Լուրեր
Հայաստանը ճկունության անհրաժեշտություն ունի. սա մարտահրավեր է

Ստեփանակերտում սպասվում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Հեղափոխությունից հետո սա Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը կլինի: Նիստը տեղի կունենա բավականին հատկանշական ժամանակաշրջանում, ներքին և արտաքին իրողությունների հանգույցում: Հայաստանում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի գործընթացը, միաժամանակ անվտնագության խորհրդի համատեղ նիստը տեղի կունենա մյունխենյան անվտանգության համաժողովից հետո: Այդ ամենին զուգահեռ Արցախում գործնականում եզրափակիչ փուլ է մտել խորհրդարանի և նախագահի համապետական ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտի 31-ին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը, Աղասի Մարգարյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

Անհրաժեշտ է առանձնացնել և ուշադրություն դարձնել մյունխենյան սկզբունքներին, որոնք վարչապետի ֆեյսբուքյան գրառումով հանրայնացվեցին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ առաջին նիստում, որը տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, փաստացի մադրիդյան սկզբունքները ճանապարհելու նիստն էր. այդ նիստի ընթացքում էր, որ վարչապետը դիմեց համանախագահներին, որ պետք է մեկնաբանել սկզբունքները, որպեսզի տարընթերցման տեղիք չտան: Դա մարտավարական դիմում էր և նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է բանակցել մադրիդյան սկզբունքներով, ինչը Հայաստանի համար կենսական հրամայական է, որովհետև դրանք ծուղակ են և ոչ մի տեղ, քան նոր պատերազմ, դրանք չեն տանելու: Այս համատեքստում հետաքրքիր է, որ երրորդ համատեղ նիստից առաջ և Մյունխենի համաժողովից հետո հրապարակվում են մյունխենյան սկզբունքները… Կովկասում՝ անվտանգության այս կարևոր օղակում, կայունության և թեկուզ հարաբերական խաղաղության երաշխավորը Հայաստանն ու Արցախն են, և մյունխենյան սկզբունքները նաև ուղերձ են միջազգային անվտանգության շահառուներին: Հետաքրքիր է, թե համատեղ նիստում ինչ նոր ազդակներ և ինչ շարունակություն կտեսնենք»:

Աղասի Մարգարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը ինքնին դրական ազդակ են, այս փաստը գնահատելի է, և առաջին նիստից հետո ավանդույթը կարծեք թե շարունակական է դառնում. «Կարծում եմ՝ երրորդ նիստը ամփոփիչ է լինելու, քննարկվելու է այն ամենը, ինչ քննարկվել է Մյունխենում: Շարունակվում է մի պրոցես, որը կարող ենք համարել Հայաստանի և Արցախի ղեկավարների սկզբունքների, դիրքորոշումների, մոտեցումների համադրության և ճշգրտման գործընթաց»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հաշվի առնելով ծավալված բանավեճը, կարելի է ենթադրել, որ մյունխենյան հանդիպումը բազմիմաստ տպավորություն թողեց, Տիգրան Ուլիխանյանը նշեց. «Այդ բանավեճը հետաքրքիր է: Պատմության մեջ առաջին անգամ էր նման ֆորմատով հանդիպում տեղի ունենում: Ներքին փորձագիտական շրջանակների դիտարկմամբ՝ առնվազն այդ ֆորմատի մասով մենք «ճակատամարտը» հաղթել ենք: Ես կառանձնացնեի վարչապետի՝ բազմիցս քննարկված այն թեզը, որ այն, ինչ Ադրբեջանը համարում է տարածքներ, մենք անվանում ենք անվտանգություն, իսկ դա նշանակում է, որ անվտանգության հետ կապված զիջման մասին խոսակցություններն ավելորդ են»:

Հակոբ Բադալյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի տարբերակն ընտրելու շարժառիթը ոչ միայն ՍԴ հարցն է, այլ նաև հանրաքվեն առիթ է արտաքին միջավայրին արձագանքելու ճկունություն ապահովելու համար: «Մենք գիտենք Ռուսաստանի և Թուրքիայի «բարի ավանդույթը»՝ միշտ պայմանավորվել հայկական շահերի հաշվին, սա մարտահրավեր է, և մյունխենյան սկզբունքները և դրանք Արցախի ու Հայաստանի համատեղ նիստում շրջանառելը նաև նշաձող է, որ առնվազն ներկայումս Հայաստանը թույլ չի տա իր շահերի հաշվին պայմանավորվել: Հանրաքվեն կապահովի Հայաստանի ճկունությունը՝ անկախ արդյունքներից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *