Արաբական Միացյալ Էմիրությունների ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալությունը (FANR) Էմիրություններում Barakah ատոմակայանի առաջին բլոկի գործարկման թույլատրագիր է տվել: Այդ մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ եւ գործակալության տնօրենների խորհրդի փոխղեկավար Համադ ալ-Քաաբին: Մամուլի ասուլիսը վարչության կողմից հեռարձակվել է սոցիալական ցանցում:
«Պաշտոնապես հայտարարում ենք ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկի գործարկման թույլատրագիր տալու մասին: Դա պատմական պահ է ԱՄԷ-ի համար, որը դարձել է տարածաշրջանում ատոմակայան ունեցող առաջին երկիրը»,-ասել է ալ-Քաաբին:
Նա պարզաբանել է, որ թույլատրագիրն ստանալուց հետո Nawah Energy Company ընկերությունը, որը պատասխանատու է կայանի շահագործման համար, կսկսի կայանի նախապատրաստումն առեւտրային աշխատանքին:
Ավելի վաղ ԱՄԷ-ի ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալության գլխավոր տնօրեն Քրիստեր Վիկտորսոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ արաբական աշխարհում առաջին Barakah ատոմակայանը կարող է գործարկվել 2020 թվականի սկզբին այն բանից հետո, երբ գործակալությունը կտրամադրի դրա շահագործման թույլատրագիրը եւ միջուկային վառելիքի բեռնումից հետո: Էմիրությունների՝ չորս ռեակտորով առաջին ԱԷԿ-ը կառուցվում է երկրի արեւմուտքում, Պարսից ծոցի ափին՝ Աբու-Դաբի Էմիրության Ալ-Գարբիա տարածաշրջանում՝ երկրի մայրաքաղաքից 250 կիլոմետր հեռավորությամբ: 25 մլրդ դոլար արժողությամբ էլեկտրակայանի շինարարությունն սկսվել է 2011 թվականին. սպասվում էր, որ 2017 թվականին կայանն արդեն կսկսի էլեկտրաէներգիա արտադրել: