Լուրեր
Իրավիճակ է հասունացվում. Հայաստանի և Արցախի նախկին ու ներկա էլիտաների միջև կարող է տեղի ունենալ բախում
  • 13:00
  • 2020-02-13
  • Դիտումներ՝ *

Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ բանակցությունների առանցքում, քանի որ չեն փոխարինվել որևիցե այլ փաստաթղթով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ անհրաժեշտություն կա հստակեցնել Մադրիդյան սկզբունքները, քանի որ Մադրիդյան սկզբունքներ ասելով, ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, Հայաստանը և Ադրբեջանը բացարձակ այլ բան են հասկանում, Արման Մելիքյանը նշեց. «Վարչապետ Փաշինյանի ակնկալած պարզաբանումները դեռևս տրված չեն: Ամեն դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել: Պաշտոնական Երևանը հրաժարվել է բանակցային սեղանի շուրջ ներկայացնել արցախահայությանը և Արցախի իշխանություններին: 98-ից սկսած՝ պաշտոնական Երևանը փոխարինել էր Ստեփանակերտին, ՀՀ ներկայացուցիչները հանդես էին գալիս նաև Արցախի անունից և պաշտպանում Արցախի շահերը: Գուցե դա արվել է, երբ ինչ-որ խոստումներ են եղել և թվացել է, թե Ադրբեջանը պատրաստ է գնալ ակնկալվող զիջումների, բայց դա տեղի չի ունեցել: Եվ ավանսով արված զիջումը, ընդառաջ քայլը, որ արել էր Հայաստանի Հանրապետությունը՝ բանակցային սեղանի շուրջ մենակ մնալով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ, անպատասխան է մնացել: Եվ այժմ ՀՀ-ի և Արցախի ներկայացուցիչները ազատ են՝ գործելու այնպես, ինչպես թելադրում է պետական շահը: Մեծ հաշվով՝ դա նաև տարածաշրջանային խաղաղության հրամայական է»:

Արման Մելիքյանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ: «Սա դրական քայլ կլինի և միանգամայն իրագործելի է: Քայլեր պետք է նախապատրաստել, որոնք կապահովեն Արցախի մուտքը բանակցային գործընթաց՝ որպես իրավահավասար և համապատասխան լիազորություններով օժտված կողմ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արցախը պետք է գիտակցի, թե ինչ ներդրումով է մտնելու բանակցությունների մեջ, ինչ կառուցողական առաջարկներ և ինչ պահանջներ է ներկայացնելու: «Այս տեսանկյունից՝ պաշտոնական Ստեփանակերտը նույնպես պետք է նախապատրաստվի բանակցությունների գործընթացին»:

Մանրամասն տեսանյութում:

  • Դիտումներ՝ *