Սերժ Սարգսյանն իսկապե՞ս հավատում է, որ իր հանդեպ քրեական հետապնդումը, դիզվառելիքի գործը պայմանավորված է ընդամենը Արցախի հարցում, այսպես ասած, հերոսների դիմադրունակությունը չեզոքացնելու այն դավադրապաշտ տեսությամբ, որ տարածում են նրա համակիրները, նրա թիմակիցները՝ եթե, իհարկե, Սարգսյանն ունի թիմակից: Նրա թիմի հարցը բոլորովին այլ հարց է, քննարկման այլ թեմա: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն իսկապե՞ս հավատում է, որ իր հանդեպ իրականացվում է հետապնդում Արցախի հարցում դիմադրություն կոտրելու նպատակով: Այն հայտարարությունը, որ նա արեց դատարանի դիմաց՝ համակիրների առաջ խոսելով, թե Արցախը ոչ մի դեպքում չի լինի Ադրբեջանի կազմում, հիմք է տալիս խոսելու, որ հավատում է: Սակայն դա առերևույթ հիմք է, առերևույթ տպավորության համար: Գործնականում, Սերժ Սարգսյանը գուցե ամենևին չի դիմադրում համակիրների կամ իր պաշտպանական խմբերի տարածած «թեզին», և անգամ ինքն էլ դրա «գաղափարախոսն» է, հեղինակը, սակայն պատճառը այստեղ բոլորովին այլ է, քան հավատը իր իսկ հեղինակած մտքի նկատմամբ:
Պատճառը փնտրելու կամ հասկանալու համար արժե հիշել, թե ամիսներ առաջ դատարանում ինչ էր հայտարարում Ռոբերտ Քոչարյանը, երբ քննարկվում էր նրա խափանման միջոցի փոփոխության հարցը: Երկրորդ նախագահը հայտարարում էր, թե ինքը փախչող չէ և, եթե լիներ փախչող, ապա ադրբեջանցիները հիմա Ստեփանակերտում թեյ էին խմում: Եթե այդ հայտարարությունը դիտարկում ենք նաև Ռոբերտ Քոչարյանի՝ իր հանդեպ մեղադրանքի հենց սկզբից կիրառած «թեզին», որ հարվածում են Արցախի հերոսին՝ Արցախը թուլացնելու համար, և այդ ամենն էլ եթե ամբողջացնենք Սերժ Սարգսյանի հանդեպ նրա արտահայտած բավականին թափանցիկ կասկածներով, պատկերը կդառնա զգալիորեն պարզ: Զգալիորեն հստակ կամ թափանցիկ կդառնա, թե ինչու է Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց հերոսաբար հայտարարում Արցախի մասին, իր ճակատագիրը, իր հանդեպ քրեական հետապնդումը ստորադասում Արցախի հարցին և կոչ անում համախոհներին չկենտրոնանալ իր գործի վրա, գնալ տուն և մտածել երկրի անվտանգության մասին:
Երրորդ նախագահը չէր կարող երկրորդ նախագահի հայտարարության ֆոնին հայտարարել, թե՝ այդ ես եմ, որ թույլ չեմ տվել ադրբեջանցիներին թեյ խմել Ստեփանակերտում: Բայց այդ մասին չհայտարարելով ուղիղ, մի շարք էական պատճառների բերումով, Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, դատարանի դիմաց գործնականում հայտարարում էր հենց դա, խոսում էր հենց այդ մասին, Ռոբերտ Քոչարյանին պատասխանելով, որ արցախյան հարցում դիմադրունակության առանցքը երկրորդ նախագահը չէ, այլ ինքը՝ երրորդը: Միևնույն ժամանակ, դրանով էլ Սերժ Սարգսյանը ակնարկում էր, որ միայն Քոչարյանին չէ, որ «հետապնդում» են Արցախի համար, այլ նաև իրեն: Այդ իմաստով, Սարգսյանը նաև «արդարանում» է նախկին իշխող համակարգի այն շրջանակների առաջ, որոնք հստակ Ռոբերտ Քոչարյանի կամ իր միջև կողմնորոշված չեն, սակայն քաղաքական հետագա զարգացումներում, խորհրդարանի հաջորդ ընտրությանը կարող են պետք լինել՝ առավել ևս բավականին սուղ ընտրազանգվածի պայմաններում:
Ընդհանուր առմամբ, գուցե հնչի փոքր-ինչ տարօրինակ, սակայն պետք է գործընթացի մեջ նկատել դրականն ու էֆեկտիվը Հայաստանի համար: Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ուղղակի կամ անուղղակի մրցակցեն Արցախի հարցում վաստակի համար, և թող դա էլ օգտագործեն նոր իշխանությանն ընդդիմախոսելու համար: Կարևորն այստեղ այն է, որ այդ գործընթացի «բովանդակությունը» կազմված է Հայաստանի համար անվտանգային կարևոր ասպեկտներով, և, կամա, թե ակամա, բայց նախկին համակարգը գոնե իշխանությունը թողնելուց հետո այդ առումով նշանակալի ծառայություն է մատուցում Հայաստանի շահին՝ թող որ այդ ծառայությունը լինի բոլորովին այլ նկատառումով կամ ակնկալիքով, և պայմանավորված լինի ընդամենը կորուսյալ իշխանության հանգամանքով պայմանավորված քինախնդրությամբ: Դա արդեն էական չէ, էականն այն է, որ Հայաստանին այդուհանդերձ կմնա դրական նստվածքը, եթե՝ անգամ անկախ նրանց կամքից: