Վրաստանի փրկարարական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ռուս կնոջ մարմինը, որը լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում մնացել էր ձնահյուսի տակ: Այս մասին հաղորդել է երկրի լեռնադահուկային հանգստավայրերի զարգացման հարցերով ընկերությունը:
«Կին զբոսաշրջիկի մարմինը հայտնաբերվել է, նրա ինքնությունը նույնականացվել է»,- հայտարարել է ընկերությունը:
Ավելի վաղ ընկերությունը հաղորդել է, որ ռուս զբոսաշրջիկների խումբը շաբաթ օրը Գուդաուրիում հայտնվել է ձնահյուսի տակ: Դահուկորդները քշել են արգելված գոտում: Ձնահյուսի տակ են հայտնվել 4 զբոսաշրջիկներ, երեքին հաջողվել է փրկել, իսկ կնոջ որոնումները շարունակվել են ամբողջ շաբաթ օրը, երեկոյան դադարեցվել են որոնումները և վերականգնվել միայն կիրակի առավոտյան: