«Վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանում է, թե ինչու է տարբեր մարզերում իր կողմից «ձեռքի հետ» Հանրապետական կուսակցության անդամատոմսերի բաժանումը և կուսակցական գործունեությամբ զբաղվելը դիտարկվում որպես պաշտոնական դիրքի չարաշահում»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
Քր. օրենսգրքի տեսանկյունից դա, իհարկե, պաշտոնական դիրքի չարաշահում չէ: Բայց դա չարաշահում է բարոյականության, էթիկայի տեսանկյունից: Եվ վարչապետը, որը պետական կառավարման առողջացման մասին խոսելիս, որպես փրկօղակ, կառչում է «Հանրային ծառայության մասին» օրենքից, չի կարող չիմանալ այս տարրական իրողությունը:
Իբրև բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ այդ օրենքով սահմանված էթիկայի նորմերով նա առնվազն պարտավոր է «բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները…»:
Եթե վարչապետի համար սովորական բան է աշխատանքային պարտականություններին զուգահեռ կուսակցական քարոզչությամբ զբաղվելը, ապա ինչ սպասել նրա այն ենթակա պաշտոնյաներից, ովքեր պաշտոնական դիրքն օգտագործելով փորձում են մասսայաբար կուսակցականացնել պետական ապարատի իրենց վստահված հատվածը: Այս դեպքում են ասում՝ «վատ օրինակը վարակիչ է, իսկ ղեկավարինը՝ կրկնակի»: