Լուրեր
39 հոգի հոսպիտալացվել են սահմանից, բայց կորոնավիրուս չի արձանագրվել. ԱԱՏՄ ղեկավար
  • 21:45
  • 2020-02-26
  • Դիտումներ՝ *

«Ոչ մի երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի ներթափանցումից: Յուրաքանչյուր երկրի թիվ մեկ խնդիրն է այնպես անել, որ այն չներթափանցի, իսկ եթե նույնիսկ նման ինչ-որ դեպք լինի, ապա կատարել կանխարգելիչ գործողություններ և ի սկզբանե վերցնել հաշվառման, որպեսզի տարածում չլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետ Հակոբ Ավագյանը:

Մեր զրուցակիցը կանխարգելիչ գործողությունների շարքին է դասում Իրանի հետ սահմանի երկշաբաթյա փակման մասին կառավարության որոշումը. «Երեկվանից արդեն մեր հարավային սահմանը փակ է՝ այնքանով, որքանով սահմանված է կառավարության որոշմամբ»:

Հակոբ Ավագյանը նշեց, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում. «Անկախ նրանից՝ սահմանը հատող մարդը ջերմում է, թե ոչ, մենք նրա համար լրացնում ենք հասցեական քարտ: Եվ ահռելի մեծ աշխատանք տեղի է ունենում դրանից հետո: Խոսում եմ այն մասին, երբ չկան ջերմություն ու ցուցումներ: Ամեն օր նրանց այցելում են պոլիկլինիկայի աշխատողները, ջերմությունն են չափում, արտաքին տեսքն են զննում, և եթե ինչ-որ բան խախտվում է, արագ հոսպիտալացնում են: Ունենք դեպքեր, երբ հոսպիտալացվել են սահմանը հատելուց 1-2 օր կամ մեկ շաբաթ հետո: Անմիջապես հսկիչ կետերից հոսպիտալացվել է 39 հոգի, մեծ մասը՝ օդանավակայանից, բայց, փառք Աստծու, կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *