Լուրեր
Հրայր Թովմասյանին ասել են չգնաս, դու Հունան Ավետիսյանն ես, մինչև վերջ գնա ու զոհվի
  • 21:40
  • 2020-02-19
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Կուսակցությունն արդեն ունի՞ որոշում հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

– Միանշանակ, մենք մեր «Այո»-ն արդեն տարածել ենք, արդեն այդ մասին երկու-երեք հարցազրույց կա:

– Երբեւէ չեք էլ ունեցե՞լ մտավախություն կամ մտահոգություն, թե ինչու ենք գնում հանրաքվեի եւ ինչ ենք անելու:

– Կուսակցության քաղխորհրդում տեղի է ունեցել քննարկում, որն ընդլայնված նիստով արվեց, եւ որոշում կայացվեց, որ այս գործընթացին մենք միանշանակ պետք է մասնակցենք, եւ որ չմասնակցելը սխալ է… Այս իրավիճակում ՍԴ կազմը պետք է միանշանակ փոխվի: Երեք կուսակցությունները արդար ընտրությունների արդյունքում են ներկայացված ԱԺ-ում եւ ներկայացնում են ամբողջ հանրության քվեն, եւ այդ երեք կուսակցություններն էլ գտնում են, որ ՍԴ կազմը պետք է փոխվի, ընդդիմադիրները փոփոխման մեթոդին են դեմ: Ինձ չի հանդիպել մեկ քաղաքացի, որ դեմ է ՍԴ կազմի փոփոխությանը: Բարդությունն այն է, որ Սահմանադրությունը գրած անձը իր համար այնպիսի պայմաններ է ապահովել, որ մինչեւ 35թ. ինքը պաշտոնավարի:

– Պարզ ասած՝ ինքն իր դեմ որոշում չի կայացնի:

– Այդ անձը մեր աչքերին նայելով՝ ասել է, որ այս սահմանադրական փոփոխությունները երկրում քաղաքական կյանքը ակտիվացնելու, ավելի ժողովրդավար դարձնելու համար է եւ այլն, սակայն իրականում ապահովել է իր անմիջական ղեկավարի երրորդ ժամկետի պաշտոնավարումը եւ դրա դիմաց ստացել է երկարաժամկետ ՍԴ նախագահ լինելու հնարավորությունը:

– Միայն դրա համար հարկավոր է ազատվե՞լ նրանից:

– Եթե մեր ժողովուրդը մեր դատական իշխանության գլխին ուզում է տեսնել մի մարդու, ով ինքն իր շահերից ելնելով՝ մեզ ճիշտ չի ասել, թող գնա ու «Ոչ» ասի: Ես գտնում եմ, որ, այո՛, հենց միայն դրա համար արժի փոխել նրան: Իսկ ընդհանուր առմամբ, ՍԴ ղեկավարին փոխելը բացարձակ անհրաժեշտություն է, որովհետեւ մեր երկրում ժողովուրդը կառավարման մեխանիզմը իրականացնում է երեք հիմնական բուրգերի միջոցով՝ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների միջոցով, եւ երբ այս երեք բուրգերը սերտաճած կոռուպցիոն կամ անձնական շահադիտական նպատակով համագործակցելով, փոխօժանդակելով՝ գնում են անօրինականությունների, հեղափոխություններ են լինում: Եվ հեղափոխության արդյունքում երեք բուրգն էլ պետք է փոխվի, եթե բուրգերից մեկը չի փոխվում, տեղի ունեցածն իշխանափոխություն է… Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն. այդ տրամաբանությամբ պետք է փոխվի նաեւ դատական իշխանությունը… Այս Սահմանադրությունը ի սկզբանե խոցելի ու թույլ է եղել, իրեն չի արդարացրել ո՛չ Սերժ Սարգսյանի համար, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի համար է արդարացնելու… Ժողովրդավարություն հնարավոր է ունենալ, եթե իշխանության բոլոր բուրգերի գործունեությունը փոխկապակցված է, եւ փոխզսպման մեխանիզմներ ունեն: Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի մասին այնպիսի օրենք է ստեղծել, որով ՍԴ-ն որեւէ փոխզսպում չունի: Եթե վարչապետին Ազգային ժողովի 1/3-ով կարող ես անվստահություն հայտնել, ապա ՍԴ-ի համար նման հնարավորություն չի թողել: Սիրելի՛ ժողովուրդ, Ազգային ժողովը որեւէ լծակ չունի, որ այսօր Սահմանադրական դատարանի կազմը կարողանա փոխել: Հիմա նույնիսկ հակաօրինական են համարում այն լծակը, որ տրված է Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածով, որ ժողովուրդը կարող է իր կամքն արտահայտել հանրաքվեների ու քվեարկությունների միջոցով: Եվ հիմա ՍԴ անդամները մտել են «հայրենասերների» կերպարի մեջ:

– Երեկ խոսեց ՍԴ-ի ամենահնաբնակը՝ Ֆելիքս Թոխյանը, եւ հայտնեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա:

– Հարգելով Ֆելիքս Թոխյանին՝ պետք է ասեմ, որ խոսում է ճգնաժամ չլինելու, արդար ու ազնիվ լինելու, հարազատների կորուստ ունենալու հանգամանքի մասին, բայց մենք էլ ենք հարազատների կորուստ ունեցել, մեր հարազատները նստած են եղել, երբ որ մեր տանը խուզարկություն են արել: Երբ որ այդ նույն ՍԴ-ի դիմաց արյան լճակներ էին, իրենք գնում էին ՍԴ դատի ու չէին ասում՝ այ իշխանություն, էս ի՞նչ եք անում, էս մարդիկ մեր մի տարի առաջվա որոշման համար եկել են մեր դուռը, դուք մեր դռանը արյունլվա եք անում այդ ժողովրդին: Իրենք այդ հնարավորությունն ունեցել են ասելու Մարտի 1-ից հետո, բայց որեւէ մեկը չասաց՝ այս ի՞նչ եք անում: Լիովին հակասահմանադրական է, երբ որ զորքը տեղափոխվում ու քաղաք է բերվում, բայց որեւէ մեկը ծպտուն հանե՞ց: Հիմա եկել խոսում են մայրերից, ՍԴ ճգնաժամ լինել-չլինելուց: Իրենց հերոս լինելու ժամանակն այդ ժամանակ էր: Իսկ հիմա իրենք տեսնում են, որ բացի նախկին իշխանություններից, չկա որեւէ քաղաքական ուժ, որը չասի, որ ՍԴ կազմը փոխել է պետք: Այսինքն՝ ՀՀ ժողովրդի քվեն ԱԺ-ում ներկայացնող երեք կուսակցություններն էլ չեն վստահում իրենց եւ ասում են, որ փոխել է պետք, ու իրենք հրաժարական չեն տալիս, եթե հրաժարական տային, այ դա կլիներ ժողովրդի կամքին ընդառաջ գնալ:

– Այսինքն՝ ձեզ համար լիովին հասկանալի է, թե ինչու հենց այս օղակում կազմակերպվեց քաղաքական դիմադրությունը:

– ՍԴ-ն վերջին հենակետն է, որի վրա հույս են դնում նախկին իշխանությունները: Այս առումով ՍԴ-ին դիմելով՝ սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն ունեն նախորդ նախագահները…

– Ի՞նչ եք կարծում՝ միգուցե ՍԴ-ն սպասում է Մարտի մեկի գործով միջամտության հնարավորությա՞նը:

– Հենց խնդիրը դրանում է, ամբողջ ակնարկի հիմքն ու հենքը դրանում է, Ռ. Քոչարյանի 0038 հրամանի սահմանադրականությունը կամ ոչ սահմանադրականությունը քվեարկելու առումով է խնդիրը դրված: Եվ նախկինները, որոնք ունեցել են շատ ավելի մեծ իշխանություն, քան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ասենք՝ Սերժ Սարգսյանը, որ երկրի ղեկավարն էր, ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Նա իր ահռելի լիազորությունները դրեց, գնաց: Հետո ԱԺ 72 ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քվեարկության եւ օրենսդրական նախաձեռնությունների ահռելի իրավունքներ ունեին, տեսականորեն ասացին՝ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք,  մանդատները դրեցին, Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ ու իրենք գնացին: Եվ հիմա ասում են՝ Հրա՛յր, դու չգնաս, դու Հունան Ավետիսյանն ես, գնա՛ ու զոհվի՛: Ու իրենց թվում է, թե արդարադատության խնդիր են լուծում: Այդ խնդիրների լուծման ժամանակն այլ տեղ էր, երբ որ վախենում էիք լուծել, հիմա չեք վախենում, որովհետեւ այս իշխանությունն այդպիսի բաներ չի անում: Այ դրա համար ձեզ այսպես եք պահում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *