Լուրեր
Քոչարյանը Մարտի 1-ին մի քանի սցենար է ունեցել. երբ նա խոսել է զոհերի մասին, դեռ զոհեր չէին եղել

Երկու օրից լրանում է Մարտի 1-ի ողբերգության 12-րդ տարելիցը, նախատեսվում է զոհերի հիշատակին նվիրված երթ: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և վերլուծաբան Մհեր Ղալեչյանը:

Հիշելով մարտիմեկյան դեպքերը՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ այդ ժամանակ «Հայկական ժամանակ»-ում լրագրող էր և այդ օրը գիշերը տուն էր գնացել, քանի որ առջևում շաբաթ-կիրակի էր. «Առավոտյան 6.15 գործընկերներիցս Հայկ Գևորգյանը զանգահարեց և ասաց՝ գրոհեցին: Մինչև հասա Ազատության հրապարակ, արդեն հրապարակը հատուկ ջոկատների կողմից պաշարված էր: Առանց նախազգուշացման ուղղակի հարձակվել են: Այդ օրերին քաղաքացիական հագուստով ոստիկանության, ԱԱԾ-ի օպերատիվ աշխատակիցները լցված էին Ազատության հրապարակը»:

Մհեր Ղալեչյանը հիշեց, որ ամեն օր, երբ հրապարակվում էր «Չորրորդ իշխանություն» թերթը, գիշերը 20-30 թերթ էր տանում Ազատության հրապարակ և բաժանում. «Այդ օրը ժամը 5-ին հրապարակում էի, շատ հանգիստ էր, մի մասը երգում էր, մի մասը խարույկի մոտ տաքանում էր, մի մասը ուղղակի զբոսնում էր, մյուս մասը՝ ննջում: Հենց տուն հասա, 20-րոպեից զանգահարեցին և ասացին՝ գրոհում են: 7. 30 արդեն հրապարակը զորքով շղթայել էին, մարդկանց բռնում էին և ոստիկանական բեռնատարների մեջ տեղավորում: Մահակներով աջուձախ հարվածում էին մարդկանց, իսկ նրանք հայհոյում ու անիծում էին: Տեսա Հրանտ Բագրատյանին, որ ասում էր՝ էս ի՞նչ եք անում, հետո իմացա, որ նրան էլ են քաղմաս տարել…  Միանշանակ դա նախօրոք կազմակերպված օպերացիա էր»:

«Առավոտյան տեղեկացա, որ հարձակումը սկսվել է, առաջինը զանգահարեցի Սուրեն Աբրահամյանին, շտաբի մյուս անդամներին… Գնացինք գրասենյակի մոտ, ովքեր կարողացել են չբռնվել, մահակների հարվածներ էին ստացել, մի մասին առաջին օգնություն ցույց տրվեց: Արդեն գիտեինք, որ մարդկանց են բերման ենթարկում, ձերբակալում, Լ. Զուրաբյանը և Ա. Ավագյանը հանձնարարեցին ձերբակալվածների ցուցակ կազմել… Այդ ժամանակ ծնվեց քաղբանտարկյալների ցուցակը»:

Ի՞նչը կկանգնեցներ ողբերգությունը, ո՞ւմ ձեռքին էր այդ շանսը: Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ՝ շանսը միայն իշխանությունների ձեռքին էր, այսինքն՝ եթե իշխանությունը մտադրվել էր ուժով ճնշել, նրան ոչ ոք չէր կարող կանգնեցնել, մյուսներն անզոր էին. «Քոչարյանին չի հետքրքրել ո՛չ մեր Սահմանադրությունը, ո՛չ մեր երկրի ապագան»:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ հնարավոր չէր, որ ցուցարարների կողմից զենք կիրառվեր և ԱԱԾ-ի և ոստիկանության այդքան աշախատողների ներկայությամբ չհայտնաբերվեին… Մարտի 1-ին ոչ մեկին չի առաջադրվել ապօրինի զենք կրելու մեղադրանք… Ժողովրդի մեջ կային սադրիչներ»:

Վ. Հովակիմյանի դիտարկմամբ՝ եթե հարձակումը և զոհերը չլինեին, չէին կարող արտակարգ իրավիճակ հայտարարել. «Քոչարյանի վարչակազմին պետք էր արտակարգ իրավիճակ, որպեսզի ՍԴ վեճը քննվեր արտակարգ պայմաններում և ժողովուրդը հնարավորություն չունենար հավաքվելու»:

Մ. Ղալեչյանի խոսքով՝ Քոչարյանը մարտի 1-ին մի քանի սցենար է ունեցել, որոնցից մեկը ուժ կիրառելն է եղել:

Արմեն Խաչատրյանի և Վահագն Հովակիմյանի հավաստմամբ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսել է զոհերի մասին, դեռ զոհեր չեն եղել:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *