Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այդ մասին ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության և պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի և Իրանի քաղաքացիներ: Նշենք, որ հոսպիտալացվածները ժամանել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չէ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, ներկայում երկու հիվանդների ջերմությունը նորմալ է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ: