Լուրեր
Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ սա Հայաստանի ուժի ցուցադրությունն է

Ապրիլի 9-ին տեղի ունենալիք հանրաքվեն Հայաստանի ներքաղաքական դաշտում բնականաբար հանգեցնելու է դիրքային փոփոխությունների, որոնք չեն ունենա այնպիսի անմիջական արտացոլում, ինչպիսին խորհրդարանական ընտրությունների պարագայում, սակայն, թերևս, կնշանավորեն ստորջրյա զարգացումներ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Հենց այդ համգամանքով է կարևորվում, թե ովքեր կզբաղեցնեն «Այո»-ի և «Ոչ»-ի տիրույթները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ «Ոչ»-ի ճամբարին հարող քաղաքական ուժերի համար որոշակի բարդություններ կան, որովհետև հանրաքվեի որոշումը ստիպում է դիրքավորվել քաղաքական որոշակի պատասխանատվության տիրույթում. ««Ոչ»-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցում բոլորը կարկամում են, քաղաքական իմաստով «Ոչ»-ի շտաբ չի ձևավորվում, այդ ճամբարում իշխանության դեմ հակաքարոզչություն է, և թեև ասում են, որ հանրաքվեն կտապալվի, բայց որևէ մեկը բաց ռիսկի չի գնում»:

Հանրաքվեն, որպես քաղաքական գործընթաց, Հակոբ Բադալյանի դիտարկմամբ, ուժի ցուցադրություն է՝ Հայաստանի ուժի ցուցադրություն՝ լավ իմաստով, անկախ արդյունքից: «Ես այստեղ տեսնում եմ բավական էական շարժառիթներ ոչ այնքան ներքին, որքան արտաքին դաշտում տեղի ունեցող զարգացումների համատեքստում»,- նշեց վերլուծաբանը:

Սերոբ Անտինյանի խոսքով՝ գործ ունենք անավարտ հեղափոխության, անավարտ հեղափոխական գործընթացների հետ, որոնք այժմ թևակոխել են «իրավական» տիրույթ. «Հանրաքվեն կամարտահայտություն է, որը որքան քաղաքական, այնքան էլ իրավական գործընթաց է: Ես սա կհամարեի ոչ թե Սահմանադրության հանրաքվե, այլ հեղփոխության հանրաքվե: Դատական իշխանությունը մնում է նախկին համակարգի տրամաբանության մեջ, այս առումով հեղափոխությունն անավարտ է, այն պետք է ավարտվի, և դատական իշխանությունը պետք է փոփոխվի հանրաքվեի ճանապարհով: Հանարաքվեն ցույց է տալու նաև հեղափոխության շարունակականությունը՝ այսինքն՝ թե հասարակությունը որքանով է վճռական շարունակել և ավարտին հասցնել հեղափոխական գործընթացները: Հեղափոխությունը մաքուր քաղաքական գործընթաց է, դեռևս գործ ունենք այդ գործընթացի շարունակության հետ. փորձ է արվում հեղափոխության չավարտված մասը ավարտին հասցնել իրավական մեխանիզմներով, այդուհանդերձ, հանրաքվեն քաղաքական բովանդակություն ունի»:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ դատական իշխանությանը հնարավորություն էր տրվել հարմարվելու և վերափոխվելու նոր ժամանակներին համապատասխան և ծառայելու ոչ թե գործող կամ որևէ այլ իշխանություններին, այլ ծառայելու ժողորդին, Սահմանադրությանը և դատական օրենսդրությանը:  «Մենք յոթ կամ մեկ անձի փոփոխության խնդիր չենք դնում, այլ ըստ էության, հեղափոխական տրամաբանությամբ, ժողովուրդը պետք է որոշում կայացնի նաև Սահմանադրության վերաբերյալ»,- նշեց պատգամավորը: Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ հանարաքվեն թեև իրավական առումով ամենախոցելին է, սակայն ամենաճիշտ և ժողովրդավարական ճանապարհն է:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ «Ոչ»-ի ճամբար չձևավորվելը խնդիրներ առաջացնի՝ կապված հանրաքվեի լեգիտիմության հետ, Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ հանրաքվեն լեգիտիմության խնդիր չի ունենա:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *