Իրանի իշխանությունները հայտարարել են, որ սահմանափակում են երկրի ներսում այն անձանց տեղաշարժը, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսի ախտանշաններ կան:
«Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնց մոտ կորոնավիրուս է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, որոնք արդեն վարակված են»,- ասել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին մամուլի ասուլիսում՝ հորդորելով երկրի բնակիչներին՝ չճամփորդել:
Նրա խոսքով՝ քաղաքների մատույցներում կտեղաբաշխվեն հատուկ խմբեր, որոնք կչափեն մարդկանց ջերմությունը: Այն մարդիկ, ում մոտ կորոնավիրուի ախտանշաններ կլինեն, կարանտինի կենթարկվեն 14 օրով:
Նամակին նաև հայտնել է, որ սահմանափակումներ կկիրառվեն շիաների մի քանի սրբավայրեր վրա, ներառյալ Իմամ Ռըզայի տաճարը Մեշհեդում և Ֆաթիմա Մասումեի տաճարը Ղոմում:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 140 դեպք, 19 մարդ մահացել է: