Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է currenttime.tv լրատվական կայքը։
Ակցիան նշանակված էր տեղական ժամանակով ժամը 15։00-ին, սակայն ձերբակալությունները մինչ այդ էին սկսվել։ Հավաքվածները վանկարկում էին․ «Ազատ ընտրություններ» և «Մի ձերբակալեք երիտասարդներին»։
Բողոքի գործողության մեկնարկից առաջ արդեն ոստիկանությունը ձերբակալել էր ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` Արիֆ Հաջիլիին, որը «Մուսավաթ» կուսակցության առաջնորդն է և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Օրվա ընթացքում բերման են ենթարկվել նաև պատգամավորության մի քանի նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:
Բաքվի ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենց գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրել: