Այսօր Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է: Ադրբեջանը կազմակերպել էր այդ ջարդերը՝ կանխելու համար արցախյան շարժումը, որպեսզի արյունալի գործողությունների հեռանկարով սարսափեցնի հայերին: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանին և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանին:
Անդրադառնալով ռուսական մամուլի միջոցով ադրբեջանական քարոզչությանը և բացահայտ կեղծիքի տարածմանը՝ Բենիամին Պողոսյանը նկատեց. «Սա նոր բան չէ. Ադրբեջանը առնվազն վերջին 10-15 տարում իր գիծն իրականացնում է, և ամեն տարի Խոջալուի, իրենց պնդմամբ կամ չակերտավոր ասած՝ ցեղասպանության տարելիցին կազմակերպում են զանազան միջոցառումներ, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս»:
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, Ադրբեջանի քարոզչական գործողությունները բավական քիչ են ազդում արցախյան հակամարտության կարգավորման ռեալ գործընթացի վրա. «Իհարկե, դա չի նշանակում, որ մենք ոչինչ չպետք է անենք, բայց նաև չպետք է գերագնահատենք: Իմ համոզմամբ՝ շատ ավելի կարևոր է ռեալ բանակցային գործընթացը, թե՝ որտեղ ենք մենք, ուր ենք գնում, ինչ խնդիրներ և սպառնալիքներ կան»:
Միքայել Զոլյանը համակարծիք է, որ չպետք է գերագնահատել քարոզչական գործիքների ազդեցությունը. «Նաև համաձայն եմ, որ պետք է, սակայն, դրանց դեմ պայքարել: Կարծում եմ, որ անհրաժեշտ գործիքները կիրառվում են, մասնավորապես՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան կողմից են քայլեր ձեռնարկվում: Իհարկե, շատ կարևոր է, որ այս ամենի դեմ աշխատանք իրականացնեն ոչ պետական մարմինները»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի հասկացել մի պարզ ճշմարտություն. «Այս հակամարտությունը կարող են կարգավորել միայն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդները»:
Զոլյանն ընդգծեց, որ Սումգայիթում տեղի ունեցածը աննախադեպ էր, որը ժամանակին մեծ շոկ առաջացրեց, և դրանից հետո Ադրբեջանում առաջացավ այդ իրադարձությանը հակակշռելու ցանկություն. «Եվ հիմա տպավորություն է, որ Ադրբեջանն ուզում է հետ գնալ, և որ կա ինչ-որ միջազգային դատավոր, որին դիմում են ադրբեջանցիներն ու ուզում են իրենց փաստարկները ներկայացնել: Բայց այս ամենի արդյունքում ցավալին այն է, որ ինչպես 25 տարի չի լուծվել հակամարտությունը, կարող է ևս 25 տարի չլուծվել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: