«Առաջին լրատվական>»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Բագրատ Խաչատրյանի ցուցմունքը։
2008թ․ փետրվարի 20-ից սկսած զորքերի հրամանատարի հրամանով ծառայության ուժեղացված ռեժիմ էր հայտարարված։ Անձնակազմի 20-30 տոկոսը, որպես օպերատիվ խումբ, մշտապես գտնվում էր 1001 զորամասում։ ՈԶ թիվ 1032 զորամասում էր մնում միայն օրվա վերակարգը՝ հերթապահը և օրապահները։ Նշեմ, որ մեզ հետ միասին 1032 զորամասից ստացել և 1001 զորամաս էինք տեղափոխել հատուկ միջոցներ՝ ԿՍ-23 կարաբիններ, ՍՊՇ և «Կորնետ» ատրճանակներ, «Դրեյֆ», «Կասետ», «Զարյա» և «Սիրեն-6» տեսակի լուսա-ծխաձայնային նռնակներ։
Փետրվարի 29-ի լույս մարտ 1-ի գիշերը տագնապ հայտարարվեց։ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը կարգադրեց առավոտյան ժամը 06․30-ին ջոկատի անձնակազմը կազմ-պատրաստ շարել շինհրապարակում։ Տրված հրամանի համաձայն՝ անձնակազմը հանդերձավորվեց անհատական պաշտպանիչ միջոցներով՝ սաղավարտ, վահան, ռետինե մահակ, զրահաբաճկոն, ծնկակալ և արմնկակալ։ Հատուկ միջոցների կիրառման խումբը ևս նախապատրաստվեց ելքի։ Ենթասպաներ Ավետիք Աթաբեկյանը և Լևոն Հակոբյանը ստացան ԿՍ-23 տիպի կարաբիններ՝ իրենց համապատասխան «Վոլնա-Ռ» և «Չերյոմուխա-7» փամփուշտներով։ Ենթասպաներ Հակոբ Աբրոյանը և Սուրեն Բադալյանը ստացան ՍՊՇ տեսակի ատրճանակներ՝ «Չերյոմուխա-4» փամփուշտներով։ «Կորնետ» տեսակի ատրճանակներ ստացանք ես, իմ տեղակալներ Մարտիրոս Դավրանյանը և Արմեն Հայրապետյանը, կապիտաններ Զոհրաբ Ղազարյանը, Էդուարդ Մոսիկյանը և Արթուր Մարտիրոսյանը։ Նշեմ, որ «Կորնետ» տեսակի ատրճանակները նախատեսված են ռետինե գնդակ արձակող փամփուշտների համար։ Հատուկ միջոցների կիրառման խմբի ավագն էր մայոր Մարտիրոս Դավրանյանը, որն էլ իր և իր խմբի անդամների միջև բաժանեց լուսա-ծխաձայնային նռնակները։
Առավոտյան ժամը 06․30-ի սահմաններում անձնակազմը շարվեց շարահրապարակում, հրահանգավորում կատարվեց, որից հետո զորամասից դուրս եկանք և շարժվեցինք դեպի քաղաքի կենտրոն։ Ժամը 07-ի սահմաններում հասանք Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ և տեղակայվեցինք Ֆրանսիայի հրապարակում։ Տրված հրահանգի համաձայն՝ անձնակազմն ամբողջությամբ մնաց մեքենաներում։ Ես իջա մեքենայից և մոտեցա զորքերի հրամանատարությանը։ Այդ ժամանակ Ֆրանսիայի հրապարակ եկան նաև ոստիկանության և ոստիկանության զորքերի այլ ստորաբաժանումներ։
Ժամը 8․30-ի սահմաններում ինձ հրաման տրվեց իմ ջոկատի անձնակազմը՝ տեղակայել Օպերայի բակում՝ Թումանյանի արձանի հարևանությամբ։ Անձնակազմը տեղափոխվեց նշված վայր։ Իմ ստորաբաժանմանը կոնկրետ առաջադրանք չի տրվել, մնացել ենք մեր մեքենաների մոտ կանգնած։ Այդ ժամանակ Օպերայի բակում և հարակից տարածքներում ցուցարարներ չկային։ Մաքրում էին տարածքը, որն ամբողջությամբ աղբի մեջ էր։
Ժամը 10-10․30-ի սահմաններում ինձ կանչեց զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը և կարգադրեց իր ջոկատով մնալ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանի տրամադրության տակ։ Դրանից քիչ անց Գեղամ Պետրոսյանը հանձնարարեց թիվ 1033 զորամասի անձնակազմի հետ իմ ջոկատի ենթասպաներից 20 հոգու ուղարկել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Մոտ կես ժամ հետո գնդապետ Պետրոսյանը ցուցում տվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղափոխել հատուկ նշանակության ամբողջ ջոկատը։ Իմ ղեկավարությամբ ջոկատի ողջ անձնակազմը տեղափոխվեց այնտեղ։ Տեղակայվեցինք դեսպանատան և Մյասնիկյանի արձանի միջև ընկած հատվածում՝ Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում։ Այդ ժամանակ արդեն ցուցարարների կողմից փակվել էր Գրիգոր Լուսավորչի փողոցի երթևեկությունը։ Նրանք տրոլեյբուս և բեռնատար մեքենա էին կանգնեցրել անմիջապես դեսպանատան դիմաց՝ փողոցի լայնքով։ Քաղաքացիների ձեռքերին փայտե ու մետաղե ձողեր կային, մի քանիսի մոտ նույնիսկ ոստիկանական վահաններ կային։ Ես իմացա, որ մինչ այդ նրանք հարձակվել էին ոստիկանների վրա։ Իմ ջոկատի տղաներից մի քանիսի վահանները կոտրվել էին քարերի ու ձողերի հարվածներից։ Այդ ամենը կատարվել էր մինչև իմ այնտեղ հասնելը։ Մեր գնալուց հետո էլ մի քանի անգամ դեսպանատան դիմացի շինարարությունից քարեր ու ձողեր շպրտեցին մեր ուղղությամբ։ Հետո բանակցություններ սկսվեցին ոստիկանության ղեկավարության և ցուցարարների առաջնորդների միջև։ Կոնկրետ ես ներկա եմ գտնվել փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Աֆյանի և Դավիթ Շահնազարյանի խոսակցությանը։ Նրանք պայմանավորվեցին, որ ցուցարարները պետք է տեղափոխվեին Մատենադարանի տարածք, իսկ ոստիկանությունն էլ պետք է ապահովեր նրանց տեղաշարժը։ Դրանից հետո մեզ հրաման տրվեց վերադառնալ Օպերայի տարածք։
Ժամը 13․30-17-ի սահմաններում ես իմ ջոկատի անձնակազմի հետ գտնվել եմ Օպերայի բակում՝ Ազատության հրապարակում, որից հետո գնդապետ Գեղամ Պետրոսյանից հրաման ստացա անձնակազմը տեղափոխել Մաշտոցի պողոտա։ Մեքենաները տեղակայեցինք Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց։ Այդ ժամանակ արդեն ՈԶ թիվ 1031 և 1032 զորամասի անձնակազմերը, 1033 զորամասի ստորաբաժանումներից մեկը գտնվում էին Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի հատվածում։ Նրանք փակել էին Գրիգոր Լուսավորչի փողոցի վերջնամասը, որպեսզի անկարգության մասնակիցները Երևանի քաղաքապետարանի կողմից չկարողանային առաջանալ դեպի վերև՝ Մաշտոց, Պարոնյան և Պռոշյան փողոցներ։
Գնդապետ Գեղամ Պետրոսյանը կարգադրեց իմ ենթակայությամբ ծառայող ենթասպաներից 20 հոգու զինել հրազենով՝ անգնդակ և լուսածիրային փամփուշտներով։
Իմ կարգադրությամբ 20 հոգուց բաղկացած խումբ ձևավորվեց, որում ընդգրկվեցին ենթասպաներ Սամվել Դռնագանյանը, Հրաչ Մարկոսյանը, Գագիկ Քոչինյանը, Մկրտիչ Խաչատրյանը, Արսեն Խաչատրյանը, Արթուր Ղալթախչյանը, Դավիթ Մհերյանը, Իշխան Գևորգյանը, Բորիս Հայրապետովը, Արման Ամիրյանը, Նվեր Գասպարյանը, Երվանդ Հովակիմյանը, Մասիս Աբրահամյանը, Արման Ավագյանը, Վարդան Հակոբյանը, Դմիտրի Յացենկոն, Արթուր Սարգսյանը, Գարիկ Վարդանյանը և Եվգենի Կաչակը։ Իմ կողմից մեկնող խմբի ավագ նշանակվեց ջոկատի ավագ, ավագ ենթասպա Մեսրոպ Պողոսյանը։ Ավելի կոնկրետ՝ նա մեքենայի ավագն էր, որով կատարվեց անձնակազմի տեղափոխումը զորամաս և վերադարձը։ Տեղում պատահական ընտրությամբ հանձնարարեցի, որ ենթասպաներ Դմիտրի Յացենկոն, Արթուր Սարգսյանը և Գարիկ Վարդանյանը ստանային անգնդակ փամփուշտներ և դրանք կրակելու համար նախատեսված ինքնաձիգերին ամրացվող հատուկ գլխիկներ։ Ենթասպա Եվգենի Կաչակը, որը հաստիքով դիպուկահար է, պետք է ստանար իր դիպուկահարի ՍՎԴ տեսակի հրացանը։
Խումբը մեքենաներից մեկով անմիջապես մեկնեց 1032 զորամաս։
Ես բարձրացա Մաշտոցի գետնանցման վերևի հատված։ Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի հատվածում էին գտնվում ՈԶ հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը, ոստիկանության ղեկավարությունն ու բարձրաստիճան այլ սպաներ։ Արդեն զանգվածային անկարգությունները նոր թափ էին հավաքել, նրանք քարեր, փայտեր, մետաղական ձողեր ու տարբեր տեսակի հարմարեցված մետաղե կոնստրուկցիաներ էին գցում զինվորների ուղղությամբ։ Զաքյան փողոցի դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցը կրկին փակվել էր անկարգության մասնակիցների կողմից, բացի դրանից էլ՝ մեքենաներ էին կանգնեցվել փողոցին ուղղահայաց։ Ինֆորմացիա կար, որ անկարգության մասնակիցների մոտ զենք, պայթուցիկ նյութեր և դյուրավառ հեղուկներով լցված շշեր կան։ Մինչ այդ քաղաքապետարանի մոտ դաժանաբար ծեծի էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցները, նրանցից մեկի մոտից հափշտակվել էր ծառայողական զենքը։ Հետո խոսակցություն տարածվեց, որ անկարգության մասնակիցները նպատակ ունեն շարժվել դեպի նախագահի նստավայր։
Որոշ ժամանակ անց ենթասպա Մեսրոպ Պողոսյանը զանգահարեց ինձ և ասաց, որ բոլորն էլ զենքերն ու փամփուշտները ստացել են։ Իմ հարցին նա պատասխանեց, որ ենթասպաներից յուրաքանչյուրը ստացել էր 3 պահունակ փամփուշտ՝ 90 հատ, բացի Եվգենի Կաչակից, որը ստացել էր 2 պահունակ՝ ընդհանուր 90 փամփուշտով։
Ես կարգադրեցի լուսածիրային փամփուշտներ ստացած 16 ենթասպաներից յուրաքանչյուրի համար զինանոցից վերցնել մեկական լիցքավորած պահունակ՝ լուսածիրային փամփուշտներով։ Բացի դրանից՝ ասացի նաև, որ Մեսրոպ Պողոսյանը զինանոցից ստանար և բերեր ջոկատի սպաներին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակները։ Որքանով հիմա հիշում եմ՝ 8 հատ։ Նրանք ստացան զենք-զինամթերքն ու անմիջապես վերադարձան Մաշտոցի պողոտա։ Դա տևեց մոտ 1,5 ժամ։ Զինանոցից դուրս են բերվել 19 միավոր 5,4 մմ տրամաչափի ինքնաձիգեր, որոնցից 3-ի վրա ամրակցված էին հատուկ գլխիկներ անգնդակ փամփուշտներով կրակելու համար, մեկ հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 8 հատ «Մակարով» տեսակի ատրճանակներ։
Ժամը 19։00-ի սահմաններում գնդապետ Գեղամ Պետրոսյանից հրաման ստացա իմ ջոկատի անձնակազմը բարձրացնել Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի հատված։ Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեմքով դեպի Երևանի քաղաքապետարան կանգնելու դիրքում ՈԶ ստորաբաժանումները տեղակայված էին հետևյալ կերպ․ 1032 զորամասի անձնակազմը շարված էր փողոցի աջ հատվածում և մայթի վրա, նրանցից դեպի ձախ շարված էր 1033 զորամասի ստորաբաժանումներից մեկի անձնակազմը։ Ես իմ անձնակազմով փակել էի փողոցի ամենաձախ հատվածը և մայթը։
Իմ ջոկատի հատուկ միջոցներով զինված խումբը տեղակայվեց իմ ընդհանուր անձնակազմի թիկունքում, իսկ հրազենով զինված ենթասպաները շարվեցին ամենահետևում, որպեսզի նրանք անմիջական շփման մեջ չմտնեին անկարգության մասնակիցների հետ։ Դիպուկահար Եվգենի Կաչակն իմ հանձնարարությամբ մշտապես գտնվել է ամենահետևում։ Գրիգոր Գրիգորյանը հրազենով զինված անձնակազմին հրահանգավորեց, որ կարող են կրակել միայն իր կամ գնդապետ Պետրոսյանի անմիջական հրամանով՝ միայն ու միայն օդ, 70-90 աստիճան անկյան տակ։
Տեղում հրահանգավորվեցին նաև հատուկ միջոցներով զինված ենթասպաները։ Նրանք կրակելու, լուսաձայնային և ծխագազային նռնակներ կիրառելու իրավունք ունեին իմ կամ իրենց խմբի ավագի՝ մայոր Մարտիրոս Դավրանյանի հրամանով։
Զաքյան-Լուսավորիչ փողոցների խաչմերուկում 2 հատ ավտոբուսներ կանգնեցվել էին Լուսավորիչ փողոցի երթևեկելի մասին ուղղահայաց, և դրանք բարիկադի դեր էին ծառայում անկարգության մասնակիցների համար։ Պարբերաբար այդ ավտոբուսների հետևից, շենքերի արանքներից ու մուտքերից ինչ-որ մարդիկ էին դուրս գալիս, մոտենում էին մեր զինվորների շարքերին, տարբեր առարկաներ էին նետում զինվորների վրա ու փախչում։
Մոտավորապես ժամը 19։30-ի սահմաններում Զաքյան փողոցի անկյունում կուտակված մարդկանց մոտ կրկին ակտիվություն նկատվեց։ Նրանց միջից 2-3 հոգանոց խմբեր էին առանձնանում, մոտենում էին զինվորների շարասյանը, քարեր, ձողեր, ապակու կտորներ ու այրվող շշեր էին նետում, որից հետո հեռանում էին։
Հրաման տրվեց ամբողջ շարասյունն առաջ տանել՝ դեպի ՌԴ դեսպանատուն և Զաքյան փողոց։ Նույն համաչափությամբ, այսինքն՝ առջևից վահաններով զինվորները, հետևից հատուկ միջոցներով զինվածները և վերջից հրազենով զինվածները, մարտաշարքն առաջ էր շարժվում։ Գնալով՝ անկարգության մասնակիցներն ավելի ագրեսիվ էին դառնում, մեծ քանակությամբ այրվող շշեր էին նետում զինվորների վրա։ Անկարգության մասնակիցները սկսեցին նռնակներ ու այլ պայթող սարքեր գցել մեզ վրա։ Զինվորներին հրաման տրվեց «կրիա» մարտակարգ կազմել, բայց կարճ ժամանակահատվածում 1032 զորամասի անձնակազմի շարքերում մեծ քանակությամբ զինվորներ վիրավորվեցին։ Վիրավորվեց նաև նույն զորամասի հրամանատար Համլետ Մկրտչյանը։ Անկարգության մասնակիցների կողմից սկսվեց հրազեն օգտագործվել։ Արդեն մութ էր, երևում էին կրակոցից առաջացող բոցերը։ Նրանք երբեմն կրակում էին նաև լուսածիրային փամփուշտներով, որոնք նույնպես երևում էին։ Մեր գլխավերևով գնդակներ էին անցնում, որոնց սուլոցները լսվում էին։
Գնդապետ Գեղամ Պետրոսյանը հրաման տվեց հատուկ միջոցներ կիրառել, որպեսզի կարողանայինք դուրս բերել վիրավորներին, և հնարավորություն ստեղծվեր վերակազմավորել վահանաշարը։ Կոնկրետ իմ ջոկատի հատուկ միջոցների կիրառման խմբի ենթասպաները սկսեցին կրակել ԿՍ-23 կարաբիններից և ՍՊՇ ատրճանակներից։ Կրակում էին «Վոլնա-Ռ», «Չերյոմուխա 4 և 7» փամփուշտներով։ Վիրավորները բավականին շատ էին, առջևի շարքերն ամբողջությամբ կազմալուծվել էին։ Մի պահ 1032 զորամասի զինվորների մի մասը ընդհանուր շարքից կտրվեց՝ մնացին առաջին գծում՝ ՌԴ դեսպանատնից մոտ 20 մետր դեպի վերև։ Զաքյան փողոցից զինվորները կատաղի հարձակման էին ենթարկվում։ Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը կարգադրեց վախեցնելու նպատակով օդ կրակել և անկարգության մասնակիցներին հետ մղել, ապահովել անզեն զինվորների նահանջը։ Ես իմ ջոկատի ենթասպաներից մի քանիսի հետ միասին առաջացա, կանգնեցինք զինվորների առաջ, և օդ կրակելու հրաման տվեցի։ Ենթասպաները կարճ կրակահերթերով օդ կրակեցին։ Դա ազդեց անկարգության մասնակիցների վրա, նրանք նահանջեցին և փախան Զաքյան փողոց ու մոտակա այգի։ Զինվորները հնարավորություն ստացան նահանջելու և ընդհանուր զորքին միանալու։ Ես և իմ ենթասպաները նույնպես նահանջեցինք, անցանք վահանաշարի թիկունք։ Կրկին վերսկսվեց գրոհը մեր ուղղությամբ։ Անկարգության մասնակիցները շարունակում էին հրազեն օգտագործել։ Կրակում էին նաև ավտոմատ զենքերից։ Մոտակա շենքերի տանիքներից էլ էին մեզ հարվածում՝ տարբեր առարկաներով։
Նահանջի հրաման տրվեց, զորքն ամբողջությամբ սկսեց հետ շարժվել։ Անկարգության մասնակիցների թիվը գնալով ավելանում էր, ավելի շատ քարեր, ձողեր ու այրվող շշեր էին նետում մեզ վրա, նորից նռնակներ գցեցին զինվորների ուղղությամբ։ Հրաման ստացանք դարձյալ օդ կրակել, որպեսզի կարողանայինք ինչ-որ կերպ սաստել անկարգության մասնակիցներին, նրանց հետ մղել, քանի որ նրանք արդեն համարյա ընդհուպ մոտեցել էին մեր առաջին շարքերին։ Այդ ժամանակ իմ ջոկատի ենթասպաները օդ էին կրակում անգնդակ և լուսածիրային փամփուշտներով; Մտածում էինք, որ դա հոգեբանական ազդեցություն կունենար նրանց վրա։ Որքան էլ տարօրինակ է, բայց նրանք գնալով ավելի ու ավելի ագրեսիվ էին դառնում։ Քանի որ մեր գնդակները լուսածիրային էին, նրանք պարզ տեսնում էին, որ մեր կրակոցները դեպի օդ էին արձակվում և դրանց ուշադրություն չէին դարձնում։ Աստիճանաբար մեր կրակոցները դադարեցին ազդել անկարգության մասնակիցների վրա։
Փորձ արվեց փշալարով փակել Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ մոտավորապես Մաշտոց և Զաքյան փողոցների միջնամասում, սակայն անկարգության մասնակիցները հարձակվեցին փշալարը փռող ոստիկանության ՈՒԱԶ մեքենայի վրա։ Վարորդը մի կերպ կարողացավ դուրս պրծնել։ Նրանք մեքենան հետ վարեցին, և փշալարը չծառայեց իր նպատակին։
Նահանջելով հասանք Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի հատված։ Այդ հատվածը ՈԶ անձնակազմի համար շատ վտանգավոր էր, քանի որ անկարգության մասնակիցների հետ շփման ճակատն ավելի լայնացավ։ Նրանք հարձակվում էին Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Մաշտոցի պողոտայի երկու կողմերից։ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի հատվածում մի քանի մեքենաներ էին այրվում։
2-րդ անգամ փորձ արվեց փշալարով փակել Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասը, սակայն դա էլ չօգնեց։ Անկարգության մասնակիցները տիրեցին նաև այդ մեքենային։
Առավել մեծ թվով կորուստներից խուսափելու նպատակով մենք նահանջելով մտանք Պարոնյան փողոց անկարգության մասնակիցների հետ շփման ճակատը փոքրացնելու համար։ Քանի որ իմ ջոկատի մեքենաների պահպանության համար ես դրանց մոտ զինվորներ էի թողել, հանձնարարեցի, որ ենթասպաներից մի քանիսը գնան մեքենաների մոտ և պարզեն զինվորների վիճակը։ Այդ ժամանակ Մաշտոց-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ շենքի անկյունից մի անգամից մի քանի այրվող շշեր գցեցին մեզ վրա։ Ենթասպաներից մի քանիսն առաջացան դեպի Մաշտոցի պողոտա։ Անվանական չեմ կարող նշել, թե ենթասպաներից ովքեր գնացին, քանի որ բոլորն էլ սաղավարտներով էին։ Վերադառնալուց հետո Մարտիրոս Դավրանյանն ինձ զեկուցեց, որ մեր ջոկատի ծառայողական ՈՒԱԶ և 2 բեռնատար մեքենաները դուրս են եկել այդ տարածքից, իսկ 3-րդ բեռնատարը մնացել էր տեղում։ Այդ մեքենայի վարորդը փախել էր, իսկ մեքենան մնացել էր անկարգության մասնակիցների տրամադրության տակ։ Ավելի ուշ իմացա, որ անկարգության մասնակիցները ծեծի էին ենթարկել շարքային Նարեկ Սալաձորցյանին, որը մի կերպ կարողացել էր փախչել։
Լուսավորիչ, Մաշտոց և հարակից փողոցներում գտնվող անկարգության մասնակիցները կուտակվեցին Պարոնյան փողոցի սկզբնամասում և շարունակում էին հարձակվել մեզ վրա։ Նորից կրակում էին տարբեր զենքերից։
Տվյալ պարագայում պետք էր կասեցնել նրանց հետագա առաջխաղացումը դեպի Պռոշյան փողոց, այնտեղից էլ՝ ՀՀ նախագահի նստավայր։ Միաժամանակ անհրաժեշտ էր նաև հնարավորին չափ զինվորներին հեռացնել անկարգության մասնակիցների հետ անմիջական շփումից։ Այդ նկատառումներից ելնելով՝ մենք նահանջեցինք մինչև Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկ։ Նշեմ, որ տվյալ ամբողջ ժամանակահատվածում մեր ուղղությամբ կրակոցներ էին արձակվում անկարգության մասնակիցների կողմից։ Այլ ելք չկար, զինվորներին պաշտպանելու և փրկելու համար պարբերաբար օդ կրակելու հրաման էր արձակվում իմ կամ գնդապետ Պետրոսյանի կողմից։ Օդ կրակելու հրամանը սկզբում տվել է գեներալ-լեյտենանտ Գ․ Գրիգորյանը։ Դրանից հետո, իրավիճակից ելնելով, ես եմ հրամաններ տվել կրակահերթեր արձակելու համար։ Ներկայումս ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որ պահին, որ հատվածում իմ ջոկատի ենթասպաներից ով և քանի կրակոց է արձակել։ Ավելի ուշ՝ հաջորդ օրը, նրանցից յուրաքանչյուրը զեկուցագիր-հաշվետվություն է ներկայացրել զինանոցից ստացած, կրակած և վերադարձրած փամփուշտների վերաբերյալ։ Ես էլ իմ հերթին այդ մասին զեկուցել եմ հրամանատարությանը։
Ներկայումս գործողությունների հերթականությունն, ըստ կոնկրետ ժամերի, չեմ կարող ասել։ Պարոնյան փողոցից մեզ մոտեցան ՈԶ ջրցան 2 մեքենաներ։ Զինվորների շարքը բացվեց, մեքենաներն առաջացան։ Ջրցան մեքենաների ջրի օգտագործմամբ մենք առաջացանք և հասանք մինչև Պարոնյան փողոցի սկզբնամաս, այսինքն՝ զինվորների առաջին շարքը հասավ մինչև Մաշտոց-Պարոնյան խաչմերուկ, իսկ մեքենաներն ավելի առաջացան, հասան մինչև գետնանցման վերևի բաց տարածքի կենտրոնը։ Այստեղ ոստիկանության մի քանի մեքենաներ էին այրվում, այդ թվում նաև բուժծառայության մեքենան։ Ջրցան մեքենաներին չհաջողվեց ամբողջությամբ մարել դրանք, ջուրը վերջացավ։ Դա նկատելով՝ անկարգության մասնակիցներն անմիջապես առաջ շարժվեցին։ Փաստորեն մեքենաների վարորդների ու նրանում գտնվող անձանց կյանքը վտանգի տակ էր, բացի դրանից՝ անկարգության մասնակիցները կարող էին տիրել ջրցան մեքենաներին։ Ես իմ ջոկատի զինված ենթասպաներին կարգադրեցի ինտենսիվ կրակ բացել օդ։ Նրանցից մի քանիսի հետ առաջացա և մոտեցա մեքենաներին։ Այստեղ ևս կարգադրեցի կրակահերթեր արձակել օդ։ Դրա ազդեցության տակ անկարգության մասնակիցները նահանջեցին, մեքենաները կարողացանք դուրս բերել անվտանգ տարածք։ Կրկին նահանջեցինք մինչև Լեո-Պարոնյան խաչմերուկ։
Այդ ժամանակ անկարգության մասնակիցները փորձ արեցին մեքենաներով գրոհել զինվորների շարքի վրա։ Սկզբում դեպի մեզ սլացավ ոստիկանական ՈՒԱԶ մեքենաներից մեկը, որն անկարգության մասնակիցները գրավել էին փշալարը փռելու ժամանակ։ Այդ մեքենան դեպի մեզ էր գալիս մի տեսակ անհասկանալի ձևով։ Նախ հարվածեց ճամփեզրի քարերին, հետո հարվածեց ծառի կամ սյունի և կանգնեց։ Վարորդն իջավ մեքենայից և փախավ։ Դրանից հետո մեր ուղղությամբ շարժվեցին մեկ ավտոբուս և մեկ բեռնատար մեքենա։ Ավտոբուսը և բեռնատարը կանգնեցվել են ԿՍ-23 կարաբինից «Չերյոմուխա-7» փամփուշտով կրակելու միջոցով։ Մի դեպքում ես եմ Ավետիք Աթաբեկյանին փոխանցել ՈԶ հրամանատարի հրամանը նշանառու կրակ արձակելու մասին։ Հրամայել եմ ուղիղ նշանառությամբ կրակել դիմապակիներին՝ վարորդի կողքը։ Այդ կրակոցից հետո բեռնատարի խցիկը ծխով լցվեց, վարորդն իջավ և փախավ։ Մեր ուղղությամբ շարժվող ավտոբուսի վրա նույնպես հատուկ միջոց է կիրառվել ուղիղ նշանառությամբ։ Կարծեմ՝ կրակողը 1033 զորամասի տղաներից մեկն էր։ Նշեմ նաև, որ մինչև փախչելը ավտոբուսի վարորդը մեր ուղղությամբ վառվող գազի բալոն նետեց։ Դա 3 կամ 5 կիլոգրամանոց բալոն էր։ Այն հանգավ և պայթյուն տեղի չունեցավ։ 2 դեպքում էլ ուղիղ նշանառությամբ հատուկ միջոցներ կիրառելու հրամանները տրվել են Գրիգոր Գրիգորյանի կողմից։
Ժամը մոտավորապես 23։00-ի սահմաններում հրաման ստացանք զինվորին կանգնեցնել Լեո փողոցի միջնամասում։ Ստեղծված իրավիճակում ժամին չեմ նայել, առավել հստակ ժամը չեմ կարող ասել։ Ես մի քանի սպաների ու ենթասպաների հետ կանգնեցի զինվորների առաջ։
Անկարգության մասնակիցները գտնվում էին Պարոնյան փողոցում։ Նրանք Լեո փողոց չմտան, բայց Պարոնյան փողոցի անկյունում պարբերաբար մարդիկ էին հայտնվում, մեր ուղղությամբ առարկաներ էին նետում ու անհետանում էին։ Դեռևս նրանց կողմից կատարված կրակոցների ձայները լսվում էին։
Երբ ես գտնվում էի Լեոյի սկզբնամասում, իմ հետևում նռնակի պայթյուն լսեցի։ Նռնակը պայթեց «Սվին» խանութի մոտ։ Ես շրջվեցի ձայնի ուղղությամբ։ Տեսա, թե ինչպես էին թափվում խանութների ապակիները և կախովի առաստաղը։ Տղաները մոտեցան պայթյունի տեղին։ Ինձ ասացին, որ մարտական նռնակ էր պայթել։ Այդտեղ կանգնած 2 մեքենաները բավականին վնասվել էին բեկորներից, մարմնական վնասվածք էր ստացել 1032 զորամասի սպաներից մեկը։
Դրանից հետո ես հետ գնացի՝ ՈԶ հրամանատարության մոտ, որտեղ մեր բուժծառայության մեքենաներից կար։ Ոտքիս մատները հարվել էին։ Բուժակից յոդ վերցրեցի, քսեցի վերքին ու հետ եկա։ Այդ պահին էլ կրակոց լսվեց։ Զինվորների կանգնած տեղում իրարանցում նկատեցի, օգնության կանչեր էին լսվում։ Շարքում կանգնած զինվորներից մեկը պարանոցի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։ Հետագայում այդ զինվորը մահացավ։
ՈԶ հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կարգադրեցին զինված ենթասպաներին կանգնեցնել զինվորների շարքի առաջ և դիտարկում կատարել։ Նույն պահին կանչեցին նաև դիպուկահար Եվգենի Կաչակին։ Գրիգոր Գրիգորյանը կամ Գեղամ Պետրոսյանը ենթասպա Կաչակին հրաման տվեցին դիտարկում կատարել, զինված մարդ տեսնելու դեպքում նշանառու կրակ բացել, բայց միայն վիրավորել։
Դրանից որոշ ժամանակ անց ես կրակոցի ձայն լսեցի։ Չեմ կարող ասել, թե քանի րոպե անցավ։ Ինձ մոտեցավ ենթասպա Եվգենի Կաչակը և հայտնեց, որ Պարոնյան-Լեո փողոցի անկյունում զինված մարդ էր տեսել, որը զենքն ուղղել էր մեր, այսինքն՝ զորքի ուղղությամբ, Կաչակն էլ կրակել էր նրա վրա։ Եվգենի ասելով՝ նա ոտքից վիրավորել էր այդ անձնավորությանը։ Դրանից հետո ես մարդ ուղարկեցի Կաչակի մատնանշած տեղը, բայց այնտեղ արդեն ոչ ոք չկար։ Այդ մասին ես զեկուցեցի ՈԶ հրամանատար Գրիգոր Գրիգորյանին և շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին։
Մարտի 2-ի առավոտյան ժամը 05։00-06։00-ի սահմաններում տագնապի ավարտ հայտարարվեց։ Անձնակազմը տեղափոխվեց 1001 զորամաս, այնուհետև զենք ստացած ենթասպաները գնացին 1032 զորամաս, հանձնեցին զենքերը և վերադարձան։ Նրանցից յուրաքանչյուրը զեկուցագիր ներկայացրեց իր ստացած և օգտագործած զինամթերքի մասին։ Ես էլ իմ հերթին զեկուցագիր ներկայացրի։
Առաջադրված բանավոր հարցին պատասխանում եմ, որ ՀՀ ՔԶ շտաբի պետի կարգադրությամբ են իմ ջոկատի ենթասպաները հրազեն ստացել։ Հրազենի օգտագործման առաջին հրամանը տվել է գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը։ Դրանից հետո, իրավիճակից ելնելով, ես եմ հրամաններ արձակել։ Այդ օրն իմ ջոկատից 19 ենթասպաներ զինվել են ինքնաձիգերով՝ բոլորն էլ 5,45 մմ տրամաչափի, իսկ դիպուկահարը՝ ՍՎԴ հրացանով՝ 7,62 մմ տրամաչափի։
Ավագ ենթասպա Մեսրոպ Պողոսյանի ստացած 16 պահունակները՝ լիցքավորված 480 փամփուշտներով, չեն օգտագործվել, նույնությամբ վերադարձվել են զինանոց։ Չեն օգտագործվել նաև սպաների հաշվեցուցակային ատրճանակները։ Ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանումներից միայն 1033 զորամասից մի քանի հոգի են հրազեն ունեցել։ Իմ իմանալով՝ քանի որ մենք քիչ քանակությամբ անգնդակ փամփուշտներ ունեինք, նրանց հրամանատարությանը հրաման տրվեց մի քանի հոգու զինել անգնդակ փամփուշտներով։ Թե քանի հոգի և ինչ քանակությամբ փամփուշտ են ստացել, ես տեղյակ չեմ։ Չեմ կարող ասել, թե ով է նրանց ղեկավարել, որ հատվածում են նրանք տեղակայվել, որտեղ են կրակել։ Իմ ջոկատի տղաներից յուրաքանչյուրի կրակոցների վերաբերյալ նույնպես կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև ստեղծված իրավիճակում կրակելու հրամաններն անհատական չեն տրվել։ Ես հրամայել եմ 2, 3, 5 կամ 10 հոգով կրակահերթ արձակել։ Չէի կարող տեսնել, թե ովքեր էին կոնկրետ կրակում։ Նաև չեմ կարող ասել, թե որ հատվածում մոտավորապես քանի անգամ և քանի հոգու են կրակելու հրաման տվել։
Ես հաստատապես համոզված եմ և պնդում եմ, որ իմ ջոկատի տղաները բոլոր կրակոցներն արձակել են զենքերի փողերը 70-90 աստիճանի տակ դեպի օդ ուղղած վիճակում։ Ցանկանում եմ նաև նշել, որ հրազենով զինվածների առաջ գտնվել են հատուկ միջոցներով զինվածները, իսկ նրանցից էլ ավելի առաջ՝ մեր զինվորները։ Հետևաբար բացառվում էր նշածս անկյունից ավելի ներքև պահած վիճակում կրակոց արձակել։
Հարց- Կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել «Չերյոմուխա- 7» տեսակի փամփուշտների գազային նռնակներից, որոնցից 3-ը ստացած վնասվածքներից մահացել են։ Ինչպե՞ս կբացատրեք մարդկանց մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքը, այդ թվում նաև մահացու։
Պատասխան- Ես միանշանակ պնդում եմ, որ իմ ջոկատի հատուկ միջոցների կիրառման խմբի տղաները «Չերյոմուխա- 7» փամփուշտներով մարդկանց վրա ուղիղ նշանառությամբ չեն կրակել։ Դրանում համոզված եմ, որովհետև դասընթացների ու պրակտիկ վարժանքների ժամանակ այդ մասին նրանք տեղեկացվել են, նրանց բացատրվել են մարդկանց վրա ուղիղ նշանառությամբ կրակելու հետևանքները։
Առաջադրված բանավոր հարցին պատասխանում եմ, որ իմ ջոկատի հատուկ միջոցների կիրառման խմբում ընդգրկված տղաների հետ դասընթացներն ու պրակտիկ վարժանքներն անց ենք կացրել ես և Մարտիրոս Դավրանյանը՝ համաձայն ԽՍՀՄ ՆԳ նախարարի 1989թ․ հուլիսի 6-ի համար 127 հրամանի պահանջների։ Բացի դրանից՝ ունենք նաև հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ մեթոդական ձեռնարկ։
Ցուցմունքիս կից ներկայացնում եմ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ վերը նշածս հրամանի պատճենը և ուսումնական ձեռնարկի օրինակը։
Առաջադրված մյուս բանավոր հարցին պատասխանում եմ, որ մարտի 1-ի դրությամբ ջոկատի սպառազինությունում ունեցել ենք 2 միավոր ԿՍ-23 կարաբին։