Լուրեր
Մոսկվան զիջումների չի գնա. Անկարան կփորձի ուժեղացնել ճնշումն արցախյան հարցում
  • 21:45
  • 2020-02-28
  • Դիտումներ՝ *

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը բավականին թեժ է եղել Սիրիայում։ Սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ ուղիղ բախման մեջ են մտել Թուրքիայի և Սիրիայի բանակները. Իդլիբում Սիրիայի բանակի ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինծառայող է սպանվել, կա երեք տասնյակից ավելի վիրավոր: Տեղի ունեցածից հետո Թուրքիայի նախագահը անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել, բացի դրանից՝ Անկարան ձեռնարկել է նաև խորհրդակցություն ՆԱՏՕ-ի մակարդակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Մեր զրուցակիցը կարևորեց այն փաստը, որ թուրքական բանակը տեղի ունեցածից հետո հուժկու զանգվածային հարված է հասցրել սիրիական բանակին, թուրքական աղբյուրները հայտարարում են հարյուրավոր զոհերի մասին: «Փաստերի ընթացքը վկայում է, որ ռուսական կողմն այս անգամ բավականին վճռական է տրամադրված և չի գնա զիջումների թուրքական կողմին: Դա նշանակում է, որ Սիրիայի կառավարական ուժերը կշարունակեն ազատագրել Իդլիբը պրոթուրքական զինյալ ջիհադիստներից և թուրքական զինուժի ներկայացուցիչներից: Կարծում եմ՝ հարձակումը չի կանգնեցի Ասադի բանակին»:

Անդրադառնալով Բաքվում Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Արցախի հիմնախնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է, Սաֆրաստյանն ասաց. «Էրդողանը կփորձի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մեկ անգամ ևս օգտագործելով Արցախի խաղաքարտը… Կարծում եմ՝ այս ուղղությամբ դեռ գործողությունների ականատեսը կլինենք, գուցե հայտարարությունների մակադրակով, գուցե զենք-զինամթերքի մատակարարման ձևով, Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում՝ Ադրբեջանին մղելով ավելի ակտիվ դիրքորոշման: Բայց կգնա՞ արդյոք այն քայլի, որ ուղղակի կանաչ լույս վառի Ադրբեջանի համար՝ Արցախի դեմ հերթական ագրեսիվ լայնածավալ գործողությունը ձեռնարկելու, կարծում եմ՝ ներկա փուլում այդ քայլին չի գնա»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *