինք, որ այսուհետև այդ երթերը կազմակերպվեն պետականորեն: Փաշինյանն ընդունեց առաջարկը: Դա մի դատ է, որը պետք է բարձրացվի պետական մակարդակի:

– Դուք արյան օրերի հոտը ե՞րբ առաք:

– Արյան հոտ մենք երբեք էլ չէինք ուզում, որ լինի, և չէինք մտածում, որ իրադարձությունները կգնան, այսպես ասած, քրեական ուղղությամբ, քանի որ մեր մեթոդը միշտ եղել է քաղաքական:

– Բայց միշտ զգուշացնում էին, ենթարկվեք՝ հակառակ դեպքում այսպես կլինի, չէի՞ն ասում:

– Մենք ի սկզբանե վարում էինք խաղաղ պայքար, այսինքն՝ մենք օգտվում էինք մեր սահմանադրական իրավունքից և անցկացնում էինք ցույցեր ու երթեր խաղաղ, առանց զենքի, առանց որևէ խնդրի: Մեր մոտեցումը հետևյալն էր՝ իշխանությունը պետք է դրան համապատասխան քաղաքական ռեակցիա տա:

– Այսինքն՝ պատրաստ էիք երկխոսելու իշխանության հետ:

– Բնականաբար: Ամբողջ խնդիրն այն էր, որ իշխանությունը ինչ-որ պահից որոշում ընդունեց, որ ոչ թե ճգնաժամը պետք է կարգավորի քաղաքական մեթոդներով, բանակցություններով, բանավեճով, քաղաքական ակցիաներով, այլ որոշեց այս ամենի վերջը տալ սպանություններով, բռնի ուժով, քրեական աշխարհի ազդեցությամբ, ըստ էության՝ կոպիտ բռնությամբ ժողովրդի նկատմամբ:

– Ասում են՝ իշխանությունների հետ կոնտակտը դուք եք ապահովել:

– Ինչ-որ պահ եղել է: Երբ որ արդեն Ազատության հրապարակից ցրել էին ժողովրդին, և ժողովուրդը հավաքվել էր Ֆրանսիայի դեսպանատան առաջ, ես հասա այնտեղ, բավականին լարված իրավիճակ էր, և սկսեցի բանակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ, ասացի, որ ներկայացնում եմ Լ. Տեր-Պետրոսյանի շտաբը: Լ. Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ էր, նա ինձ այդ լիազորությունը տվեց հեռախոսով… Նա ասաց՝ ես գիտեմ, թե ինչ լուծում է պետք տալ իրավիճակին, հնարավորություն ստացի՛ր գալ ինձ մոտ, կքննարկենք և կասեմ՝ ինչ անել: Ես սկսեցի բանակցել:

– Դա մինչև կրակե՞լն էր:

– Այո՛: Բայց ոստիկանության անօրինաչափ գործողություններից հետո էր, երբ որ գիշերը հարձակվել էին, բռնություն էին կիրառել ժողովրդի նկատմամբ: Բավականին դժվար էր բանակցելը… Ինձ հաջողվեց ներս գնալ: Տեր-Պետրոսյանն ասաց, որ ինքը պետք է անպայման գա, որովհետև միայն ինքը կարող է հանգստացնել ժողովրդին, և պետք է բանակցել իշխանության հետ… Տեր-Պետրոսյանի շարժման ազատությունը սահմանափակել էին, բացարձակ սուտ է, որ նա ազատություն ուներ, և դե ֆակտո էին տնային կալանքի տակ առել: Բանակցությունները դրա շուրջ էին, որ Տեր-Պետրոսյանը գա ժողովրդի մոտ և ինչ-որ բան ասի. պետք էր նորից պրոցեսը տանել քաղաքական հուն: Իշխանությունները դրան պատրաստ չէին, զբաղված էին ժամանակ ձգելով: Նրանք արդեն որոշում կայացրել էին, և արդեն բռնություն կիրառել էին:

– Ե՞րբ էր կարելի խուսափել արյունահեղությունից:

– Մինչև Մարտի 1-ը, մինչ այդ 10 օր շարունակ նորմալ ցույցեր էին, մի տերև անգամ ծառերից չէր պակասել, մարդիկ օրինական իրենց բողոքն էին ներկայացնում, իշխանությունը պետք է դուրս գար երկխոսության, օրինակ՝ առաջարկեր, որ ընտրությունները երկրորդ փուլով անցկացվեին, որը նորմալ ելք կլիներ:

– Ինչո՞ւ խուսափեցին այդ խաղաղ ճանապարհից:

– Որովհետև իրենք արդեն քաղաքականապես պարտված էին: Հասկացան, որ քաղաքական ուղի դեպի հաղթանակ իրենց համար գոյություն չունի… Արյան հոտը հայկական քաղաքականություն մտավ Հոկտեմբերի 27-ով: Դրանից հետո Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը հաստատեցին դիկտատուրա՝ վերացնելով Կ. Դեմիրճյան – Վ. Սարգսյան հակակշիռը, կառուցեցին իրենց ավազապետական բուրգը, որը որևէ հակակշիռ չուներ: 2008թ. ընտրությունները փորձ էր Հայաստանի քաղաքականությունը, որն անցել էր քրեական-գողական տրամաբանության մեջ, վերադարձնել դեպի քաղաքական տրամաբանություն: Դա չեղավ, որովհետև քրեական վարչակազմը՝ հասկանալով, թե ինչն է դրված խաղաքարտին՝ նորից դիմեց քրեական մեթոդների…

2018թ. տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը… 2018թ. ապրիլի 23-ը կարելի է համարել Հայաստանի վերադարձի օրը քրեական տրամաբանությունից դեպի քաղաքական տրամաբանություն: Եվ հիմա հանրաքվեն էլ է այս տրամաբանության մեջ տեղավորվում: Այդ պրոցեսը 2018-ի ապրիլի 23-ին հիմնականում արվել է, բայց մինչև վերջ ավարտված չէ, քրեական տրամաբանությունը Հայաստանում դեռ ունի վերջին մնացուկը՝ դա ՍԴ-ն է՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Հանրաքվեով այդ վերջին քայլը պետք է արվի՝ Հայաստանը վերադարձնելու դեպի քաղաքական տրամաբանություն:

– Ես մի դետալ հիշեցի՝ օրեր առաջ Մարտի 1-ի գործով դատական նիստին երկրորդ նախագահը այսպիսի ուղղում արեց, որ ինքը ոստիկանությանը հրամաններ տալու իրավասություն չուներ սահմանադրորեն:

– Միգուցեև սահմանադրորեն իրավունք չուներ, բայց կան նաև չգրված օրենքներ: Ես վստահեցնում եմ՝ ոչ մի ոստիկանապետ չի տա հրաման կրակելու ժողովրդի վրա: Ռ. Քոչարյանը դա անում է իր վրայից պատասխանատվությունը հանելու նպատակով, այդպես փորձում է համոզել, որ իր մեղքը այդ արյունահեղության մեջ չկա, ինչը բացարձակապես սուտ է: Եվ, ի դեպ, այս հանրաքվեն լուծելու է նաև Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության հարցը: ՍԴ-ն սպասում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, և կարևոր չէ, թե ինչ է պատասխանելու, իրենց պետք է հիմք ունենալ և իրենց որոշումը կայացնել, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, և դրանով Ռ. Քոչարյանը կազատվի քրեական պատասխանատվությունից և ընդհանրապես Մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվությունից: Սա է պլանը, մշակված է, որ պետք է արվի մինչև ապրիլի 5-ը: Եթե հանրաքվեով դադարեցվի այս կազմով ՍԴ-ի գործունեությունը, այս պլանը չի իրագործվի: Հայաստանում քրեապետության շոշափուկները թափանցել են շատ տեղեր… Տաղանդավոր հանցագործներ են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *