Բանավեճը Մյունխենում Հայաստանում խթանեց «հող հանձնելու», այսպես ասած, փոխադարձ մեղադրանքների հավերժական շարժիչի նոր արագություն: Այդ հանգամանքը իհարկե ունի իր դրական կամ հարաբերականորեն էֆեկտիվ կողմերը, սակայն պետք է արձանագրել ընդհանուր առմամբ այն հանգամանքը, որ այդօրինակ «դիսկուրսը» շարունակում է վկայել արցախյան, իսկ դա նշանակում է՝ հայկական պետականության առանցքային, ողնաշարային հարցի առնչությամբ քաղաքական կյանքի սնանկության մասին: Իսկ խնդիրն այն է, որ այդ հարցում մենք պետք է հարստացնենք համաշխարհային օրակարգը, եթե ուզում ենք լինել միջազգային հանրության համար լսելի և ընկալելի: Ու պետք է հարստացնենք ոչ թե փոխադարձ մեղադրանքով կամ, այսպես ասած, պատմաքաղաքական հիմնավորումներով, այլ մեր գաղափարներով, որոնք միտված են ապագային, ունեն տնտեսաքաղաքական լայն բնույթ ու բովանդակություն:
Մյունխենից հետո, օրինակ, հնարավոր է լսել տասնյակ կարծիքներ, թե այս բանը պետք էր ասել այսպես, թե պետք էր բերել այս պատմական կամ իրավական փաստարկը և այլն: Իրականում այն, ինչ տեղի ունեցավ գերմանական քաղաքում, ուներ իհարկե շատ խորքային նշանակություն, քան զուտ դատական պրոցեսը, որտեղ մյուս կողմին պետք էր ներկայացնել անբեկանելի ապացույցներ կամ դատարանին պետք էր բերել այնպիսի փաստարկներ, որ շանս չթողնեին հակառակ կողմին:
Մյունխենի հանդիպումն ու քննարկումը խորքային իմաստով ունեին մի պարզ նշանակություն՝ ով ինչ լեզվով է խոսում աշխարհի հետ: Եվ այստեղ առանցքային է աշխարհի ընկալումը: Եթե մենք աշխարհն ընկալում ենք որպես մի դատարան կամ դատավոր, որը պետք է վճիռ կայացնի՝ մենք ենք ճիշտ, թե ադրբեջանցիները, ապա այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ: Եվ այդ դեպքում իհարկե իրավացի են նրանք, ովքեր ասում են, թե պետք է բերել այս, այս կամ այն փաստարկը, պետք էր հիշատակել այս տարեթիվը կամ այս պատմական որոշումը: Բայց արդյոք արդարացված, հիմնավո՞ր է աշխարհի, միջազգային հանրության ու հարաբերությունների այդ ընկալումը: Արդյոք մենք աշխարհը պե՞տք է դիտարկենք դատավոր: Իսկ աշխարհը, միջազգային հանրությունն ուզո՞ւմ է, որ ընկալվի այդպես, ուզո՞ւմ է կամ ունի՞ դատավոր լինելու հնարավորություն: Այստեղ կան մեծ կասկածներ, հակառակ պարագայում համոզված եղեք՝ մեր վճիռը, նկատի ունեմ ընդհանրապես արցախյան հարցի բոլոր կողմերի, կայացրել էին վաղուց:
Աշխարհը փնտրում է գործընկերներ, ոչ թե ուզում է լինել դատավոր: Եվ միջազգային ընկալումը մեզանում պետք է լինի այդպիսին, այսինքն՝ ոչ թե ապացույցներ ներկայացնել միջազգային խաղացողներին, հանրություններին, որոնք ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ ունեն դրա մեջ խորամուխ լինելու և դրանց ճիշտն ու սխալը տարբերակելու՝ իրենք իրենց ապացույցների ու պատմական իրողությունների մեծ կծիկներն ունեն, այլ ներկայացնել առաջարկներ, գաղափարներ, որոնք կներկայացնեն փոխադարձ հետաքրքրություն, կձևավորեն կամ կամրացնեն փոխադարձ շահերն ու անհրաժեշտությունները: Այստեղ է, որ մենք պետք է լինենք կենսունակ ու մրցունակ:
Ավելին՝ այստեղ է, որ մենք ունենք առավելություն, որովհետև Բաքուն գործնականում ունի լոկ նավթի ու գազի առաջարկ՝ գլխավորապես, իսկ Կովկասը շատ ավելի կարևոր ու առարկայական ռեգիոն է այդ առաջարկներով մրցունակ լինելու համար: Իսկ ավելին կարող է առաջարկել Հայաստանը, և այստեղ անշուշտ պատմությունը, քաղաքակրթական խորքը ունի իր դերը, սակայն բազայի, ոչ թե պատմական ակնարկների կամ դասախոսությունների առումով: Մենք մեր քաղաքակրթական բազայի վրա պետք է կառուցենք մեր ապագայի առաջարկներն աշխարհին: Այսինքն՝ հարցն այն է, թե մենք ինչ լեզվով ենք խոսելու միջազգային հանրության հետ՝ դատարանում մեղադրողի կամ մեղադրվողի՞, թե՞ համաշխարհային կյանքին մասնակցողի:
Այստեղ է, որ Մյունխենի բանավեճում առավելությունը, գուցե ոչ համոզիչ, սակայն Հայաստանի կողմն էր: Եվ միևնույն ժամանակ հենց աշխարհի հետ ապագայի շուրջ հաղորդակցության լեզվի հարցն է, որ Հայաստանում պետք է դառնա հանրային-քաղաքական քննարկումների, գեներացիայի առարկա, ոչ թե այն, թե ով ինչ պատմական գիտելիք ունի: Դրանք հույժ կարևոր են, և իհարկե կան հատուկ հարթակներ, որ անհրաժեշտ են, սակայն մենք խոսում ենք ռազմաքաղաքական լայն հաղորդակցության մասին, մնացյալը դետալներ են այդ համատեքստում: