Լուրեր
Մարտի 1-ին 10 հոգի գնդակահարած մարդը հանգիստ կարող էր բանակի այս ինքնասպանությունների շղթայի հեղինակը լինել. Սամվել Սևադա

Բանակը մեր հասարակության հայելին է, և բոլոր արատներն այնտեղ խոշորացույցի տակ են երևում, արտացոլվում և դրսևորվում: Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների, սպանությունների շղթան ալեկոծել է հասարակությանը: Հնչում են տարբեր տեսակետներ, և կա կարծիք, որ այս ամենն ուղղորդվում է մեկ կենտրոնից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ արդյո՞ք այս կարծիքը դավադրությունների տեսության շարքից է, թե ունի հիմքեր, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան ընդգծեց, որ չի բացառվում, որ իսկապես այդ ամենը մեկ կենտրոնից է ուղղորդվում. «Ենթադրվում է, որ դա հնարավոր է, որովհետև խիղճը կորցրած մարդիկ, եթե հրապարակում Մարտի 1-ին կարող էին գնդակահարել 10 հոգու, դա էլ կարող են անել, չի բացառվում, որ այդպես է: Գողական, կրիմինալ ենթամշակույթը ոչ միայն բանակում, այլ նաև ամեն քայլափոխի դրսևորվում է մեր ազգաբնակչության մեջ, նույնիսկ փողոցում»:

«Հակաէսթետիկական ապրելակերպն արդեն հոգնեցրել է: Մայրաքաղաքը տնքում է՝ ճնշումը բարձրացել է այնքան, որ երակներն ուղղակի պայթում են»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բանակի հետ կապված աղմկալի դեպքերն արձանագրվում են, սակայն չեն նշվում խնդիրների լուծման ճանապարհները: Ինչպե՞ս հնարավոր կլինի կարգուկանոն հաստատել: Սամվել Սևադայի դիտարկմամբ՝ այսպիսի դրսևորումներ աշխարհի բոլոր բանակներում էլ արձանագրվում են, բայց այն, որ կրիմինալ ոգին կա մեր բանակում, դա ժառանգել ենք խորհրդային տարիներից: «Վերջին 30 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել, «գողական, հարգված» դասակարգը մնացել է, և հիմա ունևորների լակոտներն են «տիրություն» անում մյուսներին, իրենց վատ են պահում, վատություն են անում. բոլորն էլ գիտեն այդ մասին, բայց միայն խոսելով չէ: Կտրուկ միջոցներ պետք է կիրառել, անհրաժեշտ է համակարգային միջոցառումներ ձեռնարկել, որ գոնե նվազի այդ երևույթների դրսևորումը: Վերջին շրջանում այնքան է շատացել այդ ամեն ինչը, որ մարդու սիրտը կասկած է ընկնում…»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հիբրիդային պատերազմ է, համացանցում կառավարությանը, իշխանություններին վատաբանում են, և ցավալին այն է, որ մարդիկ կան, որ հավատում են այդ ամենին:

«Ժողովուրդը, համոզված եմ, հանրաքվեին «այո» է ասելու: Ժողովուրդը պետք է թևութիկունք դառնա իշխանությանը, այլընտրանք չկա»,- ընդգծեց Ս. Սևադան՝ հավելելով, որ չպետք է խնայել, պետք է «մեծ ցախավելով» մաքրվի իշխանությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *