Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

Հորդանանը կարող է կամուրջ դառնալ ՀՀ-ի համար դեպի արաբամուսուլմանական աշխարհ և Արևմուտք. Հաշիմյան թագավորի պատմական այցը

Անցած շաբաթվա հայաստանյան ամենակարևոր ու հատկանշական իրադարձություններից մեկը, որը գուցեև պատշաճ ուշադրության չարժանացավ, Հորդանանի (պաշտոնապես՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) թագավոր Աբդալլահ Երկրորդի պաշտոնական այցն էր Հայաստան։ Նա Հայաստան էր ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։

Պատմական այց. Մուհամեդ մարգարեի տոհմակիցը

Աբդալլահ Երկրորդ իբն ալ-Հուսեյն ալ-Հաշիմինա թագավորում է արաբական հնագույն այս երկրում ավելի քան 20 տարի՝ 1999 թ․ փետրվարի 7-ից։ Աբդալլահ Երկրորդը Հաշիմյանների նշանավոր տոհմից է, իսլամի հիմնադիր Մուհամեդ (Մուհամմադ) մարգարեի 41-րդ սերնդից։ Այնպես որ՝ ոչ միայն Աբդալլահ թագավորի այցն էր պատմական, քանի որ առաջինն էր, այլև ի դեմս թագավորի՝ մեր երկիրն, ըստ էության, առնչվեց կենդանի պատմության հետ, այն տոհմի, որի արմատները ժամանակի ու տարածության մեջ տանում են մեզ երկար ճանապարհորդության՝ դեպի հեռավոր 7-րդ դար, երբ Հաշիմյանների տոհմի Քուրայշ ցեղի ներկայացուցիչ Մուհամմադ իբն Աբդալլահը իր նոր ուսմունքն էր տարածում Արաբական թերակղզու նշանավոր Հիջազ երկրամասում՝ Յասրիբ (Մեդինա) և Մեքքա քաղաքներում, որոնք հետագայում հռչակվեցին սրբազան քաղաքներ, իսկ Հիջազը դարձավ իսլամի բնօրրանը։

Հուսեյն իբն Ալի. Մեքքայի շերիֆն ու հայերի պաշտպանը

Բայց պատմությունը, որն ինչ-որ առումով առնչվում է նաև հայությանն ու Հայաստանին, սրանով չի ավարտվում։ Ավելի քան մեկ դար առաջ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, մեր պատմության ամենաողբերգական շրջանում, երբ երիտթուրքական կառավարությունը Արևմտյան Հայաստանի տարածքում և Օսմանյան պետության այլ շրջաններում կազմակերպված իրականացնում էր հայերի բնաջնջման ծրագիրը, և դա արվում էր իսլամական գործոնի ակտիվ գործադրմամբ, հայերի ու մյուս քրիստոնյաների դեմ հայտարարված «ջիհադի»՝ «սրբազան պատերազմի» անվան տակ, իսլամի բնօրրանում այս հավատքի իրական հետևորդներն ու պահապանները տրամագծորեն հակառակ կեցվածք էին ցուցաբերում հայերի դեմ իրականացվող հանցագործության առնչությամբ։ Հորդանանի ներկայիս թագավոր Աբդալլահ Երկրորդի ապուպապը՝ Հուսեյն իբն Ալին, որը Մեքքայի շերիֆն էր, իսկ 1917 թ․-ին իրեն հռչակեց Հիջազի թագավոր, հատուկ հրովարտակով խստորեն դատապարտեց հայերի կոտորածները և արաբ բնակչությանը, բոլոր մուսուլմաններին կոչ արեց պաշտպանել ու պատսպարել հայերին։ 1917 թ.-ին իր որդիներին ուղղված հորդորի մեջ Հուսեյն իբն Ալին ասում է․«Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»:

Հաշիմիների դինաստիան, սակայն, երկար չմնաց Հիջազում․ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրանց այստեղից դուրս մղեց Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, որը վայելում էր բրիտանական կայսրության աջակցությունը և միավորելով Արաբական թերակղզու տարածքները՝ տարիներ անց հիմնեց Սաուդյան Արաբիայի թագավորությունը։ Իսկ Հաշիմյանները, որպես թագավորական ընտանիք, հաստատվեցին Իրաքում և Տրանսհորդանանում (ներկայիս Հորդանանում), որոնց մանդատը հանձնված էր Մեծ Բրիտանիային։ 1921 թ․-ին Տրանսհորդանանի էմիր և կառավարիչ դարձավ Հուսեյն իբն Ալիի որդին՝ Աբդալլահը։ Իսկ երկրի անկախացումից հետո՝ 1946 թ․-ին, նա դարձավ Հորդանանի միապետը։

«Իմ նախապապը հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին»

2020 թ. փետրվարի 11-ին ՀՀ նախագահական նստավայրում ընդունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած մեծարգո հյուրին՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հիշեցրել է վերոնշյալ պատմությունը՝ ասելով․ «Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև բոլորն են հիշում, որ Ձեր նախապապը կոչով է դիմել արաբ ժողովրդին՝ ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: Եվ ես ցանկանում եմ իմ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնել»:

Ի պատասխան երախտիքի խոսք է ասել նաև Աբդալլահ թագավորը: Նա նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Հորդանանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է։ Հայաստանի մայրաքաղաք Երևանը Հաշիմյան թագավորին հիշեցնում է իր սիրելի Հորդանանը, քանի որ այն, լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, միևնույն ժամանակ աշխույժ ու երիտասարդ քաղաք է։ Ու թեև սա իրենց թագավորի առաջին այցն է Հայաստան, հորդանանցի բարձրաստիճան հյուրերը զգում են, որ իրենք ընտանիքում են։

«Մեր ընտանեկան հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Իմ նախապապը, որին Դուք հիշատակեցիք, պարոն նախագահ, հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին, և ապաստան տվեց քրիստոնյա հայ ընտանիքներին: Իմ նախապապը, իմ պապը, ես, օգնելով կարիքավոր ընտանիքներին, հասկացանք, որ դա միակ տարբերակն է: Սա մի պարտականություն է, որը Հորդանանը շարունակում է իրականացնել: Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են: Նրանք պատիվ են բերում մեր երկու երկրներին և կենսական դերակատարում ունեն մեր երկրի արվեստի, կրթության, հանրային ծառայությունների, բիզնեսի և շատ այլ ոլորտներում: Նրանք ձևավորում են այն հիմքը, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ», – ասել է Աբդալլահ Երկրորդը։

Խոսելով հորդանանցի և հայ ժողովուրդների կապերի, Հորդանանի հայ համայնքի դերակատարման մասին՝ թագավորն ասել է, որ հորդանանահայերը իրենց ներդրումն են ունեցել երկրի առաջընթացի և բարգավաճման գործում։ Աբդալլահ Երկրորդը, ով նաև Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է, ընդգծել է, որ Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը, նրանք տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են:

«Հորդանանում Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Սա մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում», – ասել է նա։

Հայ-հորդանանյան հարաբերություններն ակտիվանում են

Նախագահն ու Հորդանանի թագավորը իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը առնչվող առարկայական հարցեր։ Մասնավորապես, նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը։

Հորդանանի թագավորին ՀՀ կառավարությունում հյուրընկալել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Հորդանանը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Փաշինյանի խոսքերով՝ երկկողմ հարաբերություններն ակտիվանում են․ «Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար»:

Հորդանանի միապետն էլ ասել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ, ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Կայունացնող ու կարգավորող. Հայաստանի ու Հորդանանի նմանությունները

Հայաստանն ու Հորդանանը իսկապես շատ նմանություններ ունեն, և դա վերաբերում է ոչ միայն պատմական, քաղաքակրթական, արժեքային ընդհանրություններին, այլև այս երկու հինավուրց երկրների, բայց մյուս կողմից էլ՝ երիտասարդ պետությունների աշխարհաքաղաքական կեցվածքին, դիրքին, դերակատարմանը։ Երկուսն էլ Մեծ Մերձավոր Արևելքի մասն են, երկուսն էլ ապրում ու զարգանում են խիստ անկայուն տարածաշրջանում, բայց կարողանում են պահպանել իրենց ներքին անվտանգությունն ու կայունությունը։ Ավելին, որոշակիորեն կայունացնող ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա։

Հայաստանի և Հորդանանի այս առանձնահատկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ասելով, որ արաբական երկրներից ինքն ամենաշատը Հորդանանի և Հայաստանի միջև է նմանություն տեսնում։ Հայաստանն ու Հորդանանը նման են նրանով, որ երկուսն էլ հին երկրներ են, ունեն հարուստ պատմություն ու մշակույթ, բայց՝ սակավ տնտեսական հնարավորություններ, չունեն հարուստ բնական պաշարներ։ Մեր երկու երկրները նման են նաև իրենց արտաքին քաղաքական սկզբունքներով։

«Հորդանանի դերակատարումը տարածաշրջանում առավելապես հավասարակշռող և կայունացնող է։ Անգամ արաբ-իսրայելական հակամարտության թեժ ժամանակահատվածում Հորդանանը, ունենալով ուղղակի սահման Իսրայելի հետ, ի տարբերություն նույն Սիրիայի, Եգիպտոսի, վարել է ավելի մեղմ և զուսպ քաղաքականություն և փորձել է խնդիրները լուծել քաղաքական եղանակով և հնարավորինս բացառել ռազմական առճակատման հնարավորությունը։ Ներկայում ևս Հորդանանը փորձում է զերծ մնալ տարածաշրջանում ընթացող հակամարտություններից և հնարավորության դեպքում ստանձնել կարգավորողի, միջնորդի, կայունացնողի և հավասարակշռողի դերակատարում։ Նման պարագայում սովորաբար գործադրվում են հատկապես ստվերային ջանքեր, որոնք առերևույթ տեսանելի չեն, բայց պատմության ընթացքում Հորդանանը հաճախ է նման քայլեր արել և համոզված եմ՝ հիմա էլ շարունակում է անել։ Այս իմաստով մեր երկու երկրները բավականաչափ նման են։ Որպես մասնագետ՝ արաբական աշխարհում ամենաշատը նմանություն տեսնում եմ Հայաստանի և Հորդանանի միջև թե՛ տնտեսական հնարավորությունների, թե՛ արտաքին քաղաքականության սկզբունքների մասով և թե՛ այլ ասպեկտներով», – ասաց մասնագետը։

Հորդանանը կարող է օգնել Հայաստանին իր քաղաքական կշռով

Բարձր գնահատելով Հորդանանի թագավորի առաջին այցը մեր երկիր՝ Արմեն Պետրոսյանն ասում է, որ թեև Հայաստանն ու Հորդանանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել դեռևս 1996 թ․-ին, այդուհանդերձ, երկկողմ շփումները շատ պասիվ են եղել։

Հայաստանի տեսանկյունից Հորդանանը հետաքրքիր է մի քանի առումներով։ Առաջին հերթին կարևոր է ու կարող է օգտակար լինել իր քաղաքական կշռով։ Իսկ թագավորության միապետը՝ Աբդալլահ Երկրորդը, իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է: Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հորդանանի հետ հարաբերությունների խորացումը թույլ կտա մեր երկրին օգտագործել թագավորության հնարավորությունները արաբական և մուսուլմանական աշխարհում Հայաստանի համար եղած տարաբնույթ խնդիրները համար։ Օգտագործելով անմիջապես միապետի հետ ջերմ հարաբերությունները, ինչպես նաև հորդանանահայ համայնքի հնարավորությունները՝ կարելի է մտածել դրանք առարկայացնելու մասին։

«Չնայած իր տնտեսական, ռազմական սահմանափակ հնարավորություններին՝ Հորդանանը բավականաչափ բարձր կշիռ ունի արաբական և մուսուլմանական աշխարհում։ Եգիպտոսից հետո երկրորդ պետությունն է, որը 1994 թ․-ին ստորագրել է հաշտության պայմանագիր Իսրայելի հետ, բավական սերտ հարաբերություններ ունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ։ Չմոռանանք, որ Հորդանանի թագավորը Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից է։ Եվ բացի այդ, Հորդանանի միապետերն ավանդաբար հանդիսացել են Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալներ։ Սա հավելյալ կշիռ է հաղորդում այս երկրին։ Բայց տնտեսական առումով, ցավոք, Հորդանանը աչքի չի ընկնում տնտեսական լուրջ հաջողություններով, քանի որ հարուստ չէ բնական պաշարներով։ Բայցևայնպես, հատկապես առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, նաև կրթության ու մշակույթի ոլորտներում հնարավորություններ կան երկկողմ հարաբերություններ զարգացնելու»։

Կամուրջ՝ դեպի արաբամուսուլմանական աշխարհ և Արևմուտք

Տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ինչպես մեր զրուցակիցն է շեշտում, պետք է հաշվի առնել Հորդանանի կապերը Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ և այս երկու երկրների շուկաներ արտոնյալ պայմաններով արտահանում իրականացնելու նրա հնարավորությունները, որոնք կարող են հավելայլ խթան հանդիսանալ հայ-հորդանանյան գործարար շրջանակների համար՝ իրականացնելու համատեղ ծրագրեր։

Չմոռանանք, որ ընդամենը 100 տարի առաջ Հորդանանը անգլիական գաղութ էր, ու եթե Սիրիայում, Լիբանանում այն ժամանակներից մինչև հիմա պահպանվում է ֆրանսիական ազդեցությունը, ֆրանկոֆոնիան, ապա Հորդանանում մեծ է անգլո-ամերիկյան ազդեցությունը: Հաշիմյանների թագավորական ընտանիքը և ընդհանուր պետությունը սերտորեն կապված են արևմտյան աշխարհի, արևմտյան մշակույթի հետ: Հետևաբար, Հաշիմյան Թագավորության հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը կարող է ոչ միայն դարպաս բացել Հայաստանի համար դեպի արաբական և մուսուլմանական աշխարհ, այլև այլընտրանքային ճանապարհ առաջարկել դեպի Արևմուտք:

«Այս երկիրը բավական բարձր կշիռ ունի ոչ միայն արաբական ու մուսուլմանական աշխարհում, այլև Արևմուտքի հետ հարաբերություններում», – ընդգծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Այսպիսով, քաղաքական հարցերից բացի՝ նաև տնտեսական, մշակութային ոլորտներում կան հետաքրքիր ուղղություններ, որոնք Հայաստանն ու Հորդանանը կարող են զարգացնել երկկողմ համագործակցության շրջանակներում։ Բայց դա հնարավոր է անել միայն հետևողական ջանքերի գործադրման և սկզբունքայնության դրսևորման պարագայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում