«Առաջին լրատվական»-ը շարունակում է իր աշխատանքը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Մեր զրուցակիցն է Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև սրբազանը:
«Մենք` հայերս, ունենք երկու նպատակ՝ ճանաչեցնել տալ Արցախի Հանրապետությունը և Ցեղասպանության ճանաչումը, նաև, իհարկե, ապահովել մեր միացյալ հայրենիքի անվտանգությունը: Մենք բռնել ենք այս ճանապարհը ու չպիտի շեղվենք և ուժ չպիտի խնայենք՝ նպատակ ես դրել, պիտի հասնես: Ես կարծում եմ՝ ամբողջ հայությամբ պիտի լծված լինենք այդ առաքելությանը»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը:
Անդրադառնալով Արցախում կայանալիք համապետական ընտրություններին՝ նա ասաց, որ վերջին 30 տարիներին, բարեբախտաբար, բավական լավ են անցել ընտրությունները. «Առանց լցոնումների, առանց ընտրակաշառքի, առանց կեղծիքների: Բայց ես կարծում եմ, որ այս ընտրությունը պետք է դառնա ավելի լավը, պետք է ձգտենք ավելի իդեալականին. որպեսզի Արցախի Հանրապետությունը ճանաչվի աշխարհով մեկ, պետք է ապացուցենք, որ ժողովրդավար երկիր ենք: Այս տարածաշրջանում մենք պետք է ամենա-ամենաօրինակելի ընտրությունն անցկացնենք»:
Ինչ վերաբերում է եկեղեցու դերակատարությանը, Պարգև սրբազանը հիշեցրեց այն չգրված օրենքը, ըստ որի՝ եկեղեցին չի մխրճվում քաղաքական գործընթացների մեջ. «Սակայն երբ լինում են սրացումներ, լարումներ, հանդարտություն բերելու համար ստիպված ենք լինում երբեմն-երբեմն՝ անտեսանելի, երբեմն էլ տեսանելի ձևով միջամտել և մեր հոգևոր զավակներին հորդորել, որ ի վերջո՝ մեկ ընտանիք ենք, ընտրությունը պետք է հարթ անցնի, ընտրությունից հետո բոլորս ուս ուսի տված պետք է ծառայենք»:
Արցախի հոգևոր առաջնորդը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև միշտ լինելու են ամենահարազատ և սերտ կապերը. «Ոչ մի բան չի կարող մեզ խոչընդոտել՝ անկախ անձանցից ու ղեկավարներից: Գաղտնիք չէ՝ ուշ թե շուտ մենք միանալու ենք մայր Հայաստանին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: