Լուրեր
Գերմանիայում վարչապետ Փաշինյանը հաստատեց՝ հողերի հարց հայկական կողմը չի քննարկելու
  • 22:00
  • 2020-02-15
  • Դիտումներ՝ *

Եռօրյա աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ինչպիսի՞ն են ձեր ընդհանուր տպավորությունները հանդիպումից և ասուլիսից․ «Առաջին լրատվական»-ի հարցին միջազգայնագետ Նարեկ Մինասյանը պատասխանեց․ «Նախ պետք է ընդգծել այն հանգամանքը, որ այցը և հանդիպումը ինքնին վկայում են քաղաքական հարաբերությունների դինամիկ զարգացման մասին։ Ըստ էության՝ սա արդեն երրորդ նման հանդիպումն էր և, բնականաբար, առաջին հանդիպումները ճանաչողական բնույթ էին կրում, իսկ այժմ արդեն կարելի է հստակ նշել կամ առաջ տանել երկկողմ տնտեսական հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, այս այցն ուներ նաև քաղաքական կարևորություն՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն ու ներքաղաքական գործընթացները միջազգային գործընկերներին թափանցիկ ներկայացնելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, եվրոպական տարբեր երկրներ աջակցում են Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Այս գործընթացում բավական կարևոր է, որ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը հնարավորինս լինեն ընկալելի միջազգային գործընկերների համար։ Միևնույն ժամանակ, քաղաքական կարևորությունը չպետք է սահմանափակել միայն ներքաղաքական գործընթացներով»։

Իսկ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն ասաց․ «Հայ-գերմանական այս երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ օրինաչափ ու բնականոն զարգացման հունում ես կդիտարկեի։ Տեսեք՝ նշվեց քաղաքական կողմի մասին։ Հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի, ավելի շատ կարևորեց տնտեսական բաղադրիչը, և Հայաստանը Գերմանիայում ոչ միայն ասելիք, այլ նաև անելիք ունի։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է առաջիկայում Թումո տեխնոլոգիական կենտրոնի բացմանը։ Իսկ ինչ վերաբերում է գերմանական կողմին, ապա կանցլերն իր խոսքում շատ նրբորեն անդրադարձ կատարեց արցախյան խնդրին, որը, բնականաբար, քաղաքական օրակարգ է, և դա նաև որոշակի կարևորություն է հաղորդում հայ-գերմանական հարաբերություններում արցախյան խնդրի պրոյեկցիայի տեսանկյունից»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *