Լուրեր
Ճգնաժամը միայն ՍԴ շուրջ չէ. հանրաքվեն շատ լավ նախադեպ է

Այսօր պաշտոնապես մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ։ «Այո»-ի քարոզչական կողմն ու շտաբը ձևավորվել են՝ տարծաքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր՝ թեև արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորելու։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Կարապետ Բադալյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը:

Կարապետ Բադալյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտնում է մի շարք իրավական խնդիրների մասին, սակայն չի պատրաստվում ձևավորել «Ոչ»-ի շտաբ, ընդգծեց, որ ներքին հակասություն է տեսնում. «Եթե իրենք դեմ են, որ գործընթացները բերեն սահմանադրական փոփոխությունների, ապա պետք է «Ոչ»-ի քարոզչություն անեն և համոզեն, որ այս ամբողջ գործընթացը, ինչպես իրենք են ասում, հակաիրավական և հակասահմանադրական է: «Ոչ»-ի շտաբի ձևավորման և քարոզչության համար հանրային ռեսուրսներ են տրվում, որպեսզի քարոզարշավը մրցակցային պայմաններում կայանա, ուստի խորհրդարանական ընդդիմության այս վարքագիծը արդարացված չէ և անհասկանալի է»:

Սոս Ավետիսյանի խոսքով՝ իշխանությունը ընտրում է արժանապատիվ ճանապարհ և նպատակը իրապես անկախ դատական համակարգ ունենալն է: «Գրեթե բոլոր քաղաքական քայլերը սպառվել են… Հանրաքվեով իշխանությունը դիմում է սահմանադրին՝ ժողովրդին: Հանրաքվեն իրավական առումով անխոցելի է և սրանով հստակ հարցադրում է արվում»:

«Մենք գնում ենք իրավական-քաղաքական ճգնաժամի լուծմանը»,- ընդգծեց Կ. Բադալյանը՝ հավելելով, որ ի վերջո սկիզբ կդրվի այնպիսի ՍԴ-ի ձևավորմանը, որն այլևս այսպիսի ճգնաժամային խնդիրների տեղիք չի տա:

Գոռ Հակոբյանն ընդգծեց, որ կան հարցադրումներ, որոնց պատասխանը հստակ չէ, և «Քաղաքացու որոշումը» դեռևս չի կողմնորոշվել՝ հանրաքվեի գործընթացում կսատարի իշխանությանը, թե ոչ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *