Լուրեր
Բաքուն պատրաստ չէ խաղաղ լուծման․ Մյունխենյան հանդիպման ուղերձները
  • 12:45
  • 2020-02-18
  • Դիտումներ՝ *

Փետրվարի 15-ին Մյունխենում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը: Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

«Ադրբեջանական մամուլում դրական արձագանքներ են, և Ալիևը այդ հանդիպման արդյունքում հայտարարվում է հերոս»,- նշեց Անուշ Բեղլոյանը՝ հավելելով, որ դա բնորոշ է տոտալիտար երկրներին: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում հնչող բազմազան կարծիքները առաջին հերթին փաստում են մեր հանրության ժողովրդավարականության և հաղորդակցության դաշտի լիբերալիզմի մասին. «Բայց շատ տհաճ է, որ Հայաստանում այս հանդիպման ընթացքը քննադատողները դարձել են ադրբեջանական մամուլի աստղեր, ինչը մտածելու տեղիք է տալիս»:
Ա. Բեղլոյանի դիտարկմամբ՝ մեր երկրի ղեկավարների և Ալիևի միջև կայացած հանդիպումներից այս հանդիպումը տարբերվում է նրանով, որ տեղերը փոխվեցին. «Պատմության մեջ այս անգամ փաստարկներ էր փնտրում Ադրբեջանը»:

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ հանդիպման ձևաչափը նոր էր և այդ առումով հետաքրքիր, իսկ ուղերձներն ուղղված էին և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին, ինչպես նաև միմյանց: Բովանդակության առումով, ըստ միջազգայնագետի, նորություն չկար. «Նոր թեզ, նոր մոտեցում և նոր սկզբունքներ չհնչեցին…Մյունխենյան սկզբունքներ ասելով՝ վարչապետը նկատի չուներ փաստաթուղթ, որը համաձայնեցվել է կողմերի միջև և դրվել շրջանառության մեջ, այլ վարչապետը ներկայացրել է իր ելույթի հիմնական թեզերը: Չեմ կարծում, թե քաղաքականության, մարտավարության կամ ռազմավարության փոփոխություն կա»:

Անուշ Բեղլոյանը հավելեց, որ հանդիպման արդյունքում հստակ դարձավ, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խնդրի խաղաղ լուծման և պատրաստ չէ որևէ զիջման: «ՀՀ վարչապետի հնչեցրած կարևորագույն թեզն այն էր, որ եթե խնդրի լուծումը դիտարկում է որպես ռազմական լուծում, ապա Արցախի ժողոուրդն արդեն տվել է դրա պատասխանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *