Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել է, մահացել է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են: Այդ մասին վկայում են Չինաստանի հիգիենայի և առաողջապահության տարածաշրջանային կոմիտեների հրապարակած տվյալները: Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում է, ևս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում: «Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ է կրում,- մամուլի ասուլիսում նշել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաև ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»:
Ինչպես ավելի վաղ նշել է Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար «Լեյշենշան» մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է առավելակետին և հետագայում վարակման նոր դեպքերի թիվը կնվազի: Նրա խոսքով՝ արդեն մոտ ապագայում հարկ է սպասել իրադրության բարելավում: