Լուրեր
Քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբ չձևավորեց, սա լուրջ ազդակ է ՍԴ անդամներին

Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը: Գուրգեն Մարգարյանի գործը ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է՝ եզրափակիչ փուլում: Կբավարարի՞ ՄԻԵԴ-ը հայցը, և այդպիսով կճանաչվի՞, որ Գուրգեն Մարգարյանը սպանվել է էթնիկ պատկանելության համար, ինչն էլ ուղղակի պատասխանատվության տակ կդնի ոչ միայն մարդասպանին, այլև նրան հերոսացրած պետությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, իրավապաշտպան Կարո Եղնուկյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վլադ Հովհաննիսյանը:

Կարո Եղնուկյանի կարծիքով՝ այս հարցը չպետք է դուրս մնա Արցախյան կոնֆլիկտի նկարագրությունից և ամեն առիթ պետք է օգտագործվի՝ այս հարցին անդրադառնալու համար. «Ինչպես սա, այնպես էլ Թալիշում ծերունիների նկատմամբ տեղի ունեցածը «զենքեր» են, որ պետք է օգտագործել ամեն հանդիպման ընթացքում, որովհետև մեր հակառակորդը լկտի է, բոլոր փաստերը պետք է դնել նրա առաջ»:

«Մինսկի խմբին պետք է հիշեցնել այս մասին, այս օրը ևս մեկ առիթ է ի լուր աշխարհի փաստելու համար, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում գոյություն ունենալ, քանի որ ոչ միայն ինքնորոշման խնդիր կա, այլ նաև ֆիզիկական գոյության: Եվ Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը ևս առիթ է դա փաստելու համար»,- նշեց Վլադ Հովհաննիսյանը:

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունը ոճրագործություն էր ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև հարված էր ՆԱՏՕ-ն. «Այդ արարքը ՆԱՏՕ-ին տապալեց»:

Կարո Եղնուկյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական նշանակություն կարող է ունենալ այս հարցի վերաբերյալ մարտին ակնկալվող ՄԻԵԴ-ի վճիռը՝ Կարո Եղնուկյանը նշեց. «Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ի վճիռը կմատնանշի որ սա ազգային հողի վրա, ատելություն սերմանող ակտ է եղել: Իրավաբանորն դրանից չեն կարող խուսափել: Բնականաբար դա կունենա նաև քաղաքական հետևանքներ, իսկ թե որքանով դրանք կօգտագործեն մեր իշխանությունները, դա արդեն այլ հարց է»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև սահմանադրական փոփոխության հանրաքվեին: Ի պատասխան դիտարկմանը, որ «Ոչ»-ի շտաբ չի ձևավորվում, կարծիք հայտնեցին,  որ քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբ չձևավորելու հանգամանքը լուրջ ազդակ է ՍԴ անդամներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *