Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Չեմ հիշում որևէ դեպք, որ Մհերյանի կամ Կոստանյանի հետ 2008թ․ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որևէ զրույց ունեցած լինեմ. Ալիկ Սարգսյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի ցուցմունքը։

2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ինչպես նշեցի, հանդիսանում էի ՀՀ Արարատի մարզպետը։ Մարզպետ եղած ժամանակ այդ իրադարձությունների վերաբերյալ տեղեկացված եմ եղել այնքանով, որքանով հաղորդվում էր զանգվածային լրատվական միջոցներով, մասնավորապես, որ Երևան քաղաքում ցույցեր են տեղի ունենում՝ պայմանավորված ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներով։ Այդ ժամանակահատվածում հիմնականում գտնվել եմ Արարատի մարզում։ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չեմ եղել։ 2008թ․ մայիսի 31-ին, այդ իրադարձություններից երեք ամիս անց, նշանակվեցի ՀՀ ոստիկանապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը ստանձնելուց հետո չեմ հիշում որևէ դեպք, որ ինձ զեկուցված լինի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ նյութերի կամ քրեական գործի հանգամանքներ։ Եթե չեմ սխալվում, այդ իրադարձությունների հետ կապված քրեական գործի նախաքննությունը կատարվում էր կա՛մ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից, կա՛մ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից, իսկ հսկողությունն իրականացնում էր ՀՀ գլխավոր դատախազությունը։ Չի բացառվում, որ նախաքննական մարմնից ստացած լինեմ այդ իրադարձությունների հետ կապված օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, որոնք մակագրել եմ համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին։ Ենթադրում եմ, որ հանձնարարությունները կատարվել են, և տրվել են համապատասխան պատասխաններ, սակայն այդ հանձնարությունները կոնկրետ ինչ հարցերի վերաբերյալ են եղել, այժմ չեմ հիշում։

Հարց- Հաշվի առնելով այդ իրադարձությունների արտառոց լինելը, որպես ՀՀ ոստիկանապետ, արդյոք անձնական հսկողության տակ չե՞ք վերցրել դրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության իրացումը, մասնավորապես այդ իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի գործողությունների վերաբերյալ, բանակի ներգրավվածության վերաբերյալ, 10 անձանց զոհվելու վերաբերյալ և այլն։

Պատասխան- Բնական է, որ նաև անձնական հսկողություն եմ սահմանել, որ ստացվող հանձնարարությունները պատշաճ կատարվեն, ստացվող տեղեկատվությունը ստուգվի և իրացվի, ուղղակի հիմա շատ հանգամանքներ չեմ հիշում։

Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008թ․ մարտի 1-ին վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներին ցրելու և դրա հետ կապված ոստիկանությունում առկա փաստաթղթային հիմքերի մասին։ Առիթ ունեցե՞լ եք արդյոք ուսումնասիրելու այդ հիմքերը, եթե այո, ապա ի՞նչ առիթով, ե՞րբ և ի՞նչ փաստաթղթեր կամ նյութեր եք ուսումնասիրել։

Պատասխան- Ես ընդամենը լսել եմ, որ 2008թ․ մարտի 1-ին վաղ առավոտյան Ազատության հրապարակում, որտեղ հավաքված են եղել ցուցարարներ, ոստիկանության ուժերի կողմից կատարվել են ցուցարարներին ցրելու և տարածքը զննելու գործողություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են տարբեր առարկաներ, մետաղե ձողեր։ Այդ մասին մարզպետ եղած ժամանակ լսել եմ զանգվածային լրատվական միջոցներով, նաև հեռուստատեսությամբ տեսել եմ որոշ կադրեր։ Կոնկրետ ոստիկանության որ ստորաբաժանումներն են ներգրավված եղել այդ միջոցառմանը՝ տեղյակ չեմ։ Ոստիկանապետ դառնալուց հետո այդ միջոցառման հետ կապված ինձ ոչինչ չի զեկուցվել, որևէ փաստաթղթային հիմքեր, նյութեր ինձ չեն ներկայացվել, և ես առիթ չեմ ունեցել դրանք պահանջելու և ուսումնասիրելու։

Հարց- ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո 2008թ․ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ի՞նչ առնչություն կամ խոսակցություններ եք ունեցել Ձեր պաշտոնավարման ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի և ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի հետ։ Այդ հարցով Մհերյանն ու Կոստանյանը երբևէ եղե՞լ են արդյոք Ձեզ մոտ՝ ՀՀ ոստիկանությունում, եթե այո, ապա կոնկրետ ե՞րբ և ի՞նչ հարցով։

Պատասխան- Որքան հիշում եմ, իմ՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց մոտ 2-3 ամիս անց Գևորգ Մհերյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, նշանակվեց փոխոստիկանապետ, իսկ նրա փոխարեն Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ նախագահի օգնականի պաշտոնում։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Մհերյանի կամ Կոստանյանի հետ 2008թ․ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որևէ զրույց ունեցած լինեմ կամ այդ իրադարձությունների հետ կապված որևէ հարց քննարկած լինեմ նրանց հետ։ Երկուսի հետ էլ շատ քիչ եմ շփվել, չեմ էլ հիշում, թե ինչ հարցերով։

Հարց- Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ․ մարտի 1-ին վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներին ցրելու միջոցառման հետ կապված փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ ցուցարարների մոտ, իբրև զենք-զինամթերքի առկայության մասին զեկուցագրերը, այդ օրը Ազատության հրապարակում օպերատիվ միջոցառում անցկացնելու մասին միջնորդությունը և համապատասխան որոշումը կազմվել են փաստացի այդ միջոցառումներն իրականացնելուց հետո, հետին ամսաթվով՝ այդ դեպքերից տևական ժամանակ անց և Ձեր՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Առաջին անգամ եմ լսում հիշյալ տեղեկատվությունը, նախկինում նման բան չեմ լսել, տեղյակ չեմ եղել։ Ես այդ փաստաթղթերը կազմելուց տեղյակ չեմ և որևէ առիթ չեմ ունեցել այդ փաստաթղթերը տեսնել կամ քննարկել դրանք։

Հարց- Ըստ ստացված տեղեկությունների՝ հիշյալ փաստաթղթային հիմքերը կազմելու անհրաժեշտության մասին Ձեզ ասել են Գևորգ Մհերյանն ու Գևորգ Կոստանյանը, իսկ Դուք նրանց ներկայությամբ հանձնարարել եք Ձեր ենթականերին կազմել այդ փաստաթղթերը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Պատասխան- Ես հերքում եմ այդ տեղեկությունը, նման բան չի եղել, Գևորգ Մհերյանը կամ Գևորգ Կոստանյանը նման հարցով ինձ չեն դիմել, իսկ ես էլ որևէ մեկին հանձնարարություն չեմ տվել նման փաստաթղթեր կազմել։ Եթե նույնիսկ նման փաստաթղթեր իրականում կազմվել են իմ՝ ՀՀ ոստիկանապետ եղած ժամանակ, ապա դա արվել է առանց իմ գիտության։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ․՝ քննվող իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության և մի շարք քաղաքացիների միջև կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ այդ քաղաքացիներն իրենց պատկանող ավտոբուսներով իրականացրել են ոստիկանության ծառայողների տեղափոխումներ։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։

Հարց- Քրեական գործում առկա փաստաթղթային հիմքերի համաձայն՝ քաղաքացիներ Պետրոս Գասպարյանը, Մարատ Մովսիսյանը և Վլադիսլավ Բարսեղյանը 2008թ․ փետրվարի 23-ին պայմանագրային հիմունքներով՝ սեփական «Իկարուս» տիպի ավտոբուսներով աշխատանքի են ընդունվել ՀՀ ոստիկանության և հետընտրական շրջանում երկրում ստեղծված լարվածությունը մեղմելու և կայունություն ապահովելու նպատակով սպասարկել են ոստիկանության զորքերի տեղափոխումը քաղաքի տարբեր հատվածներ։ Նշված անձինք փետրվարի 28-ի գիշերը ստացել են հատուկ առաջադրանք՝ տեղափոխել ոստիկանության ստորաբաժանումներին օպերայի հատվածից քաղաքապետարանի տարածք, ինչը և կատարել են։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի ժամանակ նշված քաղաքացիներ ավտոբուսները վնասվել են, ինչի պատճառով նշված քաղաքացիները կառավարությունից վնասների հատուցում են պահանջել։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին, և տվյալ հարցը ի՞նչ լուծում, ի՞նչ ընթացք է ստացել։

Պատասխան- Ես չեմ հիշում, որ ինձ հետ քննարկված լինեն այդ քաղաքացիների վնաս պատճառելու և այդ վնասի հատուցման հետ կապված հարցեր, դրանից տեղյակ չեմ։

Հարց- Իսկ տեղյա՞կ եք արդյոք այն խնդրից, որ այդ օրերին ոստիկանության ծառայողներին տեղափոխելու համար հարկ է եղել լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ներգրավել։

Պատասխան- Ես տեղյակ չեմ որևէ դեպքից, որ ոստիկանության ծառայողներին տեղափոխելու համար տրանսպորտային միջոցները բավարար չլինեին, և կարիք եղած լինի այլ տեղերից լրացուցիչ տրանսպորտ ներգրավել։

Հարց- Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ղեկավար Վ․ Ստեփանյանին հասցեագրված Ձեր 18․12․2008թ․ գրության մեջ նշված է, որ 2008թ․ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների շենքերը, հիմնարկները և կազմակերպությունները հարձակումներից պահպանելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել ներգրավել լրացուցիչ ոստիկանական ուժեր, որոնց տեղաբաշխումն օպերատիվորեն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության նախկին պետ Հ․ Հարությունյանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել են անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով։ Ի՞նչ տվյալների հիման վրա եք հայտնել այդ տեղեկությունները փաստահավաք խմբին։

Պատասխան- Ես չեմ հիշում իմ ստորագրած այդ գրությունը, հավանաբար, իմ ենթականերից մեկը կազմել է այդ գրությունը, ներկայացրել է ինձ, ես էլ ստորագրել եմ։

Հարց- Նման գրություններ ստորագրելուց առաջ սովորաբար ծանոթացե՞լ եք արդյոք այդ նյութերին, որոնք հիմք են հանդիսացել գրությունը կազմելու համար, թե՞ ոչ, եթե անձամբ չեք ծանոթացել, ապա ինչո՞ւ։

Պատասխան- Դա կախված է եղել նրանից, թե կարևորագույն հարցի մասին է եղել խոսքը կամ ով է եղել ներկայացնողը։ Օրինակ՝ եթե գրությունը ինձ ներկայացրել է ստորագրության իմ տեղակալներից մեկը և վստահեցրել է, որ հիմքերը կան, կարող էի նաև անձամբ այդ հիմքերը չուսումնասիրել և հավատալ ներկայացնողին։ Հնարավոր է նաև, որ կարևորություն չեմ տվել ու չեմ կարծել, որ կարող է իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացվել ինձ։ Կոնկրետ գրությունը ինձ ով է ներկայացրել, չեմ կարող ասել, քանի որ նույնիսկ չէի հիշում, որ նման գրություն եմ ստորագրել։

Հարց- Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ղեկավար Վ․ Ստեփանյանին հասցեագրված Ձեր նույն՝ 18․12․2018թ․ գրության մեջ նշված է նաև, որ փաստահավաք խմբի տրամադրված տեսանյութում, ՀՀ կառավարության շենքի մոտ, պատկերված են այդ շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, իսկ տեսանյութում պատկերված, քաղաքացիական հագուստով անձը հանդիսանում է ՀՀ ՊՆ թիվ 84582 զորամասի զինծառայող Արթուր Մաթևոսյանը (ի դեպ, ազգանունը սխալ է նշված), որը, որպես վարորդ, իրեն ամրակցված ավտոմեքենայով ներգրավված է եղել ՀՀ ոստիկանության ծառայողներին տեղաբաշխելու գործընթացում։ Առաջարկում եմ հայտնել, թե այդ տեղեկություններն ի՞նչ տվյալների հիման վրա եք հայտնել փաստահավաք խմբին, հիմքերին անձամբ ծանոթացե՞լ եք, թե՞ ոչ, տեսանյութին անձամբ ծանո՞թ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Կարող եմ ասել, որ այդ տվյալները փաստահավաք խմբին հայտնելիս նույնպես որևէ հիմքեր, այդ թվում՝ որևէ տեսանյութ, իմ կողմից չի ուսումնասիրվել, անձամբ չեմ ծանոթացել հիմքերին։

Հարց- Խնդրո առարկա տեսանյութում պարզ երևում է, որ ՀՀ կառավարության շենքի մոտ պատկերված են զինվորական համազգեստով անձինք։ Բացի դրանից՝ պարզվել է, որ հիշատակված զինծառայողը՝ Արթուրը, որևէ ոստիկանի տվյալ ավտոմեքենայով չի տեղափոխել։ Ինչո՞ւ եք փաստահավաք խմբին հասցեագրված գրության մեջ նշել, թե դրանք հատկապես ոստիկանության ծառայողներ են, իսկ տվյալ զինծառայողն իր ավտոմեքենայով տեղափոխել է ոստիկանության ծառայողներին։

Պատասխան- Կարող եմ ասել, որ հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ, որ ստորագրել եմ այդ գրությունը՝ առանց հիմքերին ծանոթանալու, հավատացել եմ այն անձին, որ գրությունը ներկայացրել է ինձ՝ ստորագրելու համար, կարևորություն չեմ տվել հարցին, մտածել եմ, որ գրությունը նախապատրաստողները իրոք կատարել են համապատասխան ստուգումներ։ Կարող եմ նաև ենթադրել, որ գրությունը ինձ ներկայացնողը եղել է իմ տեղակալներից մեկը, դրա համար էլ վստահել եմ և ստորագրել եմ։ Այդ ժամանակ իմ տեղակալներն են եղել Արմեն Երիցյանը (1-ին տեղակալ, օպերատիվ բլոկ), Գևորգ Մհերյանը (Անձնագրերի և վիզաների վարչություն և այլ հարցեր, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի, պետական մարմինների հետ շփումներ և գրագրություն), Սաշիկ Աֆյանը (ծառայություն), Հովիկ Հունանյանը (տնտեսական մաս), Գարեգին Գաբրիելյանը (ոստիկանության զորքերի հրամանատար), Գագիկ Համբարձումյանը (քննչական վարչության պետ)։ Կարծում եմ, բացի Գագիկ Համբարձումյանից, մյուսներից յուրաքանչյուրը կարող էին զբաղվել այդ գրությունը նախապատրաստելու հարցով, սակայն հիմա չեմ հիշում՝ կոնկրետ ով է այդ գրությունը բերել ինձ մոտ ստորագրման։

Հարց- Նշեցիք, որ չեք գիտակցել հիշյալ գրությամբ պարզաբանվող հարցերի կարևորությունը և անձամբ չեք ծանոթացել հիմքերին, սակայն Ձեր պատասխանը քիչ հավանական է թվում, հաշվի առնելով, որ հարցը վերաբերել է 2008թ․ մարտի 1-ի՝ հասարակական մեծ հնչեղություն ստացած և արտառոց դեպքերին։ Արդյո՞ք Ձեզ մոտ կասկած չի հարուցել ներկայացված գրության բովանդակությունը, և արդյո՞ք այն չեք ստորագրել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով կամ պահանջով։

Պատասխան- Ոչ, ինձ որևէ մեկը չի խնդրել կամ պահանջել կեղծ տեղեկատվություն ներկայացնել փաստահավաք խմբին։ Գրության մեջ նշված հանգամանքները հավանական եմ համարել, վստահել եմ տվյալ գրությունն ինձ ներկայացնողին և ստորագրել եմ՝ առանց հիմքերին անձամբ ծանոթանալու։ Չեմ մտածել, որ գրության մեջ կարող են նշված լինել իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ։

Հարց- Հարցաքննության ընթացքում նշեցիք, որ Ձեզ հայտնի չի եղել որևէ դեպք, երբ ոստիկանության տրանսպորտային միջոցները բավարարած չլինեն, և ոստիկանությունը այլ տեղերից լրացուցիչ տրանսպորտ ներգրավի։ Ի դեպ, քրեական գործի նախաքննության ընթացքում բոլոր հարցաքննված ոստիկանության ծառայողները ցուցմունքներ են տվել, որ իրենք այդ օրերին փոխադրվել են կամ իրենց ստորաբաժանումներին պատկանող, կամ էլ քաղաքացիական ավտոբուսներով, այլ ոչ թե ՊՆ կողմից տրամադրված տրանսպորտային միջոցներով։ Նման պայմաններում ինչո՞ւ եք ստորագրել մի գրություն, որտեղ պարունակվում է ոստիկանության ծառայողներին պաշտպանության նախարարության ավտոմեքենաներով տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է կասկածելի և ոչ արժանահավատ լիներ Ձեզ համար։

Պատասխան- Ես նկատի ունեի, որ որպես ՀՀ ոստիկանապետ, իմ պաշտոնավարման ժամանակ չէի հիշում նման դեպքեր։ Իսկ տվյալ գրությունը վերաբերել է Հ․ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածին, և ես մտածել եմ, որ կարող է այն ժամանակ իրոք նման անհրաժեշտություն է եղել՝ ՊՆ-ից լրացուցիչ տրանսպորտ խնդրելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում