Լուրեր
«Ոչ»-ի շտաբ չեն ձևավորում, որովհետև վախենում են ժողովրդի ցասումից․ Ալեքսանդր Խաչատրյան

«Մշակույթը ինչպես որ եղել է ցավալի վիճակում, այդպես էլ կա, իսկ մեր երկրում կատարված փոփոխությունները ռադիկալ են և հուսադրող, բայց առայժմ չենք հասել մշակույթին»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝ հավելելով, որ մենք չունեինք ազգանպաստ ծրագիր, ազգային ռազմավարություն: «Մեզ ազգային ծրագիր է պետք՝ հիմնված մշակույթի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրթությունը կարևոր է, և կրթության հիմքում հենց մշակույթն է:

«Ամեն մեկս մեր ներսում պետք է պայքարենք, ինքնամաքրվենք՝ փորձելով մոտենալ տասը պատվիրաններին»,- նշեց դերասանը: Նա նաև հավելեց, որ մեր ազգային արժեքները վերաիմաստավորելու կարիք կա. «Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, և դրան հենվելով՝ նայենք աշխարհին և մեր ունեցածով մտնենք աշխարհ»:

Ապրիլի 5-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, շատերն այստեղ հասարակությանը «սևերի ու սպիտակների» բաժանման միտում են տեսնում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ալեքսանդր Խաչատրյանը նշեց. «Ես չեմ ուզում ընկնենք ծայրահեղությունների մեջ, իսկ հասարակությանը գունազատել «սևի և սպիտակի», ծայրահեղության մեջ ընկնել է, մենք շատ գույներ ունենք: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա եթե Սահմանադրությունը մեր դեմքն է, Սահմանադրական դատարանն էլ մեր խիղճն է երևի, և մենք պիտի որոշենք՝ մենք խիղճ ունենք, թե ոչ, և եթե ունենք ինչպես է արտահայտվում և ինչպիսին է մեր խիղճը: Ես, իհարկե, կողմ եմ, որ փոփոխություն կատարվի, որ Սահմանադրությունն էլ ունենա այս հեղափոխության ոգին, և հնարավոր լինի իրագործել այն իդեան, որի համար ոտքի ելավ ամբողջ ազգը»:

Ալեքսանդր Խաչատրյանի դիտարկմամբ՝ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորում, որովհետև վախենում են ժողովրդի ցասումից:

Մանրամասն տեսանյութում:

  • Դիտումներ՝ *