Լուրեր
Իրավապահ համակարգում կան պաշտոնյաներ, որոնք սերտորեն կապված են նախկինների հետ. պետք է անհապաղ լյուստրացիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով: «Չնայած հեղափոխությունից հետո իրավապահ կառույցներն այդ գործում դրսևորել են նախորդ տարիների համեմատ բարձր արդյունք, բայց, ընդհանուր առմամբ, այն ամենևին գոհացուցիչ չէ՝ հեղափոխական հնարավորությունների ու հանրային սպասումների համեմատությամբ»,- նկատել է վարչապետը:

Վերջին տարիներին պետությանը պատճառվել է միլիարդավոր դոլարների վնաս, և հանրությունը հեղափոխությամբ տվել է նաև դրանք վերադարձնելու մանդատ: Ըստ վարչապետի՝ իրավապահ համակարգի բարձր պաշտոններում եղել են բառի բուն իմաստով դավաճաններ, որոնք խանգարել են հակակոռուպցիոն հետհեղափոխական պայքարին, և այսօր էլ կան խանգարողներ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Սերոբ Անտինյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հայտարարությունը պետական համակարգի դիմադրության մասին է: «Կոռուպցիան շատ խոր արմատներ ուներ նախորդ համակարգում և, ըստ էության, հանդիսանում էր պետությունը զավթած այդ կլանի, բուրգի հիմնական պահող ինստիտուտը, որի միջոցով տեղի էր ունենում պետության հարստահարում: Կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համակարգի կազմաքանդումը պետք է լինի խորքային գործընթացներով…»: Փորձագետի կարծիքով՝ թեև ընդունվել է օրենք ապօրինի հարստացման մասին, բայց դա «անատամ» օրենք է, որովհետև վերաբերում է 2017թ. հաջորդած ժամանակահատվածին»:

«Անգամ օրենքի ընդունման դեպքում և տարբեր մեխանիզմների ներդրման իրավիճակում, վստահ չեմ, որ յուրացված ամբողջ գումարները կկարողանանք վերադարձնել, որովհետև շատ դեպքերում, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում՝ թղթերով ամեն ինչ մաքուր է… Եվ այստեղ լուծումն անցումային արդարադատությունն է»,- նշեց Գայանե Աբրահամյանը:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ իրավական համակարգում կա խորքային պետություն կոչվածը, որը դիմադրում է, այնտեղ մարդիկ են, ովքեր կապեր ունեն նախկին համակարգի ներկայացուցիչների հետ: «Միանգամից հնարավոր չէ մաղով անցկացնել բոլորին, պետք է սկսել բուրգի վերևից: Վերին օղակներում պետք է լինեն արմատական փոփոխություններ»,- ընդգծեց քաղաքագետը:

Ս. Անտինյանի կարծիքով՝ իշխանության կարևորագույն բացթողումն այն է, որ իր առջև չի դրել թիրախավորված խնդիրներ և նպատակներ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *