Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ընթանում են 400 մետր երկարությամբ պատի շինարարական աշխատանքները, որի նպատակը քաղաքի ետնախորշերի արգելափակումն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ, հաղորդում է Reuters-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ պատը կառուցվում է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տարածքի բարեկարգման համար:
Սակայն, պետության պատվերով պատի շինարարությունն իրականացնող կապալառուն այլ կերպ է նկարագրել նպատակները. արգելապատնեշը կկառուցվի օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհի երկայնքով, որով Թրամփը կուղևորվի հանդիպելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Նա հայտնել է, որ բանվորներն աշխատում են շուրջօրյա՝ նախքան ամերիկացի առաջնորդի Հնդկաստան ժամանելը շինարարությունն ավարտելու համար: Ճանապարհի երկայնքով տեղակայված ետնախորշերում մոտ 800 աղքատ ընտանիք է ապրում: